Մեկնաբանություն

26.07.2015 19:35


Կարեկցել, բայց չհանդուրժել

Կարեկցել, բայց չհանդուրժել

Սերժ Սարգսյանին չարժե նախանձել։ Նրան պետք է կարեկցել։

Մարդը գիտի, որ չի ընդունվում հանրության կողմից (մեղմ ասած)։ Գիտի ու դրա համար էլ ամեն կերպ տարածում է, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինքը չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոն։

Սարգսյանն, իհարկե, ստում է։ Նրա խոսքն ու խոստումը գրոշի արժեք չունեն, քանզի ժամանակը դա է ապացուցել։

Սարգսյանը ստում է, բայց ուրիշ ճար չունի։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե հայտարարի, որ նոր Սահմանադրության ընդունումից ու «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ձևավորելուց հետո դառնալու է ԱԺ նախագահ, ապա ՀՀ հասարակությունն այնպիսի ռեակցիա կտա, ինչպիսին նորանկախ պատմության ընթացքում դեռ չի տվել։

ՀՀԿ ղեկավարը փորձում է ֆռռացնել հանրությանը, բայց նա մոլորության մեջ է։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչն ինչոց է։ Անգամ ապաքաղաքական մարդիկ են բնազդով զգում, որ նախաձեռնված գործընթացը «սահմանադրական» հեղաշրջման փորձ է, որի արդյունքում «Վերջի բոլշևիկն» ուզում է ցմահ մնալ Հայաստանի վրա։

Բոլորն էլ տեսել ու զգացել են, որ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններն ավարտվել են Հայաստանի ու ՀՀ քաղաքացու պարտությամբ։ Նրա շահը խոր հակասության մեջ է հանրային շահի հետ։ Սահմանադրափոխության գործընթացը բացառություն չէ։

Սարգսյանը փորձում է խաբել հանրությանն ինքնախարազանման միջոցով։

Պատկերացնո՞ւմ եք մի հոգեվիճակ, երբ ստիպված ես սեփական ծրագրերի քարոզն իրականացնել ... ինքդ քեզ հայհոյելով։

Եթե Սարգսյանը համոզված է, որ ընտրված է ու սիրված հանրության կողմից, ապա ինչո՞ւ է անընդհատ հայտարարում, որ հեռանալու է, և միայն ուզում է մարդակենտրոն Սահմանադրությունը տեսնել ու նոր «մեռնել»։ Նման քարոզի առկայությունը ցույց է տալիս, որ նա ադեկվատ պատկերացումներ ունի իր վարկանիշի մասին, ու տիրապետում է հանրային տրամադրություններին։ Պատկերացումներ ունի և տիրապետում է, բայց ուզում է պահել իշխանությունն ու ավարտին հասցնել Հայաստանի «ՀԷՑ»–ացման գործընթացը՝ «Այո՛ թալանին» կարգախոսի շրջանակներում։ Իսկ դա չի կարելի թույլ տալ։

ՀՀԿ ղեկավարը կարեկցանքի է արժանի, բայց ոչ հանդուրժողականության։ Նրան չի կարելի հանդուրժել պետական կառավարման համակարգում։ Նա այնքան է վթարի ենթարկել մեր պետությունը, որ եթե ցմահ հնարավորություն ստանա դա անելու, ապա Հայաստանն ավելի շուտ կմահանա, քան վրա կհասնի Սարգսյանի բնական մահը։

Այնպես որ, «Ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ նրա Սահմանադրությանը»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը