Մեկնաբանություն

10.08.2015 19:25


Պետպատվերով «անկախն» ու «արևմտամետը»

Պետպատվերով «անկախն» ու «արևմտամետը»

Ինձ ահագին զվարճացրեց Էդմոն Մարուքյանի «իմպերատիվ» պահանջը:

ԱԺ շա՜տ «անկախ» պատգամավոր Մարուքյանին զայրացրել է ինչ-որ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունը, որն ասել է, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ: Ահա այս կարծիքը, որը գրոշի արժեք չունի ոչ մի լուրջ դեմքի կամ կառույցի համար, հանկարծ հարուցել է Մարուքյանի վրդովմունքը, որը դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից։

«Նման դիրքորոշում ունեցող և գաղափարներ տարածող գործիչն իրավունք չունի կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվո մեդալը, քանի որ նա, դեմ լինելով Հայաստանի անկախությանը, քարոզում է գաղափարներ, որոնք դեմ են Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ինչպես նաև մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ազգային շահերին, և մեզ համար մեծ ամոթ է, որ նման անձը կրում է օրենսդրի բարձրագույն պարգևը»,- ՖԲ-ի իր էջում նման գրառում է կատարել Մարուքյանը:

Բնականաբար, շատ կայքեր շախով-շուխով տարածել են Մարուքյանի այս «հերոսական» գրառումը: 2013-ի հոկտեմբերից առաջ եղել է սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը, արհամարհելով ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինները, ողջ հայ ժողովրդին (որոնք մինչ այդ համոզված էին, որ մոտ 3,5 տարի անշեղորեն գնում են դեպի ԵՄ-ի հետ ասոցացում) միանձնյա որոշմամբ հայտարարեց, թե Հայաստանը մտնում է ԵՏՄ կազմի մեջ: Մարուքյանն այդ ժամանակ խուլ ու կույր ձեւացավ, եւ նրանից ոչ ոք ոչինչ չլսեց Սարգսյանի միանձնյա որոշման վերաբերյալ:

Սրան հաջորդեց Զորի Գայկովիչի նամակը «ռուսաց թագավորին» (հեղինակային իրավունքը՝ Սերժ Սարգսյանի), որով առաջարկվում էր Ղարաբաղի հարցը լուծել Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում: Պարզ ասած՝ Արցախը «տեղավորել» ՌԴ կազմում:

Այդ նամակից հետո էլ Մարուքյանից ծպտուն դուրս չեկավ: Սույն «անկախ» ու համատեղությամբ նաև «արևմտամետ» պատգամավորը ձկան պես լռեց նաեւ այն ժամանակ, երբ ԵՏՄ գագաթաժողովում Սերժ Սարգսյանը պապանձվեց, ու ոչ մի բառով չհակադարձեց Ալիեւի նամակն ընթերցող Նազարբաեւին, որով պայման էր դրվում ՀՀ-ի առջեւ, որ մեր երկիրը պետք է ԵՏՄ-ին անդամակցի առանց ԼՂՀ-ի:

Ի վերջո, Նազարբաեւի ցուցումով Ալիեւի պայմանը Սարգսյանը բավարարեց: Իշխանական բոլոր օրինագծերին «անկախաբար» կողմ քվեարկող Մարուքյանն այդ ժամանակ էլ ոչ զայրացավ եւ ոչ էլ վրդովվեց. նրանից ընդհանրապես «հռռոց ու բռռոց» դուրս չեկավ:

«Անկախ» Մարուքյանը մունջ էր ձեւանում Սերժ Սարգսյանի իրականացրած արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության բոլոր փուլերում («ֆուտբոլային» դիվանագիտություն եւ այլն): «Նախաձեռնողականություն», որը միտված էր և է երկրի ինքնիշխանության սասանմանը, ազգային շահերի անտեսմանը:

Ինչեւէ, «անկախ» երեսփոխանը տարիների լռությունից հետո այսօր հանկարծ, հո՛պ, գտավ «դավաճանին»՝ ինչ-որ Անդրանիկ Նիկողոսյանի: Բա սրա կեցվածքը զավեշտ չի՞, միմոսություն անել չի՞:

Ա՛յ Մարուքյան, Նիկողոսյանն ո՞վ է, քո երկրի նախագա՞հն է, վարչապե՞տն է, թե՞ ԱԺ նախագահն է: Այդ ինչո՞ւ հանկարծ նրա հերթապահ ու անիմաստ խոսքից այդպես «հուշտ եղար» այն դեպքում, երբ անցած տարիներին գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կոնկրետ քայլեր է արել՝ ի դեմս ինքնիշխանության եւ ազգային-պետական շահերի, բայց քո ծպտունը չի լսվել: Սարգսյանը Նիկողոսյանի նման ինչ-որ անկապ, անուշադրության արժանի հարցազրույցներ չի տվել, է՞, կոնկրետ քայլեր է արել: Բա որտե՞ղ էիր, ինչո՞ւ հստակ առաջարկներով, գնահատականներով ու պահանջներով հանդես չէիր գալիս: Իսկ հիմա ինչ-որ Նիկողոսյանի արտահայտած կարծիքը թափահարելով «որ մենք հերոս» ես խաղում: Հայրենասիրության նոպադ նո՞ր բռնեց:

Հա, ի դեպ, էդ պատվո մեդալը երբ տալիս էին Նիկողոսյանին, դո՛ւ, Մարուքյա՛ն, գտնվում էիր Ազգային ժողովում, իսկ դրանից առաջ Նիկողոսյանն էլի մի հարյուր հատ նույնաբովանդակ հարցազրույցներ է տվել: Բա մի կես բերան ասեիր՝ էս ո՞ւմ եք պատվո մեդալ տալիս: Դա էլ չես արել. ավելին՝ հավանաբար, Նիկողոսյանին այդ մեդալը հանձնելու արարողության ժամանակ ծափահարել ես:

Ինչ ասենք: Երեւի «անկախ» երեսփոխանի իրական «գործառույթը» հենց դա է՝ լռել ու սսկվել իրական մեղավորների եւ պատասխանատուների գործած արարքների դեպքում եւ խոսել ու աղաղակել աննշան, պուճուրիկ, լուրջ դիրք ու լծակներ չունեցողների արած հայտարարությունների առիթով:

«Դավեն նստե՝ կուզեկուզ ես ման գալի», ա՛յ «անկախ»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը