Լրահոս

28.11.2009 18:40


Գ. Սահակյանն ասել է, թե ՀՀԿ–ում նաև պատեհապաշտներ կան

ՀՀԿ 12-րդ համագումարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ՀՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի  իր կուսակցական կադրերին և կադրային պոտենցիալին։ «Մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ կամ զուտ քաղաքական առաջխաղացման հնարավորություն»,-ասել էր ԱԺ նախագահը։

«Ո՞ւմ էր ուղղված ԱԺ նախագահի խոսքը» հարցով «7օր»-ը դիմել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին։

-Այդ խոսքը որևէ մեկին ուղղված չէ։ Մեզանում ֆորմատ կա, որ կուսակցությունն անընդհատ զտման գործընթացում է։ Որովհետև մարդիկ գալիս են, կամ չեն համակերպվում, կամ չեն փորձում ակտիվանալ, կամ չեն կրում գաղափարախոսությունը։ Ինչո՞ւ չէ, կան նաև պատեհապաշտներ, որոնք գալիս են իրենց այս կամ այն խնդիրը լուծելու։ Միշտ էլ այդպես է. իշխանական կուսակցություններն այդ խնդիրն ունեն։ Մարդկանց հավատում ես, թե իբրև գալիս են ակտիվանալու, ինչ-որ մի բան անելու, վերջում պարզվում է, որ նրանք ավելի նեղ անձնական խնդիրներ ունեն։ Խնդիրը հենց այդ է։ Ոչ թե ուղղվածություն է, այլ կուսակցության սկզբունք, որն արտաբերեց Հովիկ Աբրահամյանը։

-Իսկ հիմա կա՞ն պատեհապաշտներ։

-Բնականաբար, անընդհատ զտման պրոցեսում է. ամեն օր և՛ ընդունելություն ենք ունենում, և՛ հեռացում։

-Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր ընդունվածները պատեհապաշտներ չեն և անձնական շահ չեն հետապնդում։

-Չեմ կարծում, որովհետև «նոր ընդունվող» հասկացությունը տարածական է, որովհետև վերջին ամիսներին 600-700 մարդ է անդամագրվել կուսակցությանը։

-Նկատի ունեմ վարչապետին և նախարարներին, ովքեր վերջերս են անդամագրվել։

-Մենք միասին աշխատել ենք, և մենք ենք առաջարկել, որ նրանք ընդգրկվեն կառավարություն։ Նրանք թիմի անդամներ են, ընդամենը քաղաքական ավելի հարուստ գործառույթների մեջ կընդգրկվեն։ Բնականաբար, նրանք պատեհապաշտ չեն. ոչ թե եկել են նախարար կամ վարչապետ դառնալու, այլ հիմա ավելի գնահատելի կկառուցեն իրենց աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը