Մեկնաբանություն

03.09.2015 00:05


Առաջարկվող նոր Սահմանադրության գլխավոր ականը

Առաջարկվող նոր Սահմանադրության գլխավոր ականը

Իշխանությունները և նրանց կցված քարոզիչները փորձում են, բայց չեն կարողանում հանրությանը համոզել, որ Սահմանադրությունը փոխում են ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանի քաղաքական կյանքը երկարացնելու, այլ ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը բարելավելու նպատակով։

Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածի խոչընդոտն անհաղթահարելի է ՀՀԿ ղեկավարի համար։ Նա կուզենար ընդամենը այդ հոդվածը վերացնել ու կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց չի կարող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների պատճառով։ Այդ իսկ հանգամանքից ելնելով էլ որոշվել է վերացնել Սահմանադրությունը։ Այո՛, հենց վերացնել, այլ ոչ թե փոխել, քանզի առաջարկվող նախագծով Սահմանադրությունը ենթակա է փոփոխության ԱԺ 2/3–ի միջոցով (հայաստանյան իրողություններն ու իշխող նեղ խմբի մտածողությունը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ նոր Սահմանադրությունը պլանավորում են դարձնել ձեռքի խաղալիք, որը ցանկացած պահի կարող է կոնյունկտուրային փոփոխության ենթարկվել արդեն առանց «թիթիզությունների», այսինքն՝ հանրաքվեի)։

Նոր Սահմանադրությամբ փորձ է արվում վերացնել ընտրական ինստիտուտը որպես այդպիսին։

Եթե մինչև հիմա մենք ունեցել ենք բազմաթիվ թերություններով ընտրական համակարգ, որը կեղծիքի մեքենայի միջոցով վերարտադրել է իշխանությանը, բայց թույլ չի տվել տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքական և տնտեսական դաշտի վրա ու նաև մշտապես մրցակցային տարր է պարունակել ինչպես ներիշխանական խմբերի միջև, այնպես էլ իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ, ապա առաջարկվող փաստաթղթի փիլիսոփայության մեջ դրված է բոլշևիկյան կոդը, որը չի ենթադրում մրցակցություն որևէ մակարդակում, հետևաբար չի ենթադրում անգամ ձևական փոփոխություն իշխանական բուրգի ներսում։ Դե, իսկ «դրսից» իշխանության գալու մասին առաջարկվում է «հավերժ» մոռանալ։

Սա, ըստ էության, «սահմանադրական» հեղաշրջման փորձ է, որի նպատակն անձամբ Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի համար ցմահ իշխանություն ապահովելն է։ Բայց սա դեռ կես դժբախտությունն է։

Ամենագլխավոր ականը, որ դրվում է մեր պետության տակ նոր Սահմանադրության տեսքով, քաոսն է։

Նոր Սահմանադրության հիմքում դրված է «իրար փոր թափելու» հայեցակարգը։ Պետության կարևորագույն պաշտոնյաների գործառույթներն ու լիազորություններն այնպես են բաշխվել, որ բոլորը պայքարեն բոլորի դեմ, բայց սա պետք չէ շփոթել ժողովրդավարական համակարգերին ներհատուկ զսպումների ու հակակշիռների մեխանիզմի հետ։

Սերժ Սարգսյանը պլանավորում է ընտրակեղծիքների միջոցով խորհրդարանական կայուն մեծամասնություն ձևավորել ու համատեղել ԱԺ նախագահի և կուսակցական «գենսեկի» պաշտոնը։ Դա նրան նոր Սահմանադրությամբ հնարավորություն կտա խուսափել պատասխանատվությունից, լինել հանրային աչքից հեռու, բայց, միևնույն ժամանակ, կատարել բարձրագույն արբիտրի դեր «փորթափոցիների» ժամանակ ու այդպիսով պահել ամբողջ իշխանությունն իր ձեռքում։ Սա մոտավորապես ստալինյան ու բրեժնևյան կառավարման մոդելների «միքսված» տարբերակն է, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը նման փորձարկման ռեսուրս չունի։ Դա արկածախնդրություն է։

«Գենսեկական» մոդելով կառավարումն առաջացնելու է մեծ քաոս, որի ժամանակ նշանակովի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և խաղաղության պայմաններում դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարի դեր կատարող պաշտպանության նախախարը փորձելու են իշխանության ներսում հաշիվներ պարզել և կառավարման ուղղահայաց հաստատել։ Այդ ամենի հետևանքով այնպիսի զարգացումներ կարող են լինել, որ դրանց համեմատ «հոկտեմբերի 27»–ը փոքրիկ արյունահեղություն կարող է թվալ։

Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանի առաջարկած «սահմանադրական» հեղաշրջման պլանի ամբողջական իրականացման դեպքում էլ, չիրականացման դեպքում էլ Հայաստանը տուժելու է։

Եթե նոր Սահմանադրությունը պարտադրվի հանրությանն, ու եթե «Վերջի բոլշևիկի» մոտ ամեն ինչ ստացվի, ապա դա նշանակում է նրա ցմահ կառավարում, ինչն իր հերթին նշանակում է առկա բոլոր խնդիրների խորացում, տոտալ թալան ու մեր երկրի անվտանգության համակարգի փլուզում՝ այդտեղից բխող բոլոր բացասական և անդառնալի հետևանքներով հանդերձ։

Իսկ եթե Սարգսյանի պլանը չստացվի, ու նոր Սահմանադրության պայմաններում նա մնա իր իսկ կիրառած «պրյոմի» տակ ու չկարողանա իր երազած «պախանի» դերը ստանալ, ապա երկրում քաոս է սկսվելու «Ով է տիրապետում ռեալ իշխանությանը, և ով պետք է կառավարի» ծրագրի շրջանակներում։ Այս դեպքում «սահմանադրական» հեղաշրջման փլատակների տակ կմնա ոչ միայն Սերժ Սարգսյանը (ինչպես ասում են՝ գլուխը քարը), այլ որ ամենավտանգավորն է՝ Հայաստանը։

Ահա թե ինչ ական է դնում իշխող նեղ խմբակը պետության տակ, ինչ է թե Սերժ Սարգսյանը չի ուզում բաժանվել իշխանական աթոռից և ուզում է բավարարել իր ախորժակը։ «Ոչ»–ը, հետևաբար, միակ օրակարգն է, որը պետք է հակադրել «սահմանադրական» հեղաշրջման օրակարգին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը