Հարցազրույց

12.11.2009 16:13


Միքայել Հայրապետյան.

Միքայել Հայրապետյան.

Հարցազրույց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ակտիվի ժողովի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մասնավորապես, հայ-թուրքական ներկայիս գործընթացի և ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ձեր դիրքորոշումները համընկնո՞ւմ են նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթներին։ Եթե ոչ, ապա ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

-Դա կշռադատված ելույթ էր, որի դրույթներին հայ պահպանողականներս համաձայն ենք: Ավելին, մեզ առավել կարևոր ու հոգեհարազատ էր այն խորքային էմոցիոնալ շերտը, որ առկա էր ենթատեքստում:

-Հաշվի առնելով, որ նոյեմբերի 11-ին Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է, կարելի՞ է ասել, որ Լ. Տեր-Պետրոսյանը դեմ է ոչ թե Հայաստան-Թուրքիա ամբողջ արձանագրությանը, այլ՝ միմիայն հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետին։

-Կարծում եմ՝ կարելի է: Պահպանողականներս առավել վտանգավոր ենք համարում «երկկողմ» և «բազմակողմ» պայմնագրերը վերահաստատելու մասին արձանագրության դրույթը, քանի որ դա անպատեհ է և համընկնում է Հայաստանի ներկա թույլ վիճակի շրջանին:

-Ինչո՞ւ Լ. Տեր-Պետրոսյանն այդպես էլ հստակ «ո՛չ» չի ասում արձանագրություններին և ՀՀ ԱԺ-ին ու քաղաքական ուժերին կոչ չի անում չվավերացնել դրանք։

-Հենց այդպիսի ենթատեքստերն ի նկատի ունեի վերևում: Կարծում եմ՝ հստակ «ո՛չ» չի ասվում՝ արյունոտ փորձության չենթարկելու համար մեր պետությունը։ Իսկ այդպիսի փորձության տանելու լիակատար ազատություն ստացել է ներկա ոչ լեգիտիմ, արյունարբու և դրածո վարչախումբը:

-Լ. Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, թե «Ո՛չ մի թիզ հող», «Ո՛չ մի զիջում»  կարգախոսները քաղաքական դիրքորոշում չեն և հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջև կանգնեցնելու վտանգով։ Դուք այս տեսակետին համամի՞տ եք ։

-Ներկա միջազգային, աշխարհաքաղաքական և ներազգային դասավորությունների պարագայում՝ միարժեքորեն համամիտ եմ:

-Նրա ելույթի վերջին հատվածը՝ կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված փառամոլ և իշխանատենչ հոգևորականի մասին, տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։ Դուք ինչպե՞ս եք դա հասկացել։ Կա տեսակետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատմական համեմատությունն անցկացնելով, Սերժ Սարգսյանին առաջարկում է շարունակել մնալ նախագահ, եթե նրա ուզածը հենց դա է, ինչպես որ հոգևորականի ուզածը կաթողիկոս դառնալն էր, և պատրաստ է այդ հարցում Սարգսյանին աջակցել։ Համաձա՞յն եք այդ մեկնաբանությունների հետ։

-Հիմնադիր-նախագահի մտքի հմայքը հենց դա է, երբ նրա խոսքը կարող է տարաշերտ մեկնաբանումների առիթ դառնալ: Ցանկության դեպքում այդ կարելի է, ի թիվս այլոց, նաև ուղերձ ընկալել ոչընտիր Ս. Սարգսյանին: Սակայն, ըստ իս, նախագահի պատմական այդ էքսկուրսն ավելի կարևոր ուղերձներ է պարունակում, որոնց էությունը կերևակվի առաջիկայում, ինչի մասին, Ձեր թույլտվությամբ, առայժմ կլռեմ:

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը