Մեկնաբանություն

26.09.2015 10:20


2 օրում 7 զոհ. Մելիք–Ադամյան փողոցում զբաղված են նոր Սահմանադրության հարցով

2 օրում 7 զոհ. Մելիք–Ադամյան փողոցում զբաղված են նոր Սահմանադրության հարցով

Մենք հիմա պատերազմի մեջ ենք։ Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ և ԼՂՀ տարածքը։ Երկու օրում ունենք յոթ զոհ։

Ցավալին այն է, որ ինչքան շատ են ռմբակոծվում մեր բնակավայրերը, այնքան շատ են Սերժ Սարգսյանի թիմակիցները խոսում միայն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից։

Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը կրկին անհետացել է։ Մարդիկ զոհվում են, բայց Բաղրամյան 26–ից ոչ մի հրապարակային արձագանք։

Այս օրերին փորձարկվում է նոր Սահմանադրությունը։ Ըստ այդմ՝ ՀՀԿ–ի «գենսեկը» զբաղված է բացառապես սեփական խնդիրների լուծմամբ, ՀՀ քաղաքացիները հայտնվել են կրակի տակ, իսկ այս «խաղաղության» պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարության գործառույթն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը։

Հենց այդ մոդելն էլ առաջարկվում է նոր Սահմանադրությամբ։ Թե ինչ է դա նշանակում, տեսնում ենք գործնականում։ Իսկ թե ինչի կարող է դա բերել, երբ կրակոցներն ու հրթիռակոծությունները կրեն մասշտաբային բնույթ, դժվար չէ կռահել։ Նոր Սահմանադրության համաձայն՝ այդ դեպքում ԱԺ–ն պատերազմ կհայտարարի, ու գերագույն գլխավոր հրամանատարի դերը կստանձնի վարչապետը, ով մինչ այդ ռազմական ոլորտի հետ առնչվել է զուտ արարողակարգային մակարդակով ու բացարձակապես չի տիրապետում բանակին։

Ասել է թե՝ նոր Սահմանադրությունը Հայաստանն ու Ղարաբաղը դեպի պարտություն տանող փաստաթուղթ է, մեր երկիրը քաոսի մատնելու ծրագիր և անվտանգության սպառնալիք։

Հայաստանը հարձակման է ենթարկվել, ու մեր ջահել տղերքն են զոհվում (պետք է լուրջ քննության առարկա դառնա այն հարցը, թե ինչ գործ ունեն երեք ամսվա ծառայություն անցած 18 տարեկան երեխեքը առաջնագծում. ճամբարափոխության չեմպիոն ու մեծ–մեծ խոսող գեներալ Մանվելը դեռ չի՞ ուզում գրավել Բաքուն), իսկ ահա իշխանությունները զբաղված են բացառապես «սահմանադրական» հեղաշրջումը կազմակերպելու գործով։ Այս բարդ ու պայթյունավտանգ իրավիճակում նմանատիպ գործելակերպը լրիվ այլ բան է նշանակում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը