Մեկնաբանություն

03.10.2015 19:59


Մեծ մարդիկ և փոքր «պալատականները»

Մեծ մարդիկ և փոքր «պալատականները»

Այսօր ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ դարձավ 80 տարեկան: Շնորհավո'ր:

Երեւանում ծնված, թիֆլիսահայ հնագույն տոհմից սերված ԱՐՏԻՍՏԻՆ ներկայացնելու, նրան գովերգելու կամ փառաբանելու կարիք, հազիվ թե, կա: Բոլորն են ճանաչում, սիրում եւ գնահատում Ջիգարխանյանին, որի անունը գրանցված է Գինեսի գրքում` որպես ամենաշատը նկարված դերասան (շուրջ 250 ֆիլմում եւ հեռուստաֆիլմում է նկարահանվել):

Ես նրա խաղը տեսել եմ 1987-ին մոսկովյան բեմում` Մայակովսկու անվան թատրոնում, որտեղ հանդես էր գալիս «Զրույցներ Սոկրատի հետ» բեմադրության գլխավոր հերոսի դերում (մեկ ամիս առաջ էր մահացել նրա 23-ամյա դուստրը եւ նա կրկին բեմում էր):

Ավելի ուշ՝ 1990-ականների վերջին, Ջիգարխանյանն իր թատրոնով եկավ Երեւան եւ այստեղ էլ տեսա նրա թատերական դերակատարումը:

Այս մարդուն դեռեւս 1967-ին են հրավիրել Մոսկվա: Հրավիրողն էլ եղել է ռուս նշանավոր բեմադրիչներից մեկը` Անատոլի Էֆրոսը: Մինչև այդ 10 տարի աշխատում էր Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Չեմ ուզում թվարկել կոչումների եւ պարգեւների այն երկար ցանկը, որոնք արժանիորեն շնորհվել են մեծ դերասանին: Բայց անպայման ուզում եմ անդրադառնալ Բաղրամյան 26-ի կողմից ժողարտիստի կոչման արժանացած անձի պոռոտախոսությանը: Դե, նրա էլի, ով իր գործունեությամբ արդեն 20 տարի տգիտացնում եւ դեգրադացնում է հայ հանրությանը:

Բաղրամյան 26-ի ժողարտիստը օրեր առաջ մեծախոսեց, ասելով, թե ինքը չի երաշխավորել, որ Արմեն Ջիգարխանյանը դառնա Երեւանի պատվավոր քաղաքացի: Ու ոչ ոք սրան չհարցրեց` դու ով ես, ա՛յ, տեղայնացված «մասշտաբի» ծաղրածու, որ երաշխավորես կամ չերաշխավորես:

Հայաստանից դուրս քո անունը լսած կա՞ն եւ ընդհանրապես` Ջիգարխանյանի մեծության, տաղանդի, աշխարհում հռչակված լինելու աստիճանով եթե դատենք, ապա քո շնորքն ու ճանաչումը իսկի հյուլեաչափ էլ չի: Ու հիմա դու պոռոտախոսում ես, թե չես երաշխավորել...

Իրոք, էս պուճուրիկ խեղկատակները ահավոր ծիծաղելի են, երբ մեյդան են ընկնում եւ ուզում են նսեմացնել աշխարհահռչակ արվեստագետներին:

Տո՛, ա՛յ, պալատական քյանդրբազներ, ձեր ճոռոյախոսությունից հսկաների վարկանիշը դույզն-ինչ չի տուժում, ուրեմն` ինչու եք թանիճանճություն անում...

Տո՛, էդ Երեւանի պատվավոր կոչումն ինչ մի բան է, որ էս Բ26-ի ժողարտիստն էլ փորձել է այն կրծքով պաշտպանել Ջիգարխանյանից: Ախր, շա՜տ մազալու է: Ախր, էդ` Երեւանի պատվավոր կոչման են արժանացել լիքը անարժաններ, ովքեր ոչ Երեւանում են ծնվել եւ ոչ էլ ինչ-որ կարեւոր ներդրում ունեն Երեւանի մշակույթի զարգացման գործում, ավելին` մի մասն էլ սովետի ԿԳԲ-ի հետ համագործակցած «արվեստագետներ» են: Ա՛յ, սրանց նմանների համար է այդ կոչումը...

Թե չէ, կարծում ես, որ քեզ կոտորելով իբր կանխել ես Ջիգարխանյանին այդ կոչման արժանացնելու որոշումը` մեծ հերոսություն ես արե՞լ...

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը