Մեկնաբանություն

21.07.2015 12:40


Հակասերժական քարոզչության առանձնահատկությունները

Հակասերժական քարոզչության առանձնահատկությունները

Իշխանությունների վարած քարոզչությունը շատ «նուրբ» է։

Սրանք որոշել են սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզել Սերժ Սարգսյանի դեմ խոսելով։ Տեխնոլոգիական առումով դա, իհարկե, ճիշտ մոտեցում է, բայց անհարմար բան է ստացվում։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ քարոզչական արշավը գլխավորում է ... Սերժ Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ապա ինքը չի հավակնի վարչապետի աթոռին։ Բացի այդ, նաև ասել էր, որ եթե գործող համակարգը մնա, ապա ինքը չի առաջադրվի նախագահի թեկնածու։ Օրերս էլ Դավիթ Հարությունյանի շուրթերով փոխանցել է, որ ինքը չի ուզում նաև ԱԺ նախագահ լինել։

Եթե «թարգմանենք» այս հայտարարությունները, ապա Սերժ Սարգսյանի «մեսիջների» իմաստը կդառնա հետևյալը. «Ժողովո՛ւրդ ջան, ես գիտեմ, որ ունեմ լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակ, գիտեմ, որ ինձ, մեղմ ասած, չեք ընդունում, ու նաև գիտեմ, որ իմ հեռանալու օրերն եք հաշվում։ Ես հեռանում եմ, բայց խնդրում եմ՝ կողմ քվեարկեք իմ առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագծին»։

Նկատենք, որ նմանատիպ քարոզն ընտրակեղծիքներով տոկոս «խփելու» մասին ինքնախոստովանական ցուցմունք է։

Բա եթե ԿԸՀ–ի տվյալներով ՀՀ քաղաքացիները ՀՀԿ–ի հանդեպ սիրուց ուղղակի ուշագնաց են լինում, իսկ առանց Սերժ Սարգսյանի էլ՝ իրենց կյանքը չեն պատկերացնում, ապա ինչո՞ւ է ՀՀԿ ղեկավարը համոզված, որ եթե ինքն ասի, թե հեռանալու է, և պաշտոն չի զբաղեցնելու, ապա հայ ժողովուրդը կուրախանա։

Գաղտնիք չէ, իհարկե, որ ընտրությունները կեղծվել են։ Հետաքրքրականն այդ կեղծիքների մասին Սերժ Սարգսյանի ու իր թիմակիցների խոստովանությունն է։

Պարզապես ծիծաղելի է հետևելը, թե ինչպես են ՀՀԿ–ականները և «անկախ» փորձագետները վատաբանում Սարգսյանին, որպեսզի կարողանան «սղացնել» նրա օգտին արվող սահմանադրական փոփոխությունը։ Սա երևի պատմական նախադեպ չունեցող մի բան է։

Այդ մարդը գիտի, որ ատելի է հանրության համար, և այդ մեկնակետից ելնելով է կառուցում իր քարոզչությունը։ Սարսափելի բան է։

Այդ մարդը նաև գիտի, որ պետք է ձգտի իշխանությունը պահել՝ հնարավորինս չերևալով հանրության աչքերին։ Գիտի ու այդ իսկ պատճառով էլ խուճուճ Սահմանադրություն է գրել, որպեսզի ստվերային կառավարում իրականացնի՝ ունենալով անսահմանափակ լիազորություններ և զրո պատասխանատվություն։ Նողկալի բան է։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը