Լրահոս

24.11.2015 22:28


Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել (տեսանյութ)

Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել (տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր, որի հետևանքով վերջինիս պատճառվել է գույքային վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ գողացված քարտերից մեկով նույն օրը Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է կատարվել գումար կանխիկացնել: Քննության ընթացքում ստացվել են բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է կանխիկացման փորձ կատարող երիտասարդը:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում և լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը