Մեկնաբանություն

30.09.2015 00:05


Պուտինի և Օբամայի «մեսիջն» «արևմտամետներին», «ռուսամետներին» ու մյուս «մետերին»

Պուտինի և Օբամայի «մեսիջն» «արևմտամետներին», «ռուսամետներին» ու մյուս «մետերին»

ՄԱԿ–ի 70–ամյակի և գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Օբամա–Պուտին հանդիպումը, համատեղ ճաշն ու բաժակաճառային խոսքերն ահագին բան բացահայտեցին։

Նախ՝ պարզվեց (մինչ այդ էլ պարզ էր, բայց հիմա ավելի զզվելի դրսևորումներ ստացավ), որ Հայաստանի լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում ահագին «դիշովկա» կա, որոնց մի մասը «բալետ է անում» Պուտինին, իսկ մյուս մասը՝ Օբամային։ Խոսքս, բնականաբար, այն մարդկանց մասին չէ, ովքեր գնահատում են Օբամայի կամ Պուտինի խոսքը, նրանց վարած քաղաքականությունն ու առանց էմոցիոնալ ֆոնի՝ փորձում են հասկանալ, թե աշխարհի հզորների վարքագիծն ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի, հայաբնակ արաբական երկրների վրա և այլն։

«Դիշովկեք» ասելիս նկատի ունեմ նրանց, ովքեր իրենց պահում են այնպես, կարծես ԱՄՆ կամ ՌԴ քաղաքացի են, կամ էլ՝ այդ երկրների «շպիոններ», որոնց գործը Հայաստանում Օբամայի կամ Պուտինի օգտին քարոզելն է, իսկ Հայաստանն ընդամենը բնակիչներ ունեցող տարածք է, որտեղ այդ կողմնակալ քարոզը պետք է տանել։

«Lragir.am»–ն, օրինակ, այնպիսի հորթային հրճվանքով է գրում, որ Օբաման «կրել է» Պուտինին, ու այնպիսի էնտուզիազմով է անդրադառնում ՌԴ–ի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին, որ նման բան անգամ ամերիկյան պարբերականներն իրենց թույլ չեն տալիս։ Սրանք լրիվ իրենց ԱՄՆ–ի «շպիոնի» տեղ են ուզում դնել, բայց դա, իհարկե, քողածածկույթ է, քանզի այդ կայքն ու դրա քույր կայքերը ներքաղաքական դաշտում աշխատում են ՀՀԿ ղեկավարի շահերի սպասարկման տիրույթում, իսկ հիմնականում՝ «ինքնիշխանության» ու «արևմտամետության» անվան տակ առաջ են տանում թուրք–ադրբեջանական քարոզչագիծը Հայաստանում, այն է՝ նպաստել հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը և հասնել մեր երկրի մեկուսացմանը։

Պուտինի և Օբամայի ելույթը նաև բացահայտեց վաղուց բացահայտված մի բան, այն է՝ աշխարհի մեծերի կռվում չի կարելի դառնալ մանրադրամ՝ բռնելով այս մեկի կամ այն մեկի կողմը։

Երբ պետություններն ու ժողովուրդներն իրենց ճակատագրի տնօրինումն ամբողջությամբ հանձնում են այս կամ այն գերտերությանը, ապա վերջում ստացվում է Սիրիա, Ուկրաինա, Իրաք և այլն։

ՌԴ և ԱՄՆ առաջնորդներն իրենց համատեղ ճառով ու բաժակ խփելով աշխարհի բոլոր ծայրերում ապրողներին ու, մասնավորապես, մեր տնաբույծ «արևմտամետներին», «ռուսամետներին» և այլ «մետերին» յուրօրինակ «մեսիջ» ուղարկեցին։ Այդ «մեսիջը» հետևյալն էր՝ «Գերտերությունները որքան էլ կոնֆլիկտի մեջ լինեն, վերջում կարող են մեկ բաժակ կոնյակի «ընկերակցությամբ» պետությունների ու ժողովուրդների ճակատագիր որոշեն, և «փուռը տան» նրանց, ովքեր մոռացել են սեփական ուժերին ապավինելու ու դրսում բացառապես դաշնակիցներ փնտրելու օրենքի մասին»։

Ամենավառ ու թարմ օրինակներից մեկն Ուկրաինան է։ Այնտեղ համաձայնեցին Արևմուտքի ձեռքում ՌԴ–ի դեմ գործիք դառնալ, որպեսզի լավ ապրեն։ Ուկրաինայում առաջնորդվում էին «Արևմուտքը մեզ կօգնի» տխրահռչակ կարգախոսով։ Արդյունքում՝ Ուկրաինան կորցրեց Ղրիմը, Կիևին չեն ենթարկվում Լուգանսկը և Դոնեցկը, հերթում Մարիուպոլն է...

Հիմա Ուկրաինայի արևմտյան հատվածում մինի սուգ է, քանզի իրենց սիրելի Օբաման ԱՄՆ–ում բաժակը բաժակին է զարկել իրենց ատելի Պուտինի հետ։ Նրանք դավաճանված ու «քցված» են զգում իրենց։ Այդ օլուխները չեն հասկանում, որ սեփական երկրի ճակատագիրն այլոց հանձնելու վերջը դա է լինում։

Մեր տնաբույծ «արևմտամետներն» ու մյուս «մետերն» էլ պետք է ականջներին օղ անեն, որ չի կարելի Հայաստանը դարձնել գերտերությունների մրցակցության թատերաբեմ։ Այսինքն՝ չի կարելի անել այն, ինչ անում էր ու շարունակում է անել Սերժ Սարգսյանն ու նրան սատարող քարոզչաթիմը։ Թեև, ում ենք ինչ ասում. մարդիկ անձնական շահեր ունեն, որոնք կտրուկ հակասում են Հայաստանի շահերին, և վիճակը կարող է նորմալանալ միայն մեծ փոփոխություններով ու նոր որակի իշխանության ձևավորմամբ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը