Հարցազրույց

24.07.2015 14:26


Դավիթ Հովհաննիսյան. «Լուրջ նախադրյալներ կան լայն հասարակական մոբիլիզացիա ապահովելու համար»

Դավիթ Հովհաննիսյան. «Լուրջ նախադրյալներ կան լայն հասարակական մոբիլիզացիա ապահովելու համար»
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Zham.am»-ի հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրության հանրաքվեի դեմ պայքարին, հասարակության մոբիլիզացիային, դրա շուրջ ձևավորվող պայքարի միջոցներին և այլ հարցերի:

-Դուք հանդիսանում եք «Չեք անցկացնի» նախաձեռնության հիմնադիրներից մեկը և դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել էիք սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի մասին: Ինչո՞վ է պայմանավորված պայքարի անհրաժեշտությունը սահմանադրական փոփոխությունների դեմ:

-Մեր նախաձեռնությունը սկսել ենք անցած տարի, երբ իշխանությունն արդեն հրապարակել էր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Ըստ էության, այն, ինչ պատրաստվում է անել Սերժ Սարգսյանը, սահմանադրական «հեղաշրջում» է. ցանկություն՝ հավերժացնել իշխանությունն իրենց ձեռքում: «Չեք անցկացնի» նախաձեռնութունը ստեղծվել է իշխանության այդ ցանկության դեմ պայքարելու համար:

-Մեկ տարի է անցել, այսինքն՝ Սերժ Սարգսյանին չի հաջողվել համոզել, վստահեցնել ժողովրդին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են հանուն Հայաստանի հետագա զարգացման ու բարեկեցության:

-Սերժ Սարգսյանը ոչ ոքի չէր կարող համոզել, ոչ ոք չի էլ համոզվել: Այս պահին ես տեսնում եմ աննախադեպ հասարակական մոբիլիզացիա՝ ընդդեմ այդ փոփոխությունների: Մարդիկ, նույնիսկ առանց կարդալու ու խորանալու տեքստի մեջ, հասկանում են, որ այս փոփոխություններն արվում են վերարտադրության նպատակով, այլ ոչ թե մարդու իրավունքների ինստիտուտի պաշտպանվածության կամ հօգուտ երկրի: Ժողովրդի այդ ընդհանուր դիրքորոշումը ես տեսնում եմ թե՛ «Ֆեյսբուքում», թե՛ մեր քննարկումների ժամանակ, թե՛ ընդհանրապես: Ես կարող եմ ձեզ ասել, որ «Չեք անցկացնի» նախաձեռնությունն անցած շաբաթվանից սկսել է հանրային սեկտորի ներկայացուցիչների, երեկվանից էլ՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարք: Հանրային մոբիլիզացիա ես տեսնում եմ, և վստահաբար կարող եմ ասել, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը չի հաջողվելու:

–Բայց չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն անգամ մարզեր էր «գործուղվել» սահմանադրական փոփոխությունների հարցով հանրային քննարկումների նպատակով:

-Այն մոդելը, որն իրենք առաջարկում են նախագծով, շատ նման է խորհրդային, բոլշևիկյան մոդելին, և պատահական չէ, որ ամեն ինչ արվում է բոլշևիկյան լավագույն ավանդույթներով՝ հանրային քննարկումները կոլտնտեսուհիների և բանվորների հետ: Բոլոր այդ սովետական ատրիբուտները նրանք պահում են: Եթե հանկարծ իշխանություններին հաջողվի վերարտադրվել, ապա Հայաստանը հետ նահանջ կկատարի դեպի սովետիզմ ու բոլշևիզմ, երբ երկրի ղեկավարը գենսեկն էր: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է ոչ մի պաշտոն չզբաղեցնել, չնայած, կարծում եմ, որ նա կզբաղեցնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, դրա համար իրենք մեխանիզմներ էլ են մշակել. եթե անգամ չզբաղեցնի, նա է ղեկավարելու, որովհետև իշխանությունը գտնվելու է իշխող կուսակցության նախագահի ձեռքում:

-Պայքարի ի՞նչ միջոցներ եք տեսնում սահմանադրական փոփոխությունների դեմ:


-Պայքարի միակ միջոցը փողոցում գտնվող տասնյակ հազար քաղաքացիներն են, որովհետև դա կարող է ստիպել իշխանությանը հրաժարվել այդ գաղափարից: Այս հարցը պուրակի հարց չէ, որից իշխանությունը կարող է հրաժարվել, դիվիդենտներ քաղել և ասել «Տարո՛ն, սիրուն չի»: Հրաժարվել սահմանադրական փոփոխություններից նշանակում է հրաժարվել իշխանությունից: Վերջին տարիների իշխանությունների բոլոր գործողությունները միտված են եղել վերարտադրությանը, դա է փաստում քաղաքական ուժերի նկատմամբ իրականացված տեռորը: Նույն ԲՀԿ-ի ոչնչացումը, բոլոր գործողությունները դրան են ուղղված եղել: Եթե ժողովրդին հաջողվի տապալել իշխանության այս նպատակը, դա նշանակում է, որ մենք տապալելու ենք Հայաստանում գործող ներկայիս իշխանություններին:
Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը