Աշխարհ

30.11.2015 18:45


Քրդերը խոստացել են պայթեցնել թուրքական ուղղաթիռները (տեսանյութ)

Քրդերը խոստացել են պայթեցնել թուրքական ուղղաթիռները (տեսանյութ)

ԻՊ խալիֆաթի դեմ իրական պայքար մղող կարևորագույն ուժերից մեկն էլ քրդերն են։ «Վեստիի» փոխանցմամբ՝ հայրենիք չունեցող 40 մլն քրդերի մոտ երկու երրորդն ապրում է Թուրքիայում, մնացածը՝ հիմնականում Իրանում, Իրաքում և Սիրիայում։ Այդ «հայրենիքն» էլ պայմանականորեն կոչում են Քրդստան։

Իրաքում քրդերը ԴԱԻՇ–ից զենքով պաշտպանում են իրենց ինքնավարությունը, իսկ Սիրիայում իրենց գործողությունները համաձայնեցնում են Ասադի բանակի հետ, որտեղ միասին ազատագրեցին Քոբանին, էլ–Աբյադն ու Հասաքեն։

Թուրքիայում քրդերը ճնշված ժողովուրդ են՝ պատրաստ հաստատելու սեփական իրավունքները դեռևս Աթաթուրքի ժամանակներից խոստացված ինքնավարության համար։ Հասկանալի է, որ Թուրքիայում դա որակվում է որպես անջատականություն ու ահաբեկչություն։

ԴԱԻՇ–ի խալիֆաթի դեմ արդյունավետ պայքար մղող քրդերը թիկունքից ենթարկվում են թուրք ազգայնականների հարվածներին։ Քրդական խնդրի սրման ժամանակ Անկարան սկսում է ռմբակոծել Իրաքում քրդական բնակավայրերը՝ պատճառաբանելով, որ հարվածում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին։ Երբ քրդական ինքնապաշտպանական ուժերը՝ փեշմերգաները (դեպի մահ գնացողներ), իսլամականներից ազատագրել էին Սերքանն ու Քոբանին, Թուրքիայի ավիացիան սկսեց ռմբակոծել դրանք՝ վերածելով քաղաքներն իսկական ավերակների։ Ավելի ուշ թուրք իշխանությունները հայտարարեցին, թե, իբր, չգիտեին, որ ԻՊ–ն այնտեղ չէ այլևս։

Էրդողանի համար իսկական մղձավանջ է իր եկրի հարավարևելյան հատվածում անկախ Քրդստանի հայտնվելը։

Սիրիայում քրդերը վերահսկում են ողջ Ռոժավը. Բաշար Ասադը համատեղ պայքարից հետո նրանց ինքնավարություն է խոստացել։

Մինչդեռ Թուրքիան նախընտրում է երկխոսել ԻԼԻՊ–ի ու «Ալ քաիդայի հետ», բայց ոչ երբեք՝ քրդերի, որոնք տարածք են պահանջում։

Ամենից շատ քրդերին է զարմացրել ԻՊ զինյալների դեմ պայքարող միջազգային կոալիցիային Թուրքիայի ներգրավվածությունը։ Արտասահմանցի բոլոր վարձկանների մոտ, որոնք ընկել են նրանց ձեռքը, թուրքական անձնագրեր են եղել։

«Թուրքիան հայտարարում է, որ ԻՊ դեմ է, սակայն ԻՊ–ն նրա անկապտելի մասն է, ԻՊ ահաբեկիչները նրա «սաներն են», ինչպես նաև՝ «Ջեբհաթ Ան–Նուսրան»։ Թուրքիան է նրանց ստեղծել, և ինքն էլ սնում է։ Հակառակ պնդումներն ուղղակի ծիծաղելի են»,–համոզված է ՔԱԿ բանակի հրամանատար Մուրատ Քարայըլանը։

«Ուրախ ենք, որ ՌԴ–ն սկսել է ռմբակոծել Սիրիայում ահաբեկիչների դիրքերը։ Սպասում ենք, որ ռուսական ավիացիան շուտով սկսի գործել նաև Իրաքում»,– հույս են հայտնել քուրդ զինվորները։

Ահաբեկիչների դեմ խիզախորեն մարտնչող քրդերը, սակայն, զուրկ են տարրական դեղամիջոցներից, չի հերիքում նաև զենքը, որոնք ուղարկելու խնդրանով նամակով դիմել են ՌԴ նախագահ Պուտինին։

Դե, իսկ Ռոժավի սիրիացի քրդերը խոստացել են պայթեցնել թուրքական ուղղաթիռները, եթե դրանք ներխուժեն իրենց տարածք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը