Մեկնաբանություն

25.11.2015 21:30


Ովքեր են կանգնած տեղեկատվական ահաբեկչության հետևում (տեսանյութ)

Ովքեր են կանգնած տեղեկատվական ահաբեկչության հետևում (տեսանյութ)

Այսօր առավոտյան Հայաստանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Խոսքս տեղեկատվական ահաբեկչության մասին է։

«Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող կայքերն ամեն ինչ արեցին, որպեսզի մայրաքաղաքում և ընդհանրապես Հայաստանում խուճապային տրամադրություն լինի։ Հետո այդ խուճապային մթնոլորտն է՛լ ավելի խորացրեցին «քույր» լրատվամիջոցները։ Այսինքն՝ իշխանություններն իրենց պահեցին «Իսլամական պետության» ահաբեկիչների պես՝ օգտագործելով մեդիառեսուրսները մարդկանց մոտ ահ ու սարսափ առաջացնելու համար։

Նախ՝ «shamshyan.com»–ը, ուժային կառույցների լրատվականներից առաջ ընկնելով, տարածեց, թե, իբր, արտասահմանցիներից բաղկացած հանցավոր խումբ է վնասազերծվել, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Երևանում։ Նշվում էր նաև, որ 10–հոգանոց խմբում կա երեք աղջիկ։

«shamshyan.com»-ի տարածած լուրն ուրույն կառուցվածք ուներ և միտումնավոր այնպիսի փաթեթավորմամբ էր մատուցվել, որ ընթերցողը պետք է վնասազերծված խմբին անմիջապես նույնացներ իսլամական ահաբեկիչների հետ՝ «Աղջիկները մահապարտ շահիդուհիներն են, իսկ տղամարդիկ՝ ջիհադականները» թեմայով։

«Մուտիլովկան» հասավ իր նպատակին։ Մարդկանց մոտ մի քանի ժամ տևողությամբ խուճապ էր։

«shamshyan.com»–ից հետո խաղի մեջ մտավ մյուս «մուտիլովչիկը»՝ «1in.am»–ը՝ տարածելով, թե խումբը, կամ ինչպես հետագայում իրավապահները ձևակերպեցին՝ «հանցավոր խմբակցությունը», կապ ունի ընդդիմադիր ուժերից մեկի հետ։ Ակնհայտ էր, որ Արման Բաբաջանյանի կայքի միջոցով սլաքներն ուղղվում էին Ժիրայր Սեֆիլյանի կողմ։

Թե իրականում ինչ է ներկայացնում վնասազերծված խումբը, և ովքեր են նրանք (իսլամական ահաբեկիչնե՞ր, «սովորական» զինված բանդա՞, քաղաքական վրիժառունե՞ր, քաղաքացիական ակտիվիստնե՞ր, թե՞ պարզապես սերիալային դերասաններ), դժվար է ասել։ Տվյալ դեպքում դա չէ էականը։

Էականն այն է, որ իշխանական լրատվամիջոցները ծրագրավորված ու նպատակային խուճապ առաջացրեցին, այսինքն՝ տեղեկատվական ահաբեկչության ենթարկեցին ՀՀ քաղաքացիներին։ Նշանակում է, որ դա ինչ–որ մեկին պետք էր, այն էլ՝ սահմանադրական հանրաքվեից առաջ։ Այդ ինչ–որ մեկը պատահական մարդ չէ, քանզի կարողացել է նախ տեղեկատվական «սլիվ» կազմակերպել «անկախ» մամուլով, տարածել խուճապ, ապա նոր միայն պաշտոնական հաղորդագրություն հրամցրել հանրությանը։

Պարզ է, որ այս ամենը կազմակերպվել է Բաղրամյան 26–ից։ Նապատակն էլ է պարզ՝ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ տարածել և ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի հանկարծ որևէ զանգվածային միջոցառում չլինի հանրաքվեից առաջ, ու հետո՝ «Ժողովո՛ւրդ ջան, ահաբեկչության վտանգ կա, շատ խմբերով մի՛ հավաքվեք» տարբերակով։

Անգամ եթե շատ վտանգավոր հանցավոր խումբ են ձերբակալել իրավապահները, ապա հասկանալի է, որ չէր կարելի խուճապային ու ահաբեկչական բնույթի տեխնոլոգիաներ կիրառել։ Բայց դե, ում ենք ինչ ասում։ Նախագահականում կողմ են եղել, որպեսզի հենց նման ձևով տեղեկատվությունը մատուցվի, ու այդպես էլ արել են։

Հերթական անգամ, հետևաբար, արձանագրենք, որ 2008–ից հետո այս իշխանությունները ստեղծել են հասարակության դեմ պայքարի հզոր զենք՝ «Գեբելսյան» քարոզչամեքենա։ Այն ծառայեցվում է իշխանության պահպանմանը և վերարտադրմանը։ Հետևություններ դժվար չէ անել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ուշագրավ մի հանգամանք։

Ուժայինների կողմից համապատասխան օպերացիա իրականացնելուց հետո լրատվամիջոցներին թույլ էին տվել մտնել ու նկարահանումներ անել այն տանը (տե՛ս հոդվածին կից ներկայացված առաջին տեսանյութը), որտեղից ժամեր առաջ դուրս էին բերվել «ահաբեկիչները», հսկայական քանակությամբ զենք և այլն (տե՛ս երկրորդ տեսանյութը)։

Մինչդեռ հայտնի է, որ հանցանքի վայրը որոշ ժամանակ փակ է պահվում, ու այլ մարդկանց, այդ թվում՝ սեփականատերերի մուտքն արգելվում է, քանզի կարող է կարիք լինել տեղանքի լրացուցիչ հետազոտության, մատնահետքերի հայտնաբերման և այլ գործողությունների։ Այս դեպքում, սակայն, «դարի» հանցավոր խմբակցությունը վնասազերծվել էր, ու դրանից րոպեներ անց իրավապահները թույլ էին տվել տարածք մտնել «անկախ» մամուլի ողջ շքախմբին, որոնք տանտիրոջ հարազատից տեղում ճշտում էին, թե արդյոք օտարերկրացի՞ էր եղել տան վարձակալը, թե՞ ոչ։

Ի՞նչ է սա՝ իրավապահների կողմից մասնագիտական «կի՞քս», թե՞ այլ բան։

Այս խորագրի վերջին նյութերը