Մեկնաբանություն

04.10.2015 00:11


«Համահայկական առաջնորդն» ու հայությունը իրար հետ կապ չունեն

«Համահայկական առաջնորդն» ու հայությունը իրար հետ կապ չունեն

Արդեն երկրորդ տարին է, որ ՄԱԿ-ի ամբիոնի գորշ կանաչավուն ֆոնին տեսնում ենք կարմրադարչնագույն դեմք: Երկու ելույթներն էլ ոչ լսարանին են հետաքրքրել եւ ոչ էլ մեզ: Տպավորիչ չեն:

Արդեն երկրորդ տարին է, որ ՄԱԿ-ի գրասենյակից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում «հայկական կազմակերպությունների եւ համայնքի ներկայացուցիչների հետ» (ըստ Ս. Սարգսյանի մամուլի ծառայության): Սրա տակ պետք է հասկանալ Կոլումբիայի համալսարանում, «ԱրմԹեք» համաժողովում ելույթ կամ ողջույնի խոսք (անցյալ տարվա սեպտեմբերի վերջին), «Հայկական համագումարի» ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի, ԱՄՆ արեւելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ, ինչպես նաեւ` ամերիկյան փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ (վերջին օրերին):

Հա, չմոռանանք նաեւ տեղի հայ հոգեւորական դասին, որոնց հետ եւս հանդիպում է:

Այսքանով ավարտվում է նրա հանդիպումների շրջանակը: Սակայն ամերիկահայ համայնքը նշված կազմակերպությունները չեն, այսինքն` հին ու նոր սփյուռքը նշված սուբյեկտները չեն ներկայացնում կամ ներկայացնում են ձեւականորեն:

Իրականում ամերիկահայ համայնքը բազմաշերտ ու բազմադեմ է` մտահոգությունների ու խնդիրների, ցանկությունների ու նպատակների, հայրենիքի եւ նրա իշխանությունների հանդեպ տարաբնույթ վերաբերմունքի մի հսկայական «փաթեթով»:

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ տարին խուսափում հանդիպել ու շփվել ամերիկահայ համայնքի, այսպես ասած, շարքային անդամների հետ: Ինչի՞ց է վախենում: Հիմա էլ հո «յուրիվարդանյաններ» կամ «ֆուտբոլային» դիվանագիտության դեմ ընդվզող դաշնակցական շարքեր չկա՞ն այնտեղ:

Բայց ամեն անգամ կտրելով օվկիանոսը Սերժ Սարգսյանը հյուրընկալվում է ամենուր ու շրջանցում է բուն համայնքը՝ տեղի հայությանը:

Ասենք, «Քարնեգի» հիմնադրամում իր նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն է գովազդում, այն դեպքում, երբ Օբաման Սահմանադրությունը փոխելու միջոցով վերարտադրվող ղեկավարիների քայլն անընդունելի է համարում, եւ նրանց համարում ձախողված գործիչներ: Իսկ ահա մեր հայրենակիցների երեսը չի ուզում տեսնել:

Անշուշտ, հոգեբանորեն դժվար է հանդիպել հայաստանցիների այն հոծ բազմության հետ, որոնք հենց ի՛ր խայտառակ կառավարման հետեւանքով են լքել հայրենիքը եւ հաստատվել Միացյալ Նահանգներում: Բայց եթե ՀՀԿ ղեկավարին Շարմազանովն անվանում է «համահայկական առաջնորդ», ապա նա սփյուռքի հայության հետ հանդիպելու եւ շփվելու, նրա հետ համահայկական բնույթի հարցեր քննարկելու խնդիր պետք է որ չունենար:

Եթե «համահայկական առաջնորդ» է, ապա ենթադրվում է ջերմ ընդունելություն դրսում ապրող մեր հայրենակիցների կողմից:

Ուրեմն` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անտեսում մեր այն սովորական հայրենակիցներին, որոնց քանակը շա՜տ մեծ է եւ, որոնք իրականության զգացողությունը չեն կորցրել:

Մի բան, որ կորցրել է սփյուռքյան «դարավոր» կամ «էլիտար» կառույցների ղեկավարությունը:

Դե, թող Սարգսյանը հանդիպեր մարդկանց հետ եւ նրանց բացատրեր ու հավատացներ, որ Սահմանադրությունը փոխելուց հետո Հայաստանում կյանքը այնքան կլավանա, որ իրենք վազելով տուն կգան (դե, ջհանդամը, որ 6 տարի շարունակվող «Արի տուն» ծրագրի վրա ահագին գումար է ծախսվել, «ատկատների» մասով էլ չենք խոսում):

Հայաստանում ապրողներս չենք հավատում այդ հեքիաթին, գուցե ամերիկահայությունը կհավատա՞ր «համահայկական առաջնորդի» խոսքին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը