Մեկնաբանություն

31.07.2015 00:07


«Ինստիտուցիոնալ» պարտված Նիկոլը

«Ինստիտուցիոնալ» պարտված Նիկոլը

Զարմանալի է, բայց փաստ. սերժական Սահմանադրության օգտին ամեաակտիվ ու ամենաագրեսիվ քարոզը տանում է Նիկոլ Փաշինյանը, ով իր թերթով ու իր թիմակիցների միջոցով տարածում է, թե Սերժ Սարգսյանի դեմ պետք չէ պայքարել, քանզի նա ուժեղ է, և, միևնույն է, կհաղթի։

ՀՀԿ–ականները կուզենային նման բան ասել, բայց հասկանալի պատճառներով չեն կարող։ Սարգսյանի ֆորմալ թիմակիցների այդպիսի հայտարարությունները հակառակ էֆեկտը կտային։ Այլ է վիճակը Նիկոլի դեպքում, քանզի դեռ կան անտեղյակներ, որոնց համար նա դեռ հեղափոխական իմիջ ունի։ Ու երբ այդ «հեղափոխականն» է սերժահաճո հայտարարություններ անում, ապա ստանում ենք լրիվ ուրիշ բան։

Նիկոլը գրեթե ամեն օր քարոզում է, որ սահմանադրական հանրաքվեն իշխանություններն անցկացնելու են, հետևաբար չարժե մարտի բռնվել, քանզի ելքը հայտնի է։ Նա օրինակ է բերում 2005–ի սահմանադրական գործընթացը և համոզում, որ չի կարելի պայքարի դուրս գալ։ «Երկաթյա» տրամաբանություն։

«Թունդ ընդդիմադիրն» իր այս դիրքորոշումը հիմնավորում է այն բանով, որ վերջին 25 տարվա ընթացքում տարբեր տիպի ընդդիմադիր գործիչներ (նա համեստաբար լռում է այն մասին, որ այդ գործիչների մեջ ինքն էլ է եղել, ու շեփորահարի դեր կատարել) միշտ կոչ են արել պայքարել իշխանությունների ապօրինությունների դեմ, բայց չեն հաջողել։ Ուստի, եզրակացնում է մեր «թունդը», պետք չէ ժողովրդին տանել պարտության։

Ըստ Նիկոլի՝ ժողովրդին պետք է ոտքի հանել այն ժամանակ, երբ ձևավորված կլինի «ինստիտուցիոնալ ընդդիմությունը»։ Իսկ թե երբ կլինի այդ ընդդիմությունը հարցին Նիկոլը, կրկին համեստաբար, չի պատասխանում։ Ավելի ճիշտ, նրա պատասխանը հետևյալն է՝ «Չգիտեմ. կաշխատենք՝ կերևա, իսկ մինչ այդ պետք է դիտորդի կարգավիճակով հետևել, թե ինչպես է սուլթանատի վերածվում Հայաստանը, և ինչպես է փոշիանում ընդդիմադիր դաշտը, որպեսզի ես գամ»։

Նիկոլը շատ լավ գիտի, որ չի գալու, բայց միամիտների համար բոցաշունչ ելույթներ է ունենում այս կամ այն պաշտոնյայի դեմ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ (բիզնես տեսանկյունից)։

Նիկոլի ասելով՝ ստացվում է, որ Սերժը տեսանելի ապագայում անպարտելի է, և կպարտվի միայն «ինստիտուցիոնալ ընդդիմությանը», բայց թե երբ, հայտնի չէ (հավերժական Գեղամյան խաղալու համար շատ էժանագին «ատմազկա» է հորինված)։

Արտաշես Գեղամյանի ձայնային տվյալներն ունեցող «թունդ ընդդիմադիր» Նիկոլը նախապես հայտարարում է, որ Սերժն իր ուզած Սահմանադրությունն անցկացնելու է, ու միաժամանակ ժողովրդին կոչ է անում դուրս չգալ պայքարի, քանզի պարտությունն անխուսափելի է։ Ավելի լավ քարոզ Սերժ Սարգսյանը չէր էլ կարող երազել։

Նիկոլի վարքագիծը Սերժին ձեռնտու է նաև այն առումով, որ «ոչ»–ի կողմնակիցների համար պայքարի երկրորդ ճակատ է բացում։ Ճակատն այդ արհեստական է, բայց, ամեն դեպքում, որոշակի զանգվածի համար կարող է շեղող ֆունկցիա կատարել, ինչն էլ պետք է Բաղրամյան 26–ին։

Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ Նիկոլի արած քարոզը ոչ թե դհոլություն է, այլ անկեղծ մղում, ապա ստացվում է կատարյալ անմեղսունակություն։

Նրա առաջ քաշած բանաձևի շրջանակներում պետք է տանից դուրս չգալ ու հավերժ պարտվել։

Այո՛, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացին չի կարողացել ընդդիմադիր իր հայացքներն իրացնել, բայց դա չի նշանակում, թե պետք է պայքարից հրաժարվել մինչև, պատկերավոր ասած, «շտանգա–գանտելով» մարզվելը։

Այդ տրամաբանությամբ՝ մերոնք պետք է Սարդարապատում չկռվեին, իսկ Ղարաբաղը վաղուց պետք է հանձնված լիներ։

Քաղաքական պայքարի արդյունքը որևէ մեկն աշխարհում չի կարող կանխագուշակել ու, առավել ևս, երաշխավորել հաղթական ելքը, բայց կարելի է հարյուր տոկոսով պնդել, որ եթե պայքարի դուրս չեկար, ապա պարտությունդ երաշխավորված է։ Նիկոլը հավերժ պարտվածի մոդել է առաջարկում հանրությանը։

Կարծել, որ Նիկոլը քաղաքականապես անմեղսունակ է, և չի հասկանում իր ասածների իմաստը, սխալ կլինի։

Նիկոլը շատ լավ հասկանում է, թե ինչ է ասում, ու ինչ է անում։ Նա շատ լավ կոմերցիոն հոտառություն ունի և գիտի իր խոսքի գինը։ Սերժն էլ, թարսի պես, գեղամյաններին օդում որսալու «խասիաթ» ունի։ Արդյունքում՝ հանդիպել են հաճախորդն ու պատվիրատուն, և ստացվել է «Քաղաքացիական պայմանագիր»։ Բայց թե ինչ կապ ունի այստեղ քաղաքացին, և ինչու են քաղաքացուն պայմանագիր առաջարկում, Սերժն ու Նիկոլը կիմանան։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկը «հարցում» էր անցկացրել։ Պարզվել է, որ քվեարկողները ՀՀ նախագահի դերում տեսնում են Նիկոլ Փաշինյանին, ով, այլոց համեմատ, ամենաշատ ձայներն էր հավաքել։ Նիկոլի «Հայկական ժամանակը» շտապել էր իր մոտ տեղադրել այդ «հարցման» արդյունքները, որոնց համաձայն՝ Արթուր Բաղդասարյանն էլ բավական բարձր վարկանիշ ունի նախագահացուների ցանկում (սույն արդյունքն արդեն իսկ հերիք է՝ խոտանելու համար այդ «հարցումը»)։

Ուշագրավն այն է, որ Նիկոլը թիվ մեկ նախագահացու լինելու իշխանական «հարցման» արդյունքներով ուրախանում է, բայց, արի ու տես, որ հանգիստ է վերաբերվում այն բանին, որ Սերժ Սարգսյանն իր Սահմանադրությամբ «մեխի գլխի» գործառույթ է վերապահում ՀՀ նախագահին՝ գործնականում վերացնելով այդ ինստիտուտը։

Եթե Նիկոլն իրեն նախագահի աթոռին է տեսնում, ապա պետք է առաջինը դրոշ բարձրացներ հրապարակում և դեմ դուրս գար նոր Սահմանադրությանը, բայց նա նման բան չի անում։ Հակառակը՝ ամեն կերպ աջակցում է ՀՀԿ ղեկավարին՝ «Պետք չէ «սահմանադրական» հեղաշրջման դեմ պայքարել» թեմայով։ Ահա այսպիսի «թունդ ընդդիմադիր» վարքագիծ։

Հ.Գ.–2: Օրերս «Հայկական ժամանակն» անդրադարձել էր Լիսկայի որդու կալանավորման թեմային՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ծանր վիճակի մեջ է, քանզի Լիսկան նրա համար գրեթե անփոխարինելի է սահմանադրական հանրաքվեի համար ձայներ ապահովելու հարցում։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլը շատ լավ հասկանում է, թե ինչքան կարևոր է անձամբ ՀՀԿ ղեկավարի համար հանրաքվեն «հորով–մորով անելը»։ Նաև հասկանում է, որ դիմադրություն լինելու է, և դա է պատճառը, որ Սերժը լիսկաներին է ապավինում, այլապես «բարի» քվեարկություն կկազմակերպեր։

Այս ամենը հասկանում է «թունդ ընդդիմադիր» Նիկոլը, բայց հայտարարում է, որ սահմանադրափոխության գործընթացը կեղծ օրակարգ է, և որ պետք չէ պայքարել դրա դեմ։

Լավ, այս տղան ուրիշ էլ ի՞նչ անի, որ միամիտները հասկանան, որ գործ ունեն շարքային հաճախորդի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը