Խմբագրական

19.09.2015 10:15


Ինչից է սկսվում հայրենիքի դավաճանությունը

Ինչից է սկսվում հայրենիքի դավաճանությունը

Մինչ Բաղրամյան 26–ից առաջ են մղում «լուսավոր Հայաստան» կառուցելու և հանրության վզին «մարդակենտրոն Սահմանադրություն» փաթաթելու գործընթացները, Ադրբեջանը բացահայտեց իր գործակալին ու շոկային հարված հասցրեց մեր պետությանը։

Ինչպես հայտնի է, «քաղաքացիական ակտիվիստ» աշխատող Վահան Մարտիրոսյանը Բաքվում ասուլիս տվեց՝ հայհոյելով ՀՀ–ին ու մեր բանակին։

Սա աննախադեպ երևույթ է։ Հայրենիքի դավաճանության այս դեպքը շատ ավելի մեծ բացասական էֆեկտ ունի, քան շատերին կարող է թվալ։ Դավաճանության այդ փաստն ավելին է, քան վերջին տարիներին ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում արձանագրված խայտառակ ձախողումները։

Դավաճան Վահանն այնպիսի ձևակերպումներով է ասուլիս տվել Բաքվում, որ կասկածի տեղիք չի տալիս՝ նա հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից և համապատասխան հրահանգում անցել։

Ադրբեջանական ԶԼՄ–ին հետևողները քաջածանոթ են ալիևյան քարոզչակոդերին։ Վահանն ամբողջությամբ այդ կոդերի մեջ է խոսել։ Կոդեր, որոնք ոչ պատահականորեն համընկնում են մեզանում գործող «գեբելսյան» քարոզչամեքենայի կոդերին։

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Վահան Մարտիրոսյանն այստեղ «քաղաքացիական ակտիվիստություն» է արել ու «անկախ» մամուլի կողմից ներկայացվել որպես «հակաօլիգարխիկ» պայքարի աննկուն մարտիկ։

«1in.am»–ները նմաններին մեծ հաճույքով «ռասկրուտկա են անում»։ Պատահական չէ, որ հիմա ծպտուն չեն հանում այդ թեմայով։ Ի՞նչ խոսեն, երբ իրենք էլ, իրենց քույր լրատվամիջոցներն էլ այդ «գծի» վրա են։

Ինչպե՞ս են հավաքագրել Վահան Մարտիրոսյանին

Շատերը հիմա շոկ են ապրում։ Եվ, իրոք, սա շոկ է։

Ոմանց մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հավաքագրել Վահանին, ու արդյոք միայն նրա՞ն են հավաքագրել, թե՞ մեզ էլի տհաճ անակնկալներ են սպասում։

Այդ հարցադրումները, սակայն, խորքային չեն, քանզի շատ ավելի կարևոր է բացահայտելը, թե ինչպես է հնարավոր դարձել հայրենիքի դավաճանությունը։ Ի՞նչն է ստիպել այդ սրիկային անցնել թշնամու ճամբար։ Չէ՞ որ բոլոր սրիկաները չէ որ հայրենիքի դավաճան են դառնում։

Եթե կարճ պատասխանելու լինենք, ապա պետք է նկատենք, որ Հայաստանում դավաճանությունը խրախուսվում է ամենավերևից։ Երբ մարդիկ առավոտյան բոցաշունչ ընդդիմադիր ելույթներ են ունենում, իսկ երեկոյան գնում են «շենք»՝ մերկապար ցույց տալու, ապա որևէ երաշխիք չկա, որ նույն այդ մարդիկ վաղը նույն բանը չեն անի Բաքվի օգտին։ Չէ՞ որ Ալիևի մոտ ավելի շատ փող կա, քան Սերժ Սարգսյանի և երիտօլիգարխիայի մոտ։

5–րդ շարասյունը մեր կողքին է

Վահանի ասուլիսը երկար է նախապատրաստվել։ Ընդ որում՝ Հայաստանում։

Բանն այն է, որ Հայաստանում վերջին վեց–յոթ տարիների ընթացքում մթնոլորտ է փոխվել։ Մթնոլորտ, որը պարարտ հող է ստեղծել այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործունեության համար։ Ծախու միջավայրում բոլոր «վեռբովշիկներն» իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում։

Ամեն ինչ սկսվեց խայտառակ «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ։ Ե՛վ ներսից, և՛դրսից տեսան, որ հանուն անձնական շահերի՝ աճուրդի հանվեցին Ղարաբաղի անվտանգությունը և Հայոց ցեղասպանության հարցը։

Տեսան նաև, որ Հայաստանում «թուրքական օրեր» են հայտարարվել, հայաստանյան մամուլի բոլոր միջոցները (իշխանականից մինչև ընդդիմադիր) ֆուտբոլի խաղակոշիկ են նկարել ու ողջունում են Գյուլին։ Դե, իսկ Հանրային հեռուստաընկերությանը (ինչպես նաև մյուսներին) արգելվել էր որևէ թթու բառ արտասանել Թուրքիայի հասցեին։

«Նախաձեռնողական» իշխանություններն անգամ հայկական ազգանունով մարդ էին գտել, ով եթերում ապացուցում էր, որ թուրքերը Հայոց ցեղասպանության հետ կապ չունեն, և որ դա արել են քրդերը։

Հակահայկական այդ քարոզը հնարավորություն տվեց դրսևորվել որոշ մարդկանց։ Եվ նրանք դրսևորվեցին։

Վահանները տեսան, որ Հայաստանում հակապետական բացահայտ քարոզ է գնում նախագահական նստավայրի հովանու ներքո։

Վահանները նաև տեսան, որ իշխանական քարոզչամիջոցների կողմից «ռասկրուտկա արվող» գործիչները և լրատվամիջոցները պրոթուրքական ու պրոադրբեջանական բանաձևերով են խոսում։

Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում էր, որ հանուն հայ–թուրքական սահմանի բացման՝ պետք է զիջումների գնալ Ղարաբաղի մասով։ Հետո էլ թե՝ ԵՄ–ի հետ ասոցացվելու համար կարելի է Ղարաբաղը զոհաբերել Ադրբեջանին ու հանուն ռուսների դեմ պայքարի՝ քիրվայություն անել ադրբեջանցիների հետ։ Ուշագրավն այն է, որ այդ մտքերը տիրաժավորվում էին (են) «արևմտամետ» և «թունդ ընդդիմադիր» մամուլով։

Տխրահռչակ Դավիթ Շահնազարյանն էլ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում ադրբեջանցիների հետ թուղթ է ստորագրում Վրաստանում՝ համաձայնելով հողերի հանձնմանը։

Էլի շատ օրինակներ կարելի է ներկայացնել՝ ապացուցելու համար, որ մինչև դավաճան Վահանի ասուլիսը Երևանում են եղել բազմաթիվ ասուլիսներ, հայտարարություններ և հարցազրույցներ, որոնք նույն կոդի մեջ են, պարզապես Վահանի դեպքում շոկայինն այն է, որ դա արվել է Բաքվում։

Դե եթե հայտարարվում է, որ Ղարաբաղը ստանալու համար Ադրբեջանը նախ թող ներդրումներ անի, ապա այդ ամենը հաշվի է առնվում, և ներդրումներ են արվում, բայց լրիվ այլ ուղղությամբ։

Քաղաքական առուծախն ու պետական դավաճանությունը

Պետական դավաճանության համար պարարտ հող է ստեղծվել նաև «քաղաքական» կոչված դաշտում տիրող գաղջ մթնոլորտի պատճառով։ Իշխանությունները վերևից այնպես են փչացրել ամեն ինչ, որ պետական դավաճանությունը և ադրբեջանցիների կողմից հավաքագրվելը դյուրացվել են։

Մարդիկ տեսնում են, որ հաճախորդները մերկապարի մրցումների են մասնակցում Բաղրամյան 26–ում։ ՀՀ քաղաքացիների մի մասը դրա արդյունքում թքում և արտագաղթում է, մյուս մասը՝ օտարվում պետությունից՝ սպասելով արտագաղթելու իր ժամին, մի փոքրիկ մասը պայքարում է, իսկ վահաններն աչքի ընկնելու հնարավորություն են ստանում ու փող աշխատում։

«Իսկ ումի՞ց ենք պակաս։ Եթե քաղաքական գործիչները Սերժին ծախվելով են բիզնես անում, ապա մենք էլ Ալիևին ծախվելով բիզնես կանենք։ Ո՞րն է տարբերությունը»,– ինքնաարդարանում են պետական դավաճանները։

Ու դեռ հայտնի չէ, թե որքան են նրանք։ Բացի Վահանից՝ բացահայտվել էր Տիգրան Խզմալյանը, ով ալիևյան քարոզչամեքենային անհրաժեշտ ձևակերպումներով հարցազրույց էր տվել «Haqqin.az»–ին։

Մեր հանրությունը, սակայն, համարժեք արձագանք չտվեց Տիգրանին։ Բաքվում տեսան, որ Հայաստանում անվտանգության առումով «բարդակ» վիճակ է, և ավելի հեռու գնացին՝ մեկ այլ «Տիգրան Խզմալյանի» ասուլիսը կազմակերպելով Ադրբեջանի մայրաքաղաքում։

Քաղաքական առուծախի ներկա մթնոլորտում ամեն ինչ հնարավոր է դարձել։ Ընդ որում՝ պոտենցյալ վահաններ կարող են լինել բոլոր քաղաքական հաճախորդները, «անկախ» լրատվամիջոցները, «քաղաքացիական ակԾիվիստները» և բոլոր նրանք, ովքեր «պայքարիստի» հաստիքով փող են աշխատում (չի բացառվում, որ ոմանք արդեն դարձել են, պարզապես դեռ նրանց Բաքու չեն կանչել)։

Դե քանի որ փողն է դառնում միակ գաղափարախոսությունը, ապա Ալիևը շատ հանգիստ կարող է հավաքագրել մեր տնաբույծ դիշովկեքին։

Բաղրամյան 26–ից սրանց քսի են տալիս բոլորի դեմ ու նաև թույլ տալիս ձեռքի հետ էլ Սերժ Սարգսյանին քննադատել, որպեսզի բարձրացնեն «դհոլության» արդյունավետությունը։ Կասկած չկա, որ այդ մարդիկ կարող են նույնն անել Ալիևի համար։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ։

Ահա թե ինչպիսի մթնոլորտ է Հայաստանում ձևավորվել։ Եթե նախկինում կար միայն Գեորգի Վանյան, ապա հիմա վանյանները «պաչկեքով» են։ Ավելին՝ Վանյանը սրանց համեմատ կարող է ազգային գործիչ ընկալվել։

Երբ ասում էինք, որ այս իշխանության գործունեությունից օգտվում է Ալիևը, այս ամենը նկատի ունեինք։ Օգտվելը հո պոզով ու պոչով չի՞ լինում։

Ի՞նչ պետք է անել

Վահանի ասուլիսը սառցաբեկորի երևացող մասն է։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի «պռախադնոյ դվոռ» է դարձել Հայաստանը մեր թշնամիների համար։

Հայաստանում «նախաձեռնողական» և «արևմտամետ» քաղաքականություն է իրականացվում, որը գործնականում համընկնում է թուրք–ադրբեջանական զույգի ծրագրերի հետ։ Հիշե՛ք, թե «եվրաասոցացման» արկածախնդրության բուռն շրջանում «1in.am»–ները, «Lragir.am»–ները, «արևմտամետ» փորձագետներն ինչպես էին ձայնակցում թուրք–ադրբեջանական քաղաքական գծին՝ քարոզելով հայ–ռուսական ռազմաքաղաքական համակարգի փլուզման օգտին։ Ու հիմա էլ նույնն են անում։

«1in.am»–ի քաղաքական մեկնաբանը հարցազրույց է տալիս ադրբեջանական կայքին ու փրփուրը բերանին կռիվ տալիս ՀՀ անվտանգության համակարգի դեմ՝ ցանկություն հայտնելով, որ ՀԱՊԿ–ի ու, մասնավորապես, ՌԴ–ի փոխարեն մեր տարածաշրջանն իրենով լցնի Թուրքիան։ Այդ մեկնաբանը զուգահեռաբար ներքաղաքական հարցերով դհոլություն է անում Սերժի օգտին։

Է՛հ, նույն մեկնաբանը վաղը շատ ավելի մեծ գումարի դիմաց կարող է Վահանի ասուլիսից էլ «բեթար» ասուլիս տալ և վնասել Հայաստանին։ Եթե մարդը դարձել է ծախու, ապա դա ազգություն չի ճանաչում։

Ինչպես փողոցային մարմնավաճառների համար կապ չունի, թե ով է կլիենտը, և կարևորը փողն է, այնպես էլ քաղաքական ու տեղեկատվական դաշտի մարմնավաճառների համար կարևորը «կանաչն» է ու դրա քանակը։ Կրկնեմ՝ Ալիևը Սերժից ավելի շատ փող ունի…

. . .

Վերը նկարագրված երևույթները պետք է լուրջ մտահոգեն պատկան մարմիններին։ Սա պետության անվտանգության հարց է։ Մենք պատերազմական վիճակի մեջ ենք, ու տեղեկատվական դիվերսիաները ոչ պակաս վտանգավոր են, քան զենքի կիրառմամբ դիվերսիաները։

Եթե մեր երկրում մթնոլորտ չփոխվի, ու քաղաքական դաշտը չդադարի հասարակաց տուն հիշեցնել, ապա շատ լուրջ վտանգների առաջ մենք կկանգնենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը