Տնտեսական

16.03.2016 16:40


ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներին

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչներ, գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարիկա Գերակիին և միջազգային կապերի գծով հայաստանյան ծրագրերի պատասխանատու պարոն Ֆրանսուա Լա Ֆորեին:

Հիշեցնում ենք, որ «Վեոլիա» ընկերությունը «Երևան Ջուր» կազմակերպության միջոցով իրականացնում է Երևան և Եղվարդ քաղաքների ու մայրաքաղաքամերձ 29 գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրահեռացում:

Ընկերությունը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում հայտարարված մեկ վարձակալի ընտրության մրցույթը, առավել հաճախակի է դարձրել իր այցելությունները Հայաստան թե ընթացիկ աշխատանքների որակի վերահսկման և թե ապագա մրցույթի նախապատրաստման հետ կապված:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատկապես վարձակալության տրվելիք գույքի հետ կապված հարցերը: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը կարևորել է և հյուրերի ուշադրությունը հրավիրել գույքի կառավարման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականության վրա, որ գույքը, որպես պետական սեփականություն, շարունակաբար լինելու է պետության ուշադրության կենտրոնում թե ներդրումներ կատարելու և թե արդյունավետ շահագործելու առումով:

Ա. Հարությունյանը միաժամանակ ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրել է այն խնդիրների վրա, որոնք կարևորվում են մրցույթի արդյունքում: Այն է՝ նոր գործընթացները լրացուցիչ բեռ չպիտի ավելացնեն ջրօգտագործողների վրա, շահագործումը, կապիտալ ծախսերը, ներդրումները պետք է պլանավորվեն և իրականացվեն գույքի արդիականացման, սպասարկման տարածքի ընդլայնման, շահառուների կարիքների բարելավման նպատակով, պետք է էականորեն բարելավվի ջրամատակարարման որակը:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը