Աշխարհ

03.10.2015 17:22


Су-34. Վրաստանից մինչև Սիրիա (լուսանկար)

Су-34. Վրաստանից մինչև Սիրիա (լուսանկար)

Հայտնի է, որ ՌԴ ՊՆ–ն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը գրոհելու նպատակով օգտագործում է Су-34 ռմբակոծիչները, որոնք ՌԴ սպառազինության մաս են դարձել ընդամենը մեկ տարի առաջ։ Մինչ այդ ռուսական զինվորականները լուրջ առարկություններ ունեին այդ ինքնաթիռի որոշ մասերի աշխատանքի հետ կապված։ Օդաչուները և փորձագետները, որոնց հետ զրուցել է «Газета.Ru»–ն, նշում են, որ ներկայումս ինքնաթիռը լուրջ արդիականացման է ենթարկվել, և նախկին թերությունները վերացվել են։

Ներկայումս ՌԴ օդա–տիեզերական ուժերի ավիախմբում ընդգրկված Су-34–ը ստեղծվել է 1980-ականների կեսերին, սակայն զորքերին սկսել է մատակարարվել 2000-ականներից։ Ինքնաթիռի քթային մասի ձևով պայմանավորված՝ այս ռմբակոծիչները զինվորականների կողմից ստացել են «Բադիկ» անվանումը։

Ռուսական ռազմաճակատային նորագույն այս ինքնաթիռները նախատեսված են հակառակորդի վերերկրյա և վերջրյա թիրախները խոցելու և ՀՕՊ համակարգերը շարքից հանելու համար։

Չնայած այն փաստին, որ Су-34–ը հասցրել է մասնակցել 2008թ. Հարավային Օսիայի հակամարտությանը՝ պաշտոնապես ռմբակոծիչը սպառազինություն է համարվել միայն 2014թ. մարտին։ Ավելին՝ 6 տարվա շահագործումից հետո ռուս զինվորականները հայտնել են Су-34–ի մի շարք լուրջ թերությունների մասին, այդ թվում՝ նշանառության համակարգում. օդաչուները հաճախ ստիպված էին լինում առանց ռմբանետման և հրթիռներ բաց թողնելու՝ վերադառնալ օդակայան։

Су-34–ը մշտապես արդիականացվում ու կատարելագործվում է. վերջերս դրանում թիրախանշման նոր համակարգ է ներդրվել՝ բարձրացնելու այն զենքերի արդյունավետությունը, որոնք կարող են կիրառել այդ ինքնաթիռների անձնակազմերը։

«Սիրիայի գործողությունները նաև հնարավորություն են՝ ստուգելու այդ բոլոր նորույթները գործում»,–ասել է պարբերականի զրուցակիցը։

Անշուշտ, ցանկացած պատերազմում գոյություն ունի նաև ինքնաթիռները կորցնելու հնարավոր վտանգ, այդ թվում՝ ամենաժամանակակից և նորագույն սարքավորումներով հագեցած, և Су-34–ն էլ, իհարկե, բացառություն չէ։

Նման մեկ ռմբակոծիչի արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ ռուբլի։

«ՀՕՊ այն միջոցները, որոնք ունեն Սիրիայի զինյալները, սպառնում են Су-25 և Су-24 գրոհիչ ինքնաթիռներին։ Դրանք խորհրդային և ամերիկյան արտադրության զենիթահրթիռային համակարգեր են, որոնք կարող են ոչնչացնել մինչև 4,5 հազ բարձրությամբ օդային թիրախները։ Су-34–ին դա չի սպառնում»,– «Газете.Ru»–ին հայտնել է ՌԴ ՌՕՈւ աղբյուրը՝ նշելով, որ իրավիճակը կարող է փոխվել այն դեպքում, երբ գրոհայիններին հաջողվի ինքնաթիռների կործանման ավելի հեռահար համակարգեր ձեռք բերել, ինչպիսին է, օրինակ, ռուսական «Бука»–ն, որն ընդունակ է խոցել մինչև 18 կմ բարձրությամբ օդային նշանակետերը։ Իսկ նման համակարգեր, ըստ աղբյուրի, գրոհայինները կարող են զավթած լինել հարևան Իրաքից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը