Մեկնաբանություն

23.11.2015 11:35


Արա Աբրահամյանի հայտը և Զորի Գայկովիչի հոգեզավակների անհանգստությունը

Արա Աբրահամյանի հայտը և Զորի Գայկովիչի հոգեզավակների անհանգստությունը

Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գործող «անկախ» մամուլի «արևմտամետ» հատվածը (հատկապես «1in.am»–ը և «Lragir.am»–ը (չհաշված մանր–մունր շնիկները)՝ «Գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկները) պարբերաբար քարոզչական հարձակումներ են գործում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի դեմ։ Պատճառը պարզ է. նա հայտարարել է, որ կարող է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է թե՝ քաղաքական հայտ է ներկայացրել։ Իսկ դա նշանակում է, որ անկախ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից՝ ՀՀԿ ղեկավարի ծրագրերը խախտվում են, և չի ստացվում այն «իդիլիան», որին ձգտել է երկար ժամանակ։

Արա Աբրահամյանն ակտիվ գործողությունների դեռ չի դիմել, սակայն նրա դեմ քարոզչական արշավի կոդերը նախապատրաստվում են։ Ըստ այդմ՝ իշխանությունները նրան ուզում են մեղադրել, իբր, «ռուսական նախագիծ» լինելու մեջ։ Ասում են, թե ՌՀՄ նախագահն, իբր, գալիս է Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար։ Նաև ասում են, թե, իբր, նա հետևելու է, որ իշխանությունները հանկարծ արևմտյան ուղղությամբ չգնան, ու հանկարծ Արևմուտքն այստեղ ներդրումներ չանի (ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարն ուզում է Արևմուտքից ներդրումներ բերել, բայց չար Կրեմլը Աբրահամյանի միջոցով թույլ չի տալիս դա. ամա՜ն, ամա՜ն)։ Թե քանի արարածի կամ չորքոտանու կարող են համոզել այսպիսի անհեթեթ ու սրտաճմլիկ ձևակերպումներով, թողնենք կենդանաբանականի մասնագետներին։

Իրականությունն այն է, որ Հայաստանում չկա ավելի հակաինքնիշխանական ուժ և ավելի ռուսահպատակ միավոր, քան Զորի Գայկովիչի հոգեզավակների խմբակն է, այսինքն՝ գործող իշխանական վերնախավը։

Կարելի է կարծել, որ այլմոլորակայիններն են Հայաստանը մեկ գիշերվա մեջ մտցրել Կրեմլի «պադվալ»։ Կամ էլ՝ Զորի Գայկովիչն ինքնաբուխ է նամակ գրել «ռուսաց թագավորին»՝ հավատարմության երդումներ տալով Գյուլիստանի պայմանագրին։

Ի դեպ, այդ տխրահռչակ նամակի հրապարակումից երկու օր անց Զորի Գայկովիչը Սերժ Սարգսյանի հետ նկարվում էր Ղարաբաղում։ Բ26–ը այդպիսով «մեսիջ» էր ուղարկում Մոսկվա, որ «ծովահեն» Զորիի նամակի բովանդակության հետ համակարծիք է, ու հենց ինքն էլ պատվիրել է այն։

Այնպես որ, ով՝ ով, բայց Բ26–ը թող չխոսի ռուսահպատակությունից ու ինքնիշխանությունից։ Սրանք համագործակցությունը և արժանապատիվ հարաբերությունները շփոթում են վասալային կախվածության հետ, քանզի մտածողությունն է այդպիսին։ Բայց դա արդեն իրենց խնդիրն է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը