Տնտեսական

07.10.2015 16:17


7 տոննա խաղողը թափել է ճանապարհին

7 տոննա խաղողը թափել է ճանապարհին

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչ Անդրանիկ Մովսիսյանն այսօր իր մշակած 7 տոննա խաղողը թափել է ճանապարհին։ Այն այլևս մթերման համար պիտանի չէ։
«Հոկտեմբերի 1-ին կազմակերպել էի բերքահավաքը, տարել Քաղցրաշենի գինու գործարան եւ հերթ կանգնել։ Մինչեւ ամսի 5-ը հերթ էր, մի օր գինու գործարանը չաշխատեց։ Ուրիշ գյուղերից բերեցին, մեր գյուղը մնաց։ Աշխատողները ասում էին՝ իմ բարեկամն է, իմ գյուղացին է, իմն ու քոնն էին անում, մենք էլ սպասում էինք, հերթը չէր հասնում մեզ»,- «Ա1+»-ին պատմեց իր աշխատանքի արդյունքը չտեսած Անդրանիկ Մովսիսյանը։

Նրա խոսքերով՝ խաղողը շատ լավ որակ է ունեցել. պարզապես տեղացած անձրեւները եւ հերթ կանգնելը փչացրել են բերքը։
«Մթերման ժամանակ ասեցին՝ թթվել է, մեքենան հանի դուրս։ Ասեցի՝ գոնե 50 դրամով վերցրեք. 7 տոննան տանեմ ի՞նչ անեմ, ասեց՝ 10 դրամ էլ չեմ տա, հանի դուրս»,- պատմում է խաղողագործը։

Նրա խոսքերով՝ մեկ ամիս հետո պետք է մեծ քանակությամբ վարկ փակի, եւ միակ հույսը խաղողն էր։

Այս խորագրի վերջին նյութերը