Տնտեսական

04.02.2011 13:03


Ո՞վ է խաբում ազատանցիներին

Ո՞վ է խաբում ազատանցիներին

Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակիչները դիմում են պատրաստում, ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի ուղարկեն ՀՀ պաշտպանության նախարարություն: Պատճառը երկու տարի առաջ' 2009թ., պաշտպանության նախարարության կարիքների համար ձեռքբերված կարտոֆիլի դիմաց վճարումներն ուշացնելն է: Կարտոֆիլը վաճառվել է մեկ կգ-ը 30 դրամով: Առայժմ ազատանցիները 3 մլն դրամ ունեն ստանալու, սակայն չգիտեն՝ ումից պահանջեն իրենց գումարները:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ասում են, որ իրենք կարտոֆիլը գնել են միջնորդների միջոցով և գումարն ամբողջովին փոխանցել են: Իսկ միջնորդ կողմն էլ հավաստիացնում է, որ իրենք գումարներ չեն ստացել, և երբ պաշտպանության նախարարությունից վճարումները կատարվեն, իրենք ազատանցիներին իրենց պարտքը կվճարեն:

Ազատան համայնքի  բնակիչ Արմենակ Ենգոյանը մեկն է այն գյուղատնտեսներից, ովքեր կարտոֆիլ են վաճառել պաշտպանության նախարարությանը.

-30 տոննա կարտոֆիլ են գնել, սկզբում խոսացել էինք 30 դրամով, հետո  30-ը դառավ  25 դրամ: Ընդհանուրը կազմում էր 750 հազ. դրամ, մինչև օրս 360 հազ. դրամ պարտք են:

Ընդհանուր հաշվով, Ազատանից 2 հազ. տոննա կարտոֆիլ է վաճառվել, որի գումարները մինչև հիմա ամբողջությամբ չեն ստացվել:

Ազատանի համայնքապետի խոսքերով՝ խնդրով զաբղվում են փոխվարչապետի և նախարարի մակարդակով, և իրենց պաշտոնապես տեղեկացրել են, որ պաշտպանության նախարարությունը գումարները վճարել է։

-Պաշտոնապես եմ ասում. գրավոր մեզ տեղեկացրել են, որ իրականում մատակարարներն են խաբել, այլ ոչ թե պաշտպանության նախարարությունը,-տեղեկացրել է Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

Նշենք, որ միջնորդ մատակարար ընկերությունն ընտրվում է մրցույթով, հենց նախարարության կողմից: Իսկ ընտրված ընկերություններն էլ իրենց հերթին միջնորդների օգնությամբ են աշխատում, և հենց այս շղթայում էլ կորել են ազատանցիների գումարները: Պարզվում է, որ պաշտպանության նախարարության համար շատ դժվար է այս շղթայում պարզել, թե ո՞վ է ի վերջո յուրացրել ազատանցիները գումարները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը