Մասսայական կրճատումներ Գյումրիո՞ւմ
Գյումրու ավագանին նախորդ օրը հաստատել է 2010 թ. համայնքային բյուջեն, որը կազմում է 3 մլրդ 373 մլն դրամ: 2009-ի համեմատ այս տարվա բյուջեի գումարները պակասել են 363 մլն-ով, իսկ պատճառն, ըստ քաղաքապետի, այն է, որ նախորդ տարվա բյուջեի եկամուտները ծրագրի համեմատ կատարվել են 77 տոկոսով, կամ բյուջե պակաս է մուտքագրվել 497.5 մլն դրամի եկամուտ։
Համայնքային բյուջեի հաստատման օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներից, երաժշտական և սպորտային դպրոցներից ահազանգեր են ստացվում, որ իրենց հիմնարկություններում մասսայական կրճատումներ են տեղի ունենում քաղաքապետարանի ֆինանսական խնդիրների պատճառով:
Սակայն Գյումրու քաղաքապետը կտրականապես հերքում է մասսայական կրճատումների մասին լուրերը՝ նշելով, որ ընդհակառակը՝ իրենք նոր սպորտային դպրոցներ են բացում՝ նոր աշխատակազմ ներգրավվելով:
«Մենք կրճատումներ չունենք, բայց ունենք ամեն տարի նախնական բյուջեի հաստատումը. ում տարիքը լրացել է, նա օրենքով ազատվում է աշխատանքից, և նմանատիպ կրճատումներ մեզ մոտ եղել են: Իսկ մասսայական կրճատումներ մեզ մոտ չեն եղել: Հետո իրենք բոլորն էլ կողքից հավաքագրում են արտաբյուջետային գումարներ: Ուրեմն արտաբյուջեով իրենք իրավունք ունեն և՛ աշխատավարձն ավելացնել, և՛ լրացուցիչ հաստիքներ պահել: Այսինքն, իրենք ունեն հավելյալ գումարներ, որոնցով կարող են հոգալ իրենց կարիքների մի մասը»,- լրագրողներին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Սակայն մյուս կողմից քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող վերոհիշյալ հաստատություններում նշում են, որ իրականում արտաբյուջետային հավաքագրումներն այնքան սուղ են, որ մի կերպ բավարարում են կոմունալ ծառայությունենրի վճարումներին:
«Մեզ մոտ հաճախող աշակերտներն ամսեկան մուծում են ընդամենը 600 դրամ, որն ամբողջությամբ գնում է բոլոր կոմունալ ծախսերին: Իսկ աշխատավարձ ավելացնելուն կամ նոր աշխատատեղ ստեղծելուն այդ գումարները չեն բավարարում: Ճիշտ է, այլ աղբյուրներից էլ որոշակի ֆինանսավորում կա, սակայն բազմաթիվ կարիքներ ունենք. համապետական մրցումների ենք ուղարկում երեխաներին, վերանորոգման աշխատանքներ կատարում, ձմռանը ջեռուցման վճար մուծում և այլն»,-«7օր»-ի հետ զրույցում նշել է դպրոցներից մեկի աշխատակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի
Related posts:
- Կրճատումներ պետական համակարգում Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ...
- “Ճտերը” տարեվերջի՞ն են հաշվում Այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել...
- ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Գյումրու պատվավոր քաղաքացի՞ Նոյեմբերի 7-ին տեղի է ունենալու Գյումրու քաղաքի օրը, որը զուգորդվելու...
- Ննջեցյալնները ևս շնորհակալ են Սերժ Սարգսյանից «7օր Բլոգ»–ը ներկայացնում է Դերենիկ Մալխասյանի մեկնաբանությունը՝ Այսօր Գյումրիի Մուշ-2...
- Ռուսական բազաները Գյումրիից դուրս բերելու նախանշաննե՞ր «7օր»-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրամանով...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.




