Մեկնաբանություն

30.09.2015 16:37


Ինչո՞ւ է լռում պաշտոնական Երևանը

Ինչո՞ւ է լռում պաշտոնական Երևանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքն անուղղակիորեն անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։

Խոսելով վերջին օրերին աճող լարվածության մասին՝ ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, հետևյալ միտքն է արտահայտել. «Մենք հորդորում ենք Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունը, և որ առավել կարևոր է՝ խուսափել քաղաքացիական զոհերից: Մենք նաև հորդորում ենք Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել տևական, խաղաղ կարգավորման»։

Փաստորեն, ստացվում է, որ Ուորլիքը համարում է, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ անկեղծ չէ, երբ հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, այլապես Հայաստանին կոչ չէր անի ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սարգսյանի խոսքերի հետ կապված՝ հիստերիկ արձագանք էր տվել Ադրբեջանը, և հիմա Ուորլիքը ճիշտ է համարում այդ արձագանքը՝ դիվանագիտական լեզվով հասկացնելով, որ Հայաստանը չպետք է բանակցային խոհանոցում մի բան ասի, իսկ հրապարակավ՝ լրիվ այլ բան։

Թե ինչ է ասում Սարգսյանը փակ բանակցությունների ժամանակ, հայտնի չէ, բայց եթե պաշտոնական Երևանը չի արձագանքում Ուորլիքին, ապա ստացվում է, որ լռությունը համաձայնության նշան է։

Բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է լռություն տիրի։ Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից ռազմական լարվածության աճի պատճառը հայկական կողմի ոչ անկեղծ լինելու վրա կբարդվի։

Եվ ուրեմն, պաշտոնական Երևանի արձագանքը տվյալ դեպքում պարտադիր է, քանզի գործ ունենք դիվանագիտական լեզվով հնչեցրած մեղադրանքի հետ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը