Մեկնաբանություն

16.03.2016 09:50


Ովքեր և ինչու են քննադատում Օսկանյանին

Ովքեր և ինչու են քննադատում Օսկանյանին

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀԿ ղեկավարը խոսում էր հասարակական համաձայնության, հանդուրժողականության, մարդասիրության եւ էլի նման լավ-լավ բաների մասին ու վստահեցնում. «Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, և անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը»:

Մեկ ամիս անց՝ այս օրերին, հետեւելով Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին արած հայտարարության շուրջ բարձրացված լաչառ հարձակումներին՝ վերստին համոզվեցինք, որ Սերժ Սարգսյանի ելույթը փուչ էր, արտաբերած խոսքը, արած հավաստիացումներն ու վստահեցումները՝ սին:

Իշխանությունն ու իշխանամերձ շրջանակներն, ի դեմս նախկին արտգործնախարարի, թշնամի են հայտնաբերել ու աջ ու ձախ «կրակում» են թշնամի ճանաչված Օսկանյանի ուղղությամբ: Ճիշտ է՝ Բաղրամյան 26-ի հրահանգով դիրքավորված ահել ու ջահել զինվորիկները «խալաստոյ» են կրակում, բայց դե, հակաօսկանյանական «սալյուտը» դեռ շարունակվում է:

Իսկ ո՞ւր մնաց կուսակցությունների՝ զուտ մրցակցային վարքագիծ դրսեւորելու մասին Սերժ Սարգսյանի «երազանքը»: Դեռ չստեղծված կուսակցության դեմ ահա այսպիսի «մրցակցային վարքագիծ» է դրսեւորում իշխանությունը՝ Օսկանյանի դեմ հստակ հանձնարարականներ տալով իր լրատվամիջոցներին, տարբեր գույնի, անորոշ սեռի ու ռանգի քաղաքագետներին ու գործիչներին:

Հետաքրքիրն ու միաժամանակ զավեշտականն այն է, որ սրանք բոլորն իրենց խոսքն սկսում են այսպես՝ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կուսակցություն ստեղծելու, Օսկանյանն էլ իրավունք ունի կուսակցություն ստեղծելու, բայց…»: Ու էս «բայց»-ից հետո սկսվում են Բաղրամյան 26-ից իջեցված «թեմաների» շեշտադրումն ու ընդգծումը:

Լսում ես էս խամաճիկներին, որոնց ձեռքերը, ոտքերն ու շուրթերը շարժողը ՀՀԿ ղեկավարն է, ու զարմանում՝ ախր, դուք բոլորդ տեղով մեկ կասկածելի կերպարներ եք՝ թաղված հազար ու մի մեղքերի մեջ, այդ ո՞ւմ եք քննարկում եւ ո՞ր իրավունքով: Մի՞թե կարծում եք, թե հանրությունը ձեզ լուրջ է ընդունում (էլ չասած չճանաչելու մասին) կամ ձեր անհեթեթ գնահատականներին ընդհանրապես բանի տեղ է դնում: Եթե անգամ մարդիկ փորձեն ուշադրություն դարձնել ձեր խոսքին (պատվերով ցեխշպրտոցիին), ապա հանգելու են մի եզրակացության՝ սրանք ուզում են, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա իշխանության: Լսելով սրանց՝ բանական մարդն այլ բան չի կարող մտածել:

Ավելին՝ արդեն գիտակցել է, որ դեռ չստեղծված ուժի եւ Օսկանյանի դեմ եթե այսպիսի կեղտոտ արշավ է սկսվել, նշանակում է՝ դրա հեղինակներն ու կատարողներն ամեն գնով ուզում են պահպանել երկրում տիրող այս խայտառակ իրավիճակը ու ցմահ իշխել:

Հանրությունը սա հաստատ գիտակցել է: Այն հանրությունը, որը տարիներ շարունակ սպասում է փոփոխությունների, սակայն իրականում բարեփոխվում է միայն իշխանության կյանքն ու կենցաղը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը