Մեկնաբանություն

15.02.2016 20:30


Տեսարանը հիշեցնում է «Ժայռ» ֆիլմի հայտնի դրվագը (տեսանյութ)

Տեսարանը հիշեցնում է «Ժայռ» ֆիլմի հայտնի դրվագը (տեսանյութ)

Միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերն անգամ այդքան երկար ու մանրակրկիտ կերպով չեն մշակվում, ինչպես դա տեսնում ենք ՀՀԿ-ՀՅԴ կայանալիք համագործակցության ցավագին, մտատանջություններով հագեցած, տեւականորեն ձգձգվող այս ընթացքում:

Նման մոտեցումն ուղղակի ծաղր է ավանդական ուժի նկատմամբ, եւ ապշել կարելի է, թե ինչպես է այդ ուժը դիմանում ՀՀԿ ղեկավարի նախաձեռնած անթաքույց ստորացումներին կամ նվաստացումներին:

Տեսարանը հիշեցնում է «Ժայռ» ֆիլմի հայտնի դրվագը, երբ Գրիգոր աղան իր տուն եկած մի քանի գյուղացիների հոգին հանում է, նրանց քթից բռնած ման է ածում՝ «վեքսիլը» հետեւում ձեռքերի մեջ պահած դանդաղ քայլելով պտտվելով սենյակում (կից տեսանյութը դիտե՛ք 1:04:40–ից):

Հիմա Սերժ Սարգսյանն է ՀՅԴ վերնախավին (որը, հավանաբար, անխոհեմություն դրսեւորեց եւ ժամանակից շուտ հրապարակավ խոսեց իշխանության առաջարկի մասին) քթից բռնած ման ածում՝ այդպես էլ չշտապելով բաղձալի պաշտոնները նվիրել դաշնակցականներին:

Խայտառակությունն էլ ո՞նց է լինում. ՀՅԴ-ն շտապում է խոսել համագործակցության մասին, իսկ նման առաջարկով հանդես եկած իշխանությունը չի շտապում «օրինականացել» այդ համագործակցությունը:

Եվ ընդհանրապես, որտե՞ղ եք տեսել, որ ի սկզբանե առաջարկի հեղինակները պարտիզանի պես լռեն, փոխարենը՝ այդ մասին առաջինը «ավետեն» նրանք, ում ինչ-որ առաջարկ է արվել (սովորաբար, հակառակն է լինում. առաջարկ ստացող կողմն իրեն, այսպես ասած, ծանր է պահում, քանի որ եթե դիմել են իրեն, ուրեմն ինքն ինչ-որ բան է ներկայացնում):

Բայց դե, դաշնակցական վերնախավն առաջ նետվելով եւ բացահայտելով իշխանության կողմից իրենց համագործակցության առաջարկ անելու փաստը, հավանաբար, կարծում էր՝ «կշարժի անշարժը» կամ, ավելի պարզ ասած, կստիպի «դանդաղ շտապող» (այդպես է, չէ՞, Շարմազանովը բնութագրում իշխանության քայլերը) Սերժ Սարգսյանին արագացնել պորտֆելների բաժանման գործընթացը: Չեղավ նման բան:

Հակառակը՝ «դանդաղ շտապողը» որոշեց ավելի «դանդաղ շտապել»՝ Գրիգոր աղայի պես հոգեհան ու տանջամահ անելով գյուղացիներին (իմա՝ դաշնակցականներին):

Հիմա էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարն է հերթական «լավ լուրը» գցել դաշնակցականների ականջը: Գագիկ Մելիքյանին հարցնում են արդեն թթված ու դեռ չկայացող համագործակցության մասին, իսկ նա պատասխանն սկսում է Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին խոսքով (արդեն խնդալու է):

«Այս առումով շատ եմ կարևորում նախագահի ծրագրային ելույթը ապագայի տեսլականի վերաբերյալ: Նրա կարծիքին, որ ելույթում հնչեցվեց, պետք է հետևի նաև ՀՅԴ-ի հետ համագործակցության առումով արագ գործընթացը: Դաշնակցությունն իր համար նպատակ էր հետապնդել նաև սահմանադրական բարեփոխումներին օժանդակելը. ՀՅԴ-ի` Սահմանադրության վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ ընդունված են, և ՀՅԴ-ն պատասխանատու է նաև Սահմանադրության իրականացման համար,- ասել է Մելիքյանը` հավելելով,-համագործակցությունն իրականացվում է քաղաքական կայունություն ապահովելու նպատակով»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի հետ համագործակցության կոնկրետ դրսևորումներին, ապա ըստ Մելիքյանի՝ առաջիկայում Դաշնակցության հետ համագործակցության ձևաչափի մասին կոնկրետ հայտարարություններ կլինեն, սակայն դրանք կլինեն իրենց ժամանակին։

Պա՞րզ է: Էլի «առաջիկայում»: Ինչպես իշխանական տարբեր գործիչների կողմից հայտարարվում է արդեն մեկ ամիս: Այսինքն՝ դարձյալ կոնկրետ ժամկետ չի նշվում՝ «դե՛, կլինի, էլի՛» տարբերակով: Բայց զարմանալին, կրկնում ենք, ՀՅԴ-ի վարքագիծն է, որ այսքան երկար ժամանակ հլու եւ համբերատար կերպով հանդուրժում է առաջարկող կողմի քմահաճույքները, իրեն մատների վրա խաղացնելու ակնհայտորեն ամոթալի քայլերն ու մոտեցումները:

Արժանապատվության ոչ մի նշույլ այլեւս չի մնացել ՀՅԴ վերնախավի շրջանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը