Քաղաքական

29.09.2010 16:51


Ինչո՞ւ «Ժառանգությունը» Լևոն Տեր–Պետրոսյանին սատարեց

Ինչո՞ւ «Ժառանգությունը» Լևոն Տեր–Պետրոսյանին սատարեց

-Խորհուրդ կտամ՝ բոլոր այն մարդկիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում «Ժառանգության»՝ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու հարցի շուրջ, թող տեսնեն նաև այդ ժամանակ մամուլում հրապարակված «Ժառանգության» ներկայացուցիչների ասածները, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք և Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր դիրքորոշումներ ունենք։ Մեր սատարումը Լևոն-Տեր-Պետրոսյանին բացառապես եղել է հասարակության շահը ներկայացնելու խնդրում և հասարակական պահանջը, պատվերը կատարելու հարցի շուրջ,-«Փաստարկ» ակումբում լրագրողների հատ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ 2008թ. համաժողովրդական շարժման բուն նպատակը Հայաստանում բուն իշխանափոխություն իրականացնելն էր, և հասարակական շարժման բուն նպատակն այդ պահին Ղարաբաղի հարցի լուծումը չէր։

-Իհարկե, Ղարաբաղի հարցի հետ կապված, հնարավոր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր դիրքորոշումը չէր փոխել, և դրա մասին մենք տեղյակ ենք, բայց քանի որ խնդիրը դրված էր իշխանափոխությունը և ոչ թե Ղարաբաղի հարցի լուծումը, ուստի և մենք սպասարկեցինք ժողովրդի այդ պահանջը, որ տեղի ունենան ազատ, արդար ընտրություններ և իշխանափոխություն։ Չէ՞ որ շարժումը ղարաբաղյան խնդրին կամ հայ-թուրքական հարաբերություններին չէր վերաբերում,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Նա հիշեցրել է, որ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ստեղծվեց «Ոչ»-ի շարժումը, որտեղ «Ժառանգությունը» հիմնական դերակատարներից էր ՀՀԴ-ի հետ միասին։ Հետևաբար նա նշել է, որ պետք է տարանջատել յուրաքանչյուր շարժման թիրախն ու գլխավոր նապատկը։

-Չեմ կարծում, որ պարզ չէ, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Չէ՞ որ հասարակության այն հատվածը, որը հավաքված էր Ազատության հրապարակում, այնտեղ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի անձի համար էր եկել, այլ եկել էր փոփոխություններ կատարելու ակնկալիքով, իշխանափոխություն կատարելու ակնկալիքով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը