Մեկնաբանություն

13.08.2015 10:45


Հոդված 2. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է

Հոդված 2. Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է

Իշխանական քարոզչամեքենան ոչ մի կերպ չի կարողանում դրական լույսի ներքո ներկայացնել սահմանադրափոխությունը (օրական մեկ հոգու մամուլի ակումբ ուղարկելով՝ քարոզ չես անի)։ Ստիպված ընտրել են «Բոլոր Սահմանադրություններն էլ վատն են» և «Պետք չէ լուրջ վերաբերվել սահմանադրափոխության գործընթացին» քարոզչակոդերը, որպեսզի հանկարծ հանրային ակտիվություն չգրանցվի։

Հանրային ակտիվություն, սակայն, կգրանցվի։ Պարզապես պետք է այդ ակտիվությունն ուղղորդել։

Սահմանադրական հանրաքվեն միավորող գործառույթ է կատարելու։ Կարող են միավորվել բոլորը, քանզի միավորվելու են ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ։

Անձերի հարցը միշտ բարդ է եղել ընդդիմադիր դաշտում։ Իշխանությունները կարողացել են «ականներ» ներդնել ու խափանել միասնությունը, իսկ եթե իշխանությունները չեն կարողացել միջամտել, ապա գործին վնաս են տվել մարդկանց անհեթեթ հավակնություններն ու անհամարժեքությունը։

Հիմա նման խնդիր չկա։ Հիմա կա միասնական հակաթեկնածու՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, և կա ՀՀ Սահմանադրությունը, որը պաշտպանելու համար պետք է «ոչ» ասել հանրաքվեի ժամանակ, ու տեր կանգնել այդ «ոչ»–ին։

Ասել է թե՝ հանրաքվեն ոչ միայն ՀՀԿ ղեկավարին անվստահություն հայտնելու միջոցառում է, այլ նաև հանուն իրավունքների պայքարի հնարավորություն։

Սարգսյանը գործող Սահմանադրության մեջ ամրագրված 50–րդ հոդվածի ուժով պետք է հեռանա, բայց չի ուզում։ Այդ իսկ պատճառով էլ նա նախաձեռնել է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, որպեսզի կարողանա «գենսեկի» կարգավիճակով իշխանությունը պահել՝ «Լիազորությունները, իրավունքները և փողերը՝ ինձ, իսկ պատասխանատվությունը և թուքումուրը՝ մյուսներին» ծրագրի շրջանակներում։

«Սահմանադրական» հեղաշրջում թույլ չտալն, ըստ այդմ, դառնում է հանուն իրավունքների պայքար։ Ընդ որում, այդ պայքարը բացարձակ լեգիտիմ է, քանզի Սահմանադրության 2–րդ հոդվածում նշված է, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը