Հայաստանում պաշտոնապես 74 կուսակցություն և 5206 հ/կ է գրանցված
2009թ. նոյեմբերի 4-ի դրությամբ ՀՀ-ում պաշտոնապես 74 կուսակցություն կա գրանցված։ Այս մասին «7օր»-ին ասել է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը։ Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված վերջին կուսակցությունը Արմենական Ռամկավար Ազատականն է (ԱՌԱԿ)։
2 կուսակցություն էլ լուծարման գործընթացում է. Հայաստանի երիտասարդական կուսակցության անդամներն անդամագրվում են ՄԻԱԿ-ին, իսկ Աշոտ Բլեյանի «Նոր ուղի» կուսակցությունը լուծարվում է հենց նրա ցանկությամբ՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր մարզերում, այդ թվում նաև Երևանում կուսացությունները պետք է ունենան տարածքային կազմակերպություններ, վերջինների անդամների թիվն էլ պետք է 100-ից պակաս չլինի։ Իսկ կուսակցության անդամների ընդհանուր թիվը 2000-ից պակաս չպետք է լինի։
28.10.2009թ. դրությամբ էլ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5206 հասարակական կազմակերպություն, որոնցից մոտ 1800-ը չեն վերագրանցվել և իրավունք ունեն միայն բարձրագույն մարմնի նիստ հրավիրել կամ էլ վերագրանցման ու լուծարման մասին որոշում ընդունել։
Հ/կ-ները ՀՀ-ում սկսել են գրացվել 1990թ.-ից։ Այն ժամանակ ընդամենը 1 հ/կ է գրանցված եղել։ 1991թ. այդ թիվը հասել է 159-ի, 1992թ.՝ 209-ի, և այդպես շարունակ։ 2009թ. արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 173 հ/կ է գրանվել։ Է. Մարգարյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ամիս մոտ 5-6 հ/կ է լուծարվում։
Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ…

Ամրագոտիները փրկել են ՀՀ վարչապետին
Այսօր Երեւանում՝ մարզահամերգային համալիրում բացվել է «Panarmenian Expo 2009» երրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում են 15 երկրներից 160 ընկերություններ: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը և ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու պաշտոնատար այլ անձինք։ Մինչ ցուցահանդեսի բացումը վարչապետը մարզահամերգայինի բակում անձամբ վարել է էքսպոյում ներկայացված հայ–չինական արտադրության «CHINVAN» մակնիշի տրակտորը, սակայն, չի կարողացել կառավարել այն և շրջապտույտ կատարելիս վթարի է ենթարկվել՝ բախվելով մետաղական պատնեշին։ Բարեբախտաբար վարչապետը ամրագոտին կապած է եղել և ոչինչ չի պատահել։
Ապա Տիգրան Սարգսյանը շրջել է գրեթե բոլոր ցուցանմուշներով եւ ուշադիր ծանոթացել ներկայացված ապրանքներին ու ծառայություններին: Նրա հատուկ ուշադրության է արժանացել հայրենական արտադրության վարտիքներին, որ արտադրվում է Գյումրիում և արտահանվում է Կանադա։ Նա հետաքրքրվել է՝ նորաձև՞ են արդյոք այդ վարտիքները Կանադայում, սակայն հրաժարվել է իր համար պատրաստված ներքնաշորերի տեսքով նվերից: Վիդեոն դիտեք այստեղ:
Առանց մեկնաբանության

Նախապատմությունը կարդացեք այստեղ
Թուրքիայի պահանջներն ու երևանյան հրավառությունը
Հայ–թուրքական արձանագրության ստորագրմանը հաջորդած օրը՝ երևանյան ճոխ հրավառությանը զուգընթաց, Թուրքիան շտապեց հայտարարություններով հանդես գալ, ընդ որում՝ բոլոր հնարավոր վատատեսական կանխատեսումների ժանրում։ Ինչ պաշտոնական մակարդակով հերքվում էր, օրինակ, կապը ԼՂՀ կարգավորման գործընթացի հետ, Թուրքիան բացեիբաց հաստատեց։ Կիրակի երեկոյան՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իրենք չեն վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից։ «Հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո», – նշեց Էրդողանը։
Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ/ի դեպ, քննարկման այլ հետաքրքիր թեմա է, բայց չտարվենք դետալներով/ հայտարարել է, որ լուրջ հիմքեր չի տեսնում Գյուլի հրավերը չընդունելու համար։ «Եթե մոտակա երկու օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ես կգնամ և կսատարեմ իմ շատ սիրելի թիմին‘ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին,–ապա ավելացրել,–մենք որևէ մեկի հետ նախապայմաններով չենք խոսել: Խոսքը բավարար նախադրյալների առկայության մասին է: Հարաբերություններում կարևորում եմ փոխադարձության սկզբունքը: Նախագահ Գյուլը եկել էր Հայաստան, և ես լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերքը չընդունելու համար»։
Ի՞նչ է լինելու հետո
«7 օր»-ը հյուրընկալել է լրագրող, մեկնաբան Արմեն Հովհաննիսյանին և թուրքագետ Արտակ Շաքարյանին
-Այսօր ստորագրվելու են արձանագրությունները։ Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ կլինի սրանից հետո։
Արմեն Հովհաննիսյան-Մոտ երկու շաբաթ առաջ ես արձանագրությունների ստորագրումը գնահատում էի 90-ը 10-ի, բայց դա ամենևին չի նշանակում, որ «ո՛չ» ասողների համար (որոնց թվին պատիվ ունեմ պատկանել և ես) սա մեծ հիասթափություն է։ Ամենևի՛ն. սա մեր պայքարի մի հանգրվանն է: Մենք սրան պատրաստ ենք և մեր պայքարը շարունակելու ենք, անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս արձանագրությունները կյանքի չկոչվեն և չդառնան քաղաքական իրողություն։
Արտակ Շաքարյան-Ստորագրումից հետո երկու սցենար կա՝ մեկը, որ Թուրքիայի խորհրդարանը բավական երկար ձգձգի վավերացումը՝ այն կապելով ղարաբաղյան խնդրի հետ։ Գոնե բանավոր կերպով Էրդողանն արդեն հայտարարել է, որ քվեարկությունը փակ է, և ինքը վերահսկողություն չի ունենա իր վերահսկողության տակ գտնվող ԱԶԿ կուսակցության անդամների վրա։ Բայց պետք է նաև հիշենք, որ 2011-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, ու եթե Թուրքիայի խորհրդարանը չհասցնի ընդունել մինչև 2010-ի ապրիլ, դրանից հետո Հայաստանի հետ բարիդրացիական պայմանագիր ստորագրելը քաղաքական ինքնասպանություն կլինի, որովհետև ազգայնական ուժերը միանգամից շատ ձայներ կվերցնեն, այնսինքն՝ ևս մի քանի տարով կձգձգվի։ (շարունակել →)
Հայ–թուրքական արձանագրությունների վավերացումը նախանշված է վաղը՝ հոկտեմբերի 10–ին
Շվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին։ Եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն չլինի, արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։ Այդ գործընթացի նախապատրաստման համար Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։
Իսկ ահա ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմեկնի Ցյուրիխ՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը։ Վերջինիս մասնակցելու համար հրավիրված են նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները։ Նշենք, որ «7օր»-ը ՀՀ արտգործնախարարությունից փորձել է ճշտել, թե արդյոք մենք այդ արձանագրություններն ստորագրելու պաշտոնական որոշում ունե՞նք։ ՀՀ ԱԳՆ մամլո բաժնից մեզ դարձյալ տվել են նույն պատասխանը. «Եթե հստակեցում լինի ժամակետների և տեղի վերաբերյալ, մենք հանդես կգանք հայտարարությամբ»։
Հ.Գ. Մեկնաբանությունների բաժնում մեկ անգամ ևս կավելացնեմ նախաստորագրված արձանագրությունների տեքտն ամբողջությամբ, ինչպես նաև անգլերեն բնօրինակի հղումը։
Ըստ Կրիզիս խմբի՝ Արցախում մինչև տարեվերջ պատերազմն առավել քան հավանական է
Այսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Նախատեսված է նաև Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքքնարկվի Արցախի հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլը: Ավելի վաղ նշվում էր, որ հայկական կողմը այս հանդիպումից որևէ շրջադարձային փոփոխությունների ակնկալիք չունի։ Նման «կարգավիճակ» էր նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 17–ի վերջին հանդիպմանը Մոսկվայում, որին ներկա էին նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հանդիպման հանարավոր կանախտեսումները հայ–թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների և ըստ արձանագրության կետերի՝ Թուրքիայի կողմից տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը միջամտելու կամ Ադրբեջանական լոբբինգի ազդեցությունի համատեքստում չդիտարկելով, այնուամենայնիվ մի հիշարժան մեջբերում թույլ տամ անել։ Այսօր Միջազգային “Կրիզիս խումբը” Արցախի հիմնախնդրի կարգավորմանը նվիրված զեկույց է հրապարակել։ Առավել բարենպաստ համարելով տարածաշրջանային իրավիճակը, համապատասխան վերլուծությունը ստատուս քվոյի պահպանումը անելանելիության ցուցիչ է համարել, ապա նշել, որ մոտ ապագայում թեև լայնածավալ ռազմական գործողությունները քիչ հավանական են, սակայն 15 տարի առաջ հաստատված զինադադարը գնալով ավելի փխրուն է դառնում, զինված բախումները կտրուկ շատացել են և ակամա մեծ հարձակումների պատճառ կարող են դառնալ։ Այսինքն զգուշավորության բառապաշարը հանած, կարելի է եզրակացնել, որ մինչև տարեվերջ հարաբերությունների կարգավորման գործընթացում բեկում չլինելու դեպքում նոր պատերազմը առավել քան հավանական է։
Հ.Գ. International crisis group–ի ամբողջական զեկույցին ծանոթացեք սեղմելով այստեղ։
Եվ այսպես խոսեց Գալուստ Սահակյանը…
ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներն են, և «մոլախոտը մեր ազգից դեռ չի վերացել»։ Եվ որ ամենից հետաքրքրականն է, իր այս պնդումները Գալուստ Սահակյանը հիմնավորվել է Նժդեհի ուսմունքով, ըստ որի, հասարակությունը բաժանվում է 3 մասի՝ ցեղակրոններ, հայրենասերներ և «ցեղի տականք»։ Շարունակելով մեջբերել «Հայկական ժամանակի» հոդվածից, որի թղթակիցի հետ իր «խոր վերլուծական» խոհերով կիսվել է Սահակյանը, նշենք, որ նա բառացիորեն հետևյալն է ասել . «նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են»։ Ապա ավելացրել է. «ցեղի տականքը հենց բողոքականներնն են», իսկ «միտինգ անողները մեր տեսակից չեն»։
ՀՅԴ Հրանտ Մարգարյանը այս մասին. «Կարծում եմ, որ չարժե մեկնաբանել նման հայտարարությունը։ Լսողը կհասկանա, թե ինչ մակարդակի հայտարարություն է դա»։ Ավելի կտրուկ է եղել «Еркрамас» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը. «Հայաստանի իշխանության ներկայացուցիչների նյարդերը տեղի են տալիս։ Այդքան պարզ թվացող, դավաճանական արձանագրությունների ստորագրումը բախվել է Սփյուռքի վճռական դիմադրությանը և Երևանում ոմանց մոտ, չեն մնացել այլ փաստարկներ, քան վիրավորանքը»։ Տիգրան Թավադյանի դիտարկմամբ՝ այն վիրավորանքից հետո, ինչպիսին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն է՝ Գալուստ Սահակյանի ասածը հիմարություն է, սակայն նախագահը Սփյուռքին պետք է պատասխանի՝ համամի՞տ է նա իր կուսակցի ասածի հետ, թե՞ դատապարտում է վերջինիս խոսքերը։
Սերժ Սարգսյանին Փարիզում «դավաճան» վանկարկումներով ու փտած հավկիթներով են դիմավորել
Սերժ Սարգսյանի՝ մեկշաբաթյա այցելությունների շարքը սփյուռքահայ օջախներ մեկնարկեց Փարիզում կայացած բողոքի ակցիայով։ Ինչպես հաղորդում է «Երկրամաս»–ը, նախատեսված է եղել նախագահի՝ ծաղկեպսակ դնելու արարողությունը Կոմիտասի հուշարձանին, որտեղ և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները ցույցն են անցկացվում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման։ Ցույցին մասնակցել են երեք հայկական կուսակցություններ՝ ՀՅ Դաշնակցություն, ՌԱԿ և ՍԴՀԿ, ինչպես նաև հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տարբեր տվյալներով՝ցույցի մասնակիցների թիվը հազարի է հասել։ Ցուցարարներին հատուկ նշանակության ոստիկանական ծառայությունը հետ է մղել հուշարձանից ավելի քան 100 մ հեռու, և թույլատրվել է մոտենալ միայն կանանց ու սևամորթներին։ Սերժ Սարգսյանը մոտ երկու ժամ ստիպված է եղել սպասել, ապա արագ մոտեցել է, ծաղկեպսակը դրել ու հեռացել, ինչը ակցիայի մասնակիցների՝«Ոչ», «Դավաճան», «Ամոթ է» վանկարկումների ներքո է տեղի ունեցել։ Հայաստանի նախագահին հաջողվել է մնալ հուշարձանի մոտ ընդամենը 3 րոպե, քանի որ ցուցարարները կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը և Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու նրանց ավտոմեքենաների ուղղությամբ փտած հավկիթներ նետել։Դրանից հետո մասսայական ծեծկռտուք է սկսել, ցուցարարներին հրմշտել, շպրտել գետնին գետնով մեկ քարշ են տվել։ (շարունակել →)
Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը
Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ ստուգայցը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են։ Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաղորդման, առաջիկա մի քանի օրերին, այնուամենայնիվ, ոստիկանները միայն բանավոր կզգուշացնեն ու կհորդորեն փողոցն անցնել միայն համապատասխան հատվածով, իսկ արդեն հոկտեմբերի 5-ից կկիրառվի 3000 դրամի տուգանքը։
Այսօր վաղ առավոտից հայկական բլոգները գրում են այս թեմայով՝ դեմ և կողմ՝ հերթական հարկահանություն կամ կարգ ու կանոն հաստատելու միջոց համարելով։ gagasik–ը իր բլոգում «Հոկտեմբերի 1–ը՝ «զեբրային» խոնարհման օր է որպես ներկայացնում»: nu-ne–ն օրվա մասին իր դիտարկումն է անում. «Վախեցած ֆռֆռում են ոմանք, դե, իհարկե, պիտի անպայման այ տենղ գրպաններին կպնեն, որ հասկանան...» moon-lusin–ը գրում է, որ պատրաստվում է դուրս գալ ստուգայցի և դրական փոփոխությունների ակնկալիք ունի։ Թեմայի շուրջ հիշարժան գրառում է արել «Armenian Comedy»–ը բլոգը, որտեղ յուրահատուկ բառաշարով ներկայացվում է ոսիկանության մամլո հաղորդագրությունը.
ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” (շարունակել →)
Սերժ Սարգսյանի ուղևորությունը սփյուռքահայ գաղթօջախներ մեկնարկում է դրա դեմ բոյկոտման սպառնալիքով
Այսօրվանից սկսած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսել Փարիզի, Նյու Յորքի, Լոս-Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախատեսվում է, որ համահայկական ուղևորության ժամանակ ՀՀ նախագահըկանցնի ավելի քան 30 հազար կմ տարածքով, կհանդիպի 35 երկրից ժամանած ավելի քան 400 մասնակիցների և 30 համազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նշենք, սական, որ նախօրեին ԱՄՆ-ի ի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, Փարիզում և Նյու Յորքում ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ, քննարկում են Սերժ Սարգսյանի այցելությունը բոյկոտելու և հյուրանոցների առջև ցույց անցկացնելու հարցը։ «Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպես պետք է լինի, որ կա՛մ բոլորը գնան նախագահի հետ հանդիպմանը, կա՛մ ոչ մեկը»,- նշել էր Գ. Խոդոյանը։ Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ «7օր»-ին ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքի մեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապես դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպ և ձևական բնույթ կրող։
«Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով»,- նշել է Ա. Շխրտմյանը,- նախագահի այցելությունը համոզիչ չէ՛, և մերժում ենք սփյուռքահայությանն այդ տեսակ ճաշկերույթային այցելություններով բավարարված տեսնելը. այդպես չե՛ն համոզում և բանակցում սփյուռքի հետ,- ասել էր նա։
Եվ կաթսայի մեջ ավելանում է Վրաստանի շերեփը…
Վրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ընդգծում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում լարված թուրք-վրացական հարաբերությունների, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Համաձայն հրապարակման, առաջին հայացքից այդ անհավանական սցենարն առավել դժվար իրականանալի չէ, քան Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատումը։
Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է
Հարգելի իմ համերկրացինե՛ր,
Համեստորեն ու տևապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման և առանց որևէ նախապայմանի մեր հարևանների հետ հարաբերությունների բնականոնեցման՝ սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիև որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը:
Սակայն այդ պահից ի վեր թե՛ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՛ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը և’ ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը՝ գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության:
Հետևաբար՝ ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսևորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը՝ կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին:
30 սեպտեմբերի 2009թ. / Երևան
Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաև «Ժառանգություն»–ում տեղի ունեցած խմորումների մասին «7օր բլոգ»–ի քննարկումները կարդացեք այստեղ և այստեղ։
Իմիտացիա՛, իմիտացիա՛ մինչև վերջ
«Ժառանգություն» – ՀՅԴ համագործակցությունը հայ-թուրքական արձանագրությունների համատեքստում այլևս իրողություն է, համենայն դեպս կողմերը պաշտոնապես հաստատում կամ նվազագույնը չեն հերքում այն։ Ընդդիմադիր՝ «Հայկական ժամանակ»–ը իրողությունը որպես «իշխանական պրոյեկտ» է ներկայացնում սեփական հրապարակումներում, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այս ուժերի միակ արդյունավետ գործողությունը համարում է. «Ժառանգության» և «Դաշնակցության» խորհրդարանական մանդատները վայր դնելը՝ ի բողոք կատարվող գործընթացի»։
««Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» կարող են ամենամեծ հարվածը հասցնել այս ռեժիմի վարած քաղաքականությանը նման քայլով։ Այդ քայլի մեջ լուրջ ներուժ եմ տեսնում։ Եթե նրանք դիմեն այդ քայլին, լրջագույն հիմքեր կդնեն այս ամբողջ գործընթացը կանխելու»,–ասել է Լևոն Զուրաբյանը՝ փաստելով, որ այսպիսով, փաստորեն, խորհրդարանում այլևս ընդդիմություն ներկայացված չի լինի և այդ միջազգային հանրության համար կլինի ազդանշան, ինչը թույլ կտա իսկապես բեկում մտցնել այս քաղաքական գործընթացի մեջ։ Եվ ապա նշել. «Իսկ մենք միայն կողջունենք դա»։
Ու մինչ Զուրաբյանը քննում է, թե ինչ հարցերում «ՀԱԿ–Ժառանգություն» համագործակցության ասպեկտում ինչը հաջողվեց կամ չհաջողվեց, «Ժառանգության» անդամներից Լարիսա Ալավերդյանը նշում է, որ միտված է մտածելու, որ համաձայնագիր «առնվազն կստորագրվի»։ Հատկանշական է, որ նմանատիպ, դրականին հակված չեզոք դիրքորոշում են հայտնում գործընթացին կողմ, թե դեմ քաղաքական գործիչներ, ըստ ամենայնի, «բողոքականությունը» իմիտացիոն բնույթի դարձնելով։ Սերժ Սարգսյանի՝ սփյուռքում նախատեսված հանդիպում–քննարկումները հայ–թուրքական հարաբերությունների պոտենցիալի մասին, ներքաղաքական դեկորները այս պրոցեսում, դեմ ու կողմերի ներդաշնակ համակցումը, արկածախնդիրները պրոցեսում, արտաքին ուժերի իմիտացիան… Մնում է միայն դետալների շուրջ կանխատեսումներ անել…




