Կարծիք

20.11.2015 12:23


Ինչու է աղմկում իշխանական ԶԼՄ-ն

Ինչու է աղմկում իշխանական ԶԼՄ-ն

Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն հետևում են տեղեկատվական հոսքերին, ֆիքսել են, որ իշխանությունների շահերը սպասարկող լրատվամիջոցներն իրենց վերլուծությունների գլխավոր ֆիգուրներից են դարձրել Արա Աբրահամյանին: Եկեք նախ և առաջ հասկանանք` ինչու է դա այդպես:

Փետրվարյան հայտնի իրադարձություններից, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությունից հետո, որ նա մուտք է գործում Հայաստանի քաղաքական դաշտ, մենք լիովին նոր քաղաքական դասավորություն ստացանք ներքաղաքական ասպարեզում: Հրապարակային քաղաքական դաշտում մնաց իշխանությունն՝ իրեն սպասարկող մի շարք արտաքնապես ընդդիմադիր ուժերի և գործիչների հետ, որոնք միասին, օրինակ, «ոչ»-ի և «այո»-ի «բարի և քաղաքակիրթ» քարոզարշավ են իրականացնում: Իսկ մյուս կողմից մենք ունենք լուրջ վակուում քաղաքական դաշտում, և մարդիկ այդ վակուումում փորձում են մի բևեռ գտնել, որի հետ հնարավոր կլինի հույսեր կապել: Եւ հենց այս իրավիճակում Արա Աբրահամյանը հայտ ներկայացրեց՝ մուտք գործելու Հայաստանի քաղաքական դաշտ:

Այս իրողությունը բոլորից լավ գիտակցում են իշխանությունները, և հենց դա է իրենց ստիպում մեդիա ասպարեզում «պատերազմ վարել» Աբրահամյանի դեմ: Իրենց ԶԼՄ-ում տեղ գտած հոդվածները արտացոլանքն են այն վախերի, որոնցով իրենք ապրում են: Հայաստանի այսօրվա իշխանությունները մեզանից լավ գիտեն, որ երկրում կա լուրջ բողոքական զանգված, կան լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ, արդարության պակաս, և եթե այդ խնդիրների լուծումը մարդիկ սկսեն կապել Արա Աբրահամյանի հետ, ապա քաղաքական զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Իսկ եթե Արա Աբրահամյանին հաջողվի իր շուրջ ստեղծել հզոր թիմ, գրել երկրի զարգացման լուրջ ծրագիր, հաշվի առնել այն բացթողումները, որոնք առկա էին նախկինում, ապա երկրում իշխանություն փոխելու հարցը կարող է արագ լուծվել: Հենց սրա գիտակցությունն է ստիպում իշխանություններին արդեն հիմա գործել՝ չթողնելով այս խնդրի լուծումը հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածի վրա:

Սակայն եկեք դեռ չխոսենք իշխանափոխության մասին, այլ նախ և առաջ ֆիքսենք, որ իշխանություններն ունեն լուրջ մտահոգություններ՝ կապված Արա Աբրահամյանի հետ, ինչպես նաև ֆիքսենք, որ շուտով քաղաքական զարգացումները դուրս կգան որակապես նոր շրջան, ինչը, իհարկե, չի կարող չուրախացնել և հույս չներշնչել, որ, ի վերջո, մեր երկրում դեռ հնարավոր է փոփոխություններ իրականացնել:

Պարտություններից հոգնած մեր հասարակությունն ուզում է վերջապես տեսնել հաղթանակ: Սակայն դրա համար անհրաժեշտ են ճշգրիտ հաշվարկներ և ճշգրիտ քաղաքական քայլեր, քանզի առանց դրա ճիշտ չի լինի հանդես գալ հասարակության առջև: Հայաստանին իրավամբ անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն, իսկ թե ինչպես, այսօր փակագծերը չենք բացի և դրա մասին կխոսենք շատ շուտով:
Ռուբեն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը