Մեկնաբանություն

06.07.2015 09:55


Լիսկան ու ֆոտոռոբոտը

Լիսկան ու ֆոտոռոբոտը

Թեև Սյունիքի վերանշանակյալ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին սպասարկող «Lexus»–ի վրա փամփուշտների թողած հետքերին նայելիս հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Լիսկայի դեմ ոչ թե մահափորձ է կազմակերվել, այլ մահափորձի բեմադրություն, բայց հիմա մեզ այլ բան են ուզում ապացուցել։

Պարզվում է, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրոք մահափորձ էր կազմակերպվել։ Համենայնդեպս, Հայաստանի իրավապահները մի քանի կասկածյալների են ձերբակալել ու ինչ–որ մեկի ֆոտոռոբոտն են տարածել, ում կասկածում են սպանության փորձի մեջ։

Իրավապահների հայտնած լուրը սպանության փորձի ու կասկածյալների մասով, անկեղծ ասած, հակասական զգացողություններ է առաջացնում։

Մի կողմից չես կարողանում հավատալ, որ մոտ 20 փամփուշտ է արձակվել ավտոմեքենայի դիմապակուն, ու ներսում գտնվողների սանրվածքի վրա անգամ այդ կրակոցները չեն ազդել։ Մյուս կողմից էլ՝ ուզում ես հավատալ, որ Հայաստանում ու մասնավորապես Սյունիքում ապրողների մեջ, ինչպես իմ լավ բարեկամներից մեկն է դիպուկ նկատել, դեռ կա բռնությանը դիմադրելու բնական իրավունքի իրացման և իշխանության վերին օղակի կողմից հովանավորվող ամենաթողության դեմն առնելու ցանկությունը։

Եթե առաջին տարբերակն է, ապա պետք չէ շոու կազմակերպել. ֆոտոռոբոտի փոխարեն թող իրավապահները քննեն Լիսկային։ Իսկ եթե երկրորդ տարբերակն է, և, այդուհանդերձ, Լիսկայի հարցերն ուզեցել են լուծել, նշանակում է՝ տարածվող ֆոտոռոբոտն արժանապատվություն ունեցող մարդկանց հավաքական կերպար է։ Արժանապատվություն ունեցող, բայց կրակել չիմացող։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը