Տնտեսական

23.02.2016 12:25


ՀՀ ԳՆ մասնագետների խորհուրդները գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ

ՀՀ ԳՆ մասնագետների խորհուրդները գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Մասնավորապես, հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:

Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների կատարումը: Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ 7-10 օր հետո` նաև հնդավորների էտը: Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Նշված ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող պատրաստուկով: Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, և գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն: Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար լավագույն ժամկետը կլինի մարտի 5-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո: Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի և սածիլման աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը: Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ շտապողականության: Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը