Բլոգերները կործանված «ՏՈՒ-154»–ի եւ Հայաստանի ապագայի մասին
Հայկական բլոգոսֆերան ամբողջ գիշեր քննարկում էր կործանված «ՏՈՒ-154» ինքնաթիռի վերաբերյալ վերջին նորությունները, և բլոգերներն իրենց ցավակցությունն էին հայտնում զոհվածների հարազատներին, ինչպես նաև կիսում իրենց մտավախությունները։ Իրանահայ հրապարակագիր Վարդան Դավթյանն իր բլոգում հաղորդում էր վերջին նորությունները դեպքի վայրից և հրապարակում լուսանկարները։
«Ղազւին նահանգի տագնապների տնօրինման բաժնի պատասխանատուներից մէկն ասաց թէ՝ Զոհւածների մարմինները հաւաքւել են վթարի վայրից ու Ղազւինի դատաբժշկական կենտրոն են փոխադրւել։ Նա աւելացրեց նաեւ, որ օդանաւի սաստիկ թափով գետնին դիպչելու և ջախջախւելու ինչպէս նաև հրկիզւելու պատճառով, զոհերի մարմիններն էլ օդանաւի մասերի նման ցրւել էին շուրջ 300 մետր տրամագծի շրջակայքում եւ անճանաչելի են։ Յիշեալի ասութեամբ զոհերի մարմինների մնացորդն այսօր Թեհրան են փոխադրւելու եւ նրանց կարելի է ճանաչել միայն DNA քննութեան միջոցով»,–գրում է բլոգերը և պատմում, որ Հայաստանի քաղաքացի Հարություն Խալղաթյանն ուշացել է թռիչքից ու հրաշքով փրկվել է վթարից։
Միևնույն ժամանակ, Երևանից՝ Զվարթնոց օդանավակայանից, իր բլոգում նկարներ էր դնում «Йцукен»–ը։ BBC–ի լրագրող Մարկ Գրիգորյանն իր բլոգում գրում է, թե ժամանակն է, որ բոլոր խորհրդային ինքնաթիռները որպես մետաղի ջարդոն հանձնվեն։ Shur–ը իր գրառումը «Աստված հոգիները լուսավորի» նախադասությամբ է սկսում։ Ավիավթարի մասին են գրում նաև pigh–ը, gasparian–ը, mekayles–ը, solnushkin–ը։ elektra186-ը գրում է, որ Իրանում հաճախ են ավիավթարներ լինում, քանի որ բեռնարգելը՝ «էմբարգոն», թույլ չի տալիս նորացնել ինքնաթիռների «պարկը», և իրենց ունեցածը հիմնականում «ՏՈւ»–եր են ու հին ամերիկյան ինքնաթիռներ։
Arin-Berd–ը գրում է, որ ամեն ինչ խառնվել է իրար ու համադրում է կործանված ինքնաթիռի և ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը, որի մասին գրել էր livejournal–ական բլոգեր ahousekeeper–ը, իսկ ar_vest–ը նաև գրում է Արցախի քաղաքական կուսակցությունների տարածած հայտարարության մասին։
«Արցախի քաղաքական կուսակցությունները՝ որպես Արցախի ժողովրդի քաղաքական մտքի և կամքի հիմնական արտահայտողներ, հավատարիմ մնալով Արցախի անկախ պետականության սկզբունքներին, որոնք արտահայտվել են միջազգային ճանաչված չափանիշներով, 1991թ. համաժողովրդական և 2006թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեներով, հաստատում են, որ ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից, ինչպես նաև ԼՂՀ փաստացի պետականության անտեսումը և հակամարտության հանգուցալուծման նկատմամբ խտրական մոտեցումների դրսևորումները, ներկա փուլում ձախողման են դատապարտել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը»,–մեջբերում է նա։
Հատկանշական է, որ այսօր նախագահների մակարդակով Հայաստան–Ադրբեջան հանդիպման նախօրեին ու բազամթիվ քաղաքական «անզիջում» կամ մեղմող հայտարարությունների համատեքստում աշխույժ քննարկումները, այնուամենայնիվ, մարել են։ orientalian–ն ու Arthur Martirosyan–ը տրամաբանությունից դուրս են համարում Արցախի հանրաքվեի անցկացման՝ բարձր ամբիոններից հնչած մեկնաբանությունները։ Իսկ noni-no–ն առաջարկում է օրն սկսելու նման տարբերակ.
«Լարված օրվա սկսելուց առաջ, խաղաղություն քեզ մաղթեմ, էլի, Հայաստա՛ն ջան։ Ապրի՛ր թեկուզ ոչ երջանիկ, բայց առանց մեծ դժբախտությունների, թեկուզ դժվարություններով, բայց գոնե առանց աղետների»…
Լուսանկարները ըստ Վարդան Դավթյանի բլոգի։
«Բլոգների տեսություն», 16.07.2009
Related posts:
- Բլոգերները հայ–թուրքական արձանագրությունների և Էրեբունի–Երևանի մասին Վերջին օրերին հայկական բլոգոսֆերան ակտիվորեն քննարում է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումն...
- Բլոգերները հայ–թուրքական հարաբերությունների ու ամոթալի պայմանագրերի մասին Հայկական բոլոգոսֆերայում այսօր իրերին, ինչպես ողջ մամուլում ակտուալ է հայ–թուրքական...
- Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում...
- Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն...
- «Տեսա՞ք ինչ եղավ», կամ «Բա հիմա ի՞նչ է լինելու» «7 օր»-ը հյուրընկալել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին և բլոգեր Տիգրան...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.




