Մեկնաբանություն

19.02.2016 11:20


Ինչպես է փոքրանում Հայաստանը – 2

Ինչպես է փոքրանում Հայաստանը – 2

Երբ Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր թեմաներից են դառնում Արմեն Աշոտյան–Լևոն Մկրտչյան փոխատեղումը (ՀՅԴ–ն հզոր կադրային բանկ ունի. նույն մարդուն «տարած–հետ բերած» տարբերակով նախարար են դարձնում), Գալուստ Սահակյանի արյան ճնշումը, Գյումրվա Վարդանիկը, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող նորաբաց «մոլի» լենտ կտրողի սպասվող շոուն և նմանատիպ այլ բաներ, ապա դա նշանակում է, որ Հայաստանը փոքրացել է։

Մեր թշնամի Ադրբեջանի մամուլը հեղեղված է Իրանին, Թուրքիային, Ղարաբաղին, Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին, Սիրիային վերաբերող վերլուծություններով ու գնահատականներով։ Լրատվամիջոցների գլխավոր թեմաները շոշափում են ռազմավարական նշանակության հարցեր։

Մի կողմ թողնենք, թե ինչ որակի են այդ վերլուծությունները։ Տվյալ դեպքում հարկ է արձանագրել, որ Ադրբեջանն ինչ–որ խնդիրներ է ուզում լուծել, և այդ խնդիրներն արտացոլվում են մամուլում։

Նույնը կարելի է ասել մեր հարևան Վրաստանի մասով։ Վրացական մամուլի թիվ մեկ թեման Իրանից գազի ներմուծումն է։ Բացի այդ՝ Վրաստան–Ռուսաստան հարաբերությունների հարցը։

Թուրքական մամուլը, բնականաբար, կենտրոնացել է Սիրիայի ու քրդերի հարցի վրա, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի, ինչը նույնպես հասկանալի է ռուս–թուրքական լարվածության համապատկերին։

Իրանում քննարկվող թեմաները ևս այդ պետության կենսական շահերին են վերաբերում։

Մի խոսքով, մեզ շրջապատող երկրներում քաղաքական ու հանրային օրակարգ ձևավորող քաղաքական էլիտան և մամուլը պետական կարևորության խնդիրներին են անդրադառնում։

Հայաստանում Բաղրամյան 26–ի գործուն մասնակցությամբ ստեղծված գաղջ մթնոլորտի շրջանակներում առաջին պլան է մղվել «մուտիլովկան»։ Նախագահական նստավայրը վերածվել է «մուտիլովկաներ» արտադրող և «Գեբելսյան» քարոզչամեքենայի միջոցով տարածող գործարանի։

Սրանց այլ բան չի հետաքրքրում, քան աթոռ պահելն ու փող աշխատելը՝ Հայաստանի թուլացմանը զուգահեռ։ Այդ իսկ պատճառով էլ փոքրանում է Հայաստանը։

Հայաստանն ուղղակի և անուղղակի ձևով ներքաշված է դրամատիկ գործընթացների մեջ, իսկ «վերևում» բացառապես զբաղված են պաշտոնաբազառով, դաշնակ խաղացնելով և ընտրակեղծիքների կազմակերպման հարցերով։ Երբ իշխանավորների գլխավոր նպատակը դառնում է փողը, ապա դա արդեն դատավճիռ է դառնում պետության համար։

Եվ ինչո՞ւ պետք է հանդուրժել այս ամենը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը