Աշխարհ

06.10.2015 19:03


«Bloomberg»–ը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

«Bloomberg»–ը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

«Bloomberg» գործակալությունը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որի առաջին տեղում է հայտնվել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի առաջին կին-ղեկավար Ջանեթ Ելլենը:

Աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանի նախագահ Քսի Ջինփինգը, երրորդ տեղում է «Apple» ընկերության ղեկավար Թիմ Քուքը, ով իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ կրկնապատկել է ընկերության շուկայական կապիտալը, չորրորդում ներդրումային մենեջմենթի ամերիկյան մուլտիազգային ընկերության ղեկավար Լարի Ֆինքն է։

Այդ ցանկի 5-րդ տեղում է հայտնվել աշխարհի ամենախոշոր գործարարներից մեկը՝ գործվածքներ արտադրող «Berkshire Hathaway» ընկերության ղեկավար Ուորրեն Բաֆֆեթը, ով հայտնի է նաև որպես «Հրաշագործ Օմահայից»: 2015թ. մարտի 1-ի դրությամբ՝ նրա ունեցվածքը կազմել է 72,7 մլրդ դոլար:

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է ցուցակի 6-րդ տեղում: Աղյուսակը ստեղծողները նշել են, որ նա այն մարդն է, ով կարողացել է գործարք կնքել Իրանի հետ, ինչը հնարավորություն կտա բացել այդ երկիրը համաշխարհային բիզնեսի առաջ։ Բացի այդ, Օբաման իր օրակարգում ընդգծել և առաջ է տանում կլիմայի փոփոխման խնդիրը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զբաղեցրել է 9-րդ տեղը: Ցուցակի հեղինակների կարծիքով ԵՄ-ն միություն է, որն ունի ղեկավարի պակաս: Այդ պակասը լրացրել է Գերմանիան՝ իր խոշորագույն տնտեսությունով: Դա ակնհայտ է դարձել Հունաստանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև գաղթականների հետ կապված ճգնաժամի ընթացքում:

Տասնյակը եզրափակում է «LinkedIn» սոցիալական ցանցի հիմնադիր Ռիդ Հոֆմանը, ով, աղյուսակի հեղինակների կարծիքով, «օգնել է կառուցել տեխնոլոգիական աշխարհի ամենահայտնի հեղափոխական ընկերություններից մեկը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը