Հարցազրույց

05.11.2015 23:08


Է.Նալբանդյան. «Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը»

Է.Նալբանդյան. «Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին.

–Ինչպե՞ս կմեկնաբանեք ս.թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին:

Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց տարածած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաև, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը` մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:

Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետևի ԱՄՆ կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց` եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը:

Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը