Մեկնաբանություն

10.02.2016 00:05


Կլինի՞ ռուս–թուրքական պատերազմ

Կլինի՞ ռուս–թուրքական պատերազմ

Թուրքիայի իշխանությունն՝ ի դեմս նախագահ Էրդողանի ու վարչապետ Դավութօղլուի, թուրքական ու միջազգային հանրությանը նախապատրաստում է այն բանին, որ Թուրքիան զորք պետք է մտցնի Սիրիա (Սիրիա զորք են ուզում մտցնել նաև արաբական երկրները՝ սաուդցիների գլխավորությամբ)։

Օրերս ռուսական կողմը հայտարարեց, որ իրենց հետախուզության տվյալներով՝ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ցամաքային ներխուժում իրականացնել։ Այդ մասին են վկայում Թուրքիայում տեղի ունեցող զինվորական շարժերը։

Ռուսական օդուժի և Իրանից ժամանած Իսլամական հեղափոխության պահապանների աջակցությամբ՝ Սիրիայի նախագահ Ասադի գլխավորած կառավարական բանակը որոշակի առաջխաղացում ունի Հալեպի ուղղությամբ։ Սիրիայի կառավարական բանակը գտնվում է Թուրքիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հատվածում թուրք–սիրիական սահմանն ամբողջությամբ վերահսկվի սիրիական կողմից։ Այսինքն՝ փորձ է արվում փակել ահաբեկչական խմբերին տրվելիք աջակցության հնարավորությունը Թուրքիայի կողմից։

Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա Էրդողանի հնգամյա քաղաքականությունը Սիրիայի մասով կզրոյանա։ Ու եթե այս ամենին գումարվի նաև քրդական աճող գործոնը, ապա Թուրքիայի վիճակն ակնհայտորեն կվատանա։

Այս ամենը գիտակցելով՝ պաշտոնական Անկարան փորձում է վա բանկ գնալ ու Սիրիա զորք մտցնել։ Կմտցնի՞, թե՞ ոչ, կախված է մի շարք հանգամանքներից։ Գոնե հռետորաբանության մակարդակով Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստվում է մտնել։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերադարձնել իր պատմական պարտքը և պաշտպանել սիրիական Հալեպը։

«Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը. ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները՝ Շանլիուրֆան, Ղազիանթեփը, Քահրամանմարաշը։ Իսկ այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը»,– հայտարարել է Դավութօղլոն։

Եթե թուրքերը խոսքից անցնեն գործի (որոշակի հատվածում նրանք դեռ ամիսներ առաջ էին ներխուժել Սիրիա. չհաշված ԴԱԻՇ–ին նավթային վաճառքի հարցերում աջակցելը), ապա անխուսափելի կդառնա ռուս–թուրքական լարվածության աճը, և ռուսական ավիահարվածների տակ կհայտնվի թուրքական հետևակը։ Եթե վերջինիս փորձի աջակցել թուրքական օդուժը, ապա ռուսները կկիրառեն С 400–ը և համապատասխան նշանակության կործանիչները։ Դե, իսկ եթե թուրքերը որոշեն գրոհել Լաթաքիայում գտնվող ռուսական ռազմաբազան, ապա ռուս–թուրքական լայնամասշտաբ բախումը կդառնա անխուսափելի՝ վերաճելով գլոբալ պատերազմի։

Դժվար է ասել, թե այդ դեպքում ինչպես կպահի իրեն ՆԱՏՕ–ն, այն է՝ ԱՄՆ–ը, եթե Սիրիայի տարածքում բախվեն ռուսներն ու թուրքերը։ Շատերի կարծիքով ԱՄՆ–ը, մեծ հաշվով, չի խառնվի, քանզի այդ երկրին ձեռնտու կլինի Մոսկվայի ու Անկարայի ռազմական հակամարտությունը, բայց դե, պատերազմը, այն էլ այդպիսի պետությունների միջև, հղի է անկանխատեսելի զարգացումներով ու հետևանքներով, և դժվար է ասել, թե այս ամենն ինչով կավարտվի։

Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանին այս ամենն անմիջականորեն է առնչվում։ Ռուս–թուրքական հնարավոր պատերազմը չի կարող դուրս թողնել ՀՀ–ին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՌԴ–ն մեր ռազմավարական դաշնակիցն է, ՀՀ–ն ՀԱՊԿ անդամ է, ՀՀ–ում կա ռուսական ռազմաբազա, Թուրքիան մեր հարևան ու ոչ բարեկամ (մեղմ ասած) երկիրն է։

Պարզ է, որ Հայաստանի կռիվը չէ սա, և մենք մեր շահերը պետք է պաշտպանենք՝ ձգտելով առավելագույնս չներքաշվել խոշորների կռվի մեջ, բայց ունենալով այսպիսի գավառամիտ ու սեփական գրպանից այն կողմ չտեսնող իշխանություն՝ կարելի է ասել, որ ՀՀ–ն անպատրաստ է։ Մինչդեռ մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք։

Ռուսները, բնականաբար, կուզենան խաղարկել Թուրքիայի դեմ նաև հայկական գործոնը (արդեն Կրեմլից Արարատն են մեզ «տալիս»), բայց ՀՀ–ն պետք է իր սեփական դիրքորոշումն ունենա և թույլ չտա մեր երկիրը դարձնել մանրադրամ։ Ունա՞կ է այս իշխանությունն այդպիսի բանի։ Ո՛չ, ունակ չէ։ Մնում է միայն հուսալ, որ բանը սրանց օպերատիվ որոշումների կայացմանը չի հասնի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը