Մեկնաբանություն

29.11.2015 14:20


Ուռռա՜, ընկերնե՛ր...

Ուռռա՜, ընկերնե՛ր...

Այսօր Նոյեմբեր 29-ն է` Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն հռչակվելու օրը...

Դա եղել է 20-րդ դարում (1920 թվին): Հիմա ճիշտ է՝ շքերթ-մքերթ չենք անում, սակայն 21-րդ դարում էլ մեզ դեռ շարունակում են ղեկավարել սարգիսկասյանները, ասքանազմռավյանները, ավիսնուրիջանյանները: Պատահական չէ, որ այսօր գործող Կոմկուսը վճռականորեն սատարում է «Վերջի բոլշեւիկին» եւ նրա նախաձեռնությանը եւ իր վճռական «այո»-ն է ասելու Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխություններին, որոնց շնորհիվ երկիը հետ է գլորվելու դեպի բոլշևիկացման շրջան: Խորհրդարանական կայուն մեծամասնություն ունենալու, նախագահի ինստիտուտը զրոյացնելու եւ այլ դրույթների մասին նոր Սահմանադրության մեջ ամրագրումները՝ վկա եւ ապացույց:

Այս օրերին, ինչպես տեսնում եք, Հայաստանի «ռազմահեղափոխական կոմիտեն» մարզերում եւ գյուղերում շարունակում է երկիրը խորհրդայնացնելու քարոզարշավ-շոուները՝ «այո»–ական ու, իբր, «ոչ»–ական շոումենների մասնակցությամբ: Իսկ դեկտեմբերի 6-ին սպասվում է «11-րդ բանակի» մուտքը Հայաստան: Մնացածը հայտնի է. գործող բոլշեւիկյան իշխանությունը հրապարակում կվերականգնի Լենինի հայտնի արձանի պատվանդանը, եւ ամեն տարի դեկտեմբեր 6-ին այդ պատվանդանի մոտ կկանգնեն մերօրյա սարգիսկասյանները, ասքանազմռավյանները, ավիսնուրիջանյանները եւ կընդունեն պարադը…

Սա չափազանցություն չէ. Սերժ Սարգսյանի հեղինակային սահմանադրական նախագիծը տանում է դրան: Իսկապես, «Վերջի բոլշեւիկի» վտանգավոր նախաձեռնությունը ստիպում է «կարմիր» դեժավյու ապրել:

Ուրեմն, մեզ` ժողովրդին, այլ բան չի մնում, քան հանրաքվեի օրը միլիոն հատ «Ոչ»-ով կանխել «11-րդ բանակի» մուտքը Հայաստան` թույլ չտալով անցումը բոլշևիկյան կառավարման համակարգին եւ ԽՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի իշխանության հավերժացումը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը