Աշխարհ

01.08.2015 07:15


Պորտուգալիայից Ավստրալիա. հավանաբար, գտնվել են աշխարհում ամենաորոնվող երեխայի մնացորդները (տեսանյութ)

Պորտուգալիայից Ավստրալիա. հավանաբար, գտնվել են աշխարհում ամենաորոնվող երեխայի մնացորդները (տեսանյութ)

Ենթադրվում է, որ Ավստրալիայում՝ ճամպրուկի մեջ, գտնվել են աշխարհում ամենաորոնվող աղջկա մնացորդները։ Նախնական տվյալներով՝ դրանք կարող են լինել 2007թ. Պորտուգալիայում կորած, բրիտանուհի Մադլեն Մաքքեյնի մնացորդները։

Երեխային ապարդյուն որունում էին թե՛ ոստիկանությունը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ մասնավոր խուզարկու գործակալները։ 8 տարի շարունակ փոքրիկ Մադլենին փնտրում էին ամբողջ աշխարհով մեկ։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ վերջին տեղեկատվությունը կարող է լույս սփռել այդ խորհրդավոր անհայտացման վրա։

Սև ճամպրուկում, որը 4 ամիս մնացել է ավստրալական Ուայնարկա քաղաքի մի խուլ մայրուղում, երեխայի մնացորդներ են հայտնաբերվել։ Ոստիկանությունը, սակայն, նշում է, որ եզրակացություններ անելը դեռ վաղ է. երեխան կարող է և Մադլենը չլինել։

«Ինչ–որ մեկը պե՛տք է ճանաչի այդ աղջկան։ Պետք է որ մայր, հայր, եղբայր կամ քույր ունենա։ Ընտանիքի ընկերներ։ Ինչ–որ մեկը, որը գիտի, որ երեխան կորել է»,–ասել է խուզարկու Դես Բրեյը։

Քանի դեռ երեխայի ծնողները չեն արձագանքել, լրագրողները պնդում են. կա երկու համընկնում՝ թե՛ կորած Մադլենը և թե՛ սպանված աղջնակը բաց գույնի մազեր ունեն։ Բացի այդ, համընկնում է նաև տարիքը։ Երկուսն էլ պատահարի ժամանակ 4 տարեկան են եղել։

Սակայն Մադլենը կորել է 2007–ին Պորտուգալիայում, որտեղ հանգստանում էր նրա ընտանիքը։ Իսկ սպանված աղջկան հայնտբերել են 8 տարի անց մեկ այլ մայրցամաքում։ Ո՞վ և ինչպե՞ս է տարել նրան այնտեղ։ Ո՞վ է առևանգել երեխային։

«Մենք ամեն ինչ անում ենք՝ օգնելու ոստիկանությանն ու հետաքննությանը։ Եվ հավատում ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գտնել մեր դստերը՝ Մադլենին»,–ասել էր ժամանակին Մադլենի հայրը՝ Ջերրի Մաքքեյնը։

Մադլենն անհետացել էր տարօրինակ հանգամանքներում։ Ծնողները նրան պառկեցրել էին քնելու հյուրանոցային համարում, իսկ իրենք գնացել ընկերների հետ զվարճանալու։ Վերադառնալով՝ նրանք չեն գտել երեխային։ Սկզբում իրենք են փնտրել աղջկան, իսկ հետո դիմել են ոստիկանություն։

Մի քանի ամիս անց ձերբակալվեցին առաջին կասկածյալները, որոնք, իբր, կապված էին մանկապիղծների բանդայի հետ։ Սակայն որևէ ապացույց նրանց դեմ չգտնվեց, և նրանց բաց թողեցին։ Այդ ժամանակ էլ կասկած ընկավ անմիջապես աղջկա ծնողների վրա՝ իբրև թե նրանք են սպանել երեխային, իսկ հետո մարմինը տեղափոխել վարձակալած մեքենայով։ Այդ տարբերակն էին վկայում արյան հետքերը։

«Ենթադրվում է, որ Քեյթն ինչ–որ կերպ կապված է դստեր անհետացման հետ։ Դա աբսուրդ է. նա արել է ամեն ինչ՝ աղջկան վերադարձնելու համար»,–ասել է Մաքքեյն ընտանիքի փաստաբան Ջասթին Մաքքիհենսը։

Բայց շուտով պորտուգալական ոստիկանությունը նորից խոստովանեց, որ ոչ մի ապացույց չկա։

Հետաքննությամբ զբաղվող սպաներին ազատեցին աշխատանքից՝ մեղադրելով նրանց պաշտոնական լիազորությունների չարաշահման և փաստերի նենգափոխման մեջ։ Միևնույն ժամանակ, տարբեր մասնավոր հետախույզներ սպեկուլյացիաներ սկսեցին տեղի ունեցածի առնչությամբ։

Հայտարարվեց, որ կատարվածի թելերը տանում են դեպի բելգիական, ֆրանսիական և նաև՝ համաեվրոպական մանկապիղծների ուղղությամբ։ Երեխայի որոնումները վերսկսվեցին համաշխարհային մասշտաբով։ Այդ գործին միացան աստղեր, գրողներ և նույնիսկ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը։ Հուսահատված ծնողները դիմեցին անգամ Հռոմի պապին, որն իր ցավակցությունը հայտնեց այդ կապակցությամբ։ Եվ ահա, 8 տարի անց սկիզբ է առնում դեպքերի նոր շրջապտույտ։

Իսկ գլխավոր հարցին՝ ում մնացորդներն են հայտնաբերվել ճամպրուկում, պատասխան կտան բազմաթիվ փորձաքննությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը