Քաղաքական

09.10.2015 11:43


Էդ.Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը»

Էդ.Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը,–ասել է Նալբանդյանը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից համակարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։

–Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը,–ավելացրել է նա՝ նշելով, որ Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին.

–Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը