Տնտեսական

15.07.2015 16:53


Կառավարությունը կրճատեց «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքը

Կառավարությունը կրճատեց «Արևիկ» ազգային պարկի և «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքը

ՀՀ կառավարությունը 2015թ. հուլիսի 2-ին ընդունեց 731-Ն որոշումը, որով փաստացի 630.6541 հեկտարով կրճատված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքը «Արևիկ» ազգային պարկի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի հաշվին: Այս մասին հայտնում է ԷկոԼուր–ը՝ հավելելով.

«Եթե համեմատենք «Արևիկ» ազգային պարկի նոր և հին տարածքները, ապա կառավարության ներկայիս որոշմամբ տարածքը կրճատվել է 471.61 հեկտարով: Եթե 2009թ-ին «Արևիկ» ազգային պարկի ստեղծման մասին որոշմամբ պարկի տարածքը կազմում էր 34410.80 հեկտար, ապա փոփոխությունների արդյունքում այն կկազմի 33939.19 հեկտար: «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքն էլ կրճատվել է 159.0441 հեկտարով. 25870.64 հեկտարի փոխարեն նոր որոշմամբ այն կազմում է 25711.5959 հեկտար:

«Արևիկ» ազգային պարկը ստեղծվել է Սյունիքի մարզի (Մեղրու տարածաշրջան) Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին` Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազաններում` Մեղրիի անտառատնտեսության և «Բողաքար» արգելավայրի բազայի վրա։ Այն ընդգրկում է Մեղրի գետի ջրհավաք ավազանի վերին, միջին հատվածները` Տաշտուն գյուղից մինչև Լեհվազի և Վահրավարի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի վրա գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով։

«Զանգեզուր» պետական արգելավայրը ընդգրկում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը և նրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատի լեռնաշղթայի ձորակների տարածքները:

Վերջին 4 տարիների ընթացքում «Արևիկ» ազգային պարկը ենթարկվեց հանքարդյունաբերական ընկերությունների ներխուժման: Միայն Տաշտուն համայնքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույլտվություն է ստացել «Սթորթրանս» ընկերությունը, իսկ հայ-ռուսական «Ատ մետալս» ընկերություն արդեն ունի բոլոր թույլատրող փաստաթղթերը Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար, որը խորհրդային ժամանակաշրջանի ուրանային գիտարշավի տվյալներով կարող է պարունակել նաև ուրան: Լեհվազ համայնքի տարածքը նույնպես օգտագործվում է հանքարդյունաբերական աշխատանքների համար:

Իսկ «Զանգեզուր» պետական արգելավայրում ակտիվացել է փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացը: «Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը եւ «Քաջարանց» ՓՀԷԿ-երի կառուցումը արգելավայրի տարածքում»:

Մանրամասները՝ ԷկոԼուր–ում։

Այս խորագրի վերջին նյութերը