Տնտեսական

19.03.2016 14:50


Իրավաբան. «Իմանալով, որ մոտենում է ֆիզարձակուրդի ժամանակը՝ գործատուն ազատում է իր աշխատակցուհուն»

Իրավաբան. «Իմանալով, որ մոտենում է ֆիզարձակուրդի ժամանակը՝ գործատուն ազատում է իր աշխատակցուհուն»

Այսօր՝ մարտի 19-ին, գործատու-աշխատող հարաբերությունները ՀՀ-ում թեմայով ասուլիսի ժամանակ իրավաբան Էմիլ Մարկոսյանը նշել է, որ տվյալ ոլորտն աշխատանքային օրենսգրքով է կարգավորվում, սակայն կան բազմաթիվ բացթողումներ:

Իրավաբանը նկատել է, որ վերջին շրջանում շատ են հանդիպում դեպքեր, երբ գործատուները փորձում են ամուսնացած աղջիկներին գործից ազատել:

-Իմանալով, որ մոտենում է ֆիզարձակուրդի ժամանակը, և որի համար սոցվճարումներ պետք է կատարվեն՝ նրանք նախապես դիմում են այդ քայլին: ՀՀ աշխատանքային օրենսգրքում գոյություն ունի այդպիսի հոդված, ըստ որի՝ հղիության ընթացքում որևէ գործատու իրավունք չունի աշխատողին ազատել աշխատանքից: Սրա հետ կապված բազմաթիվ բողոքներ կան:

Մարկոսյանը նաև ընդգծել է աշխատանքային պայմանագրում եղած թերությունները: Լուրջ խնդիր են փորձաշրջանի ժամանակ հանդիպող շահագործումները: Ըստ օրենսգրգի՝ փորձաշրջանի ժամանակահատվածը 6 ամիս է, բայց լինում են դեպքեր, որ երկար ժամանակ աշխատելուց հետո գործատուներն աշխատողին ասում են, որ հարմար չեն համարում նրանց աշխատանքի վերցնել:

-Վերջերս սուպերմարկետներից մեկում բացահայտել էին այսպիսի մի դեպք. նույն սուպերմարկետի 23 աշխատող անընդհատ փոփոխությունների ենթարկվելով՝ փորձաշրջան են անցել: 6 ամիս աշխատել են, սակայն նրանց համար սոցվճարումներ չեն կատարվել և 6 ամիսը լրանալուց հետո փորձաշրջանի համար նոր աշխատակից են ընդունել,-ասել է իրավաբանը:

Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Սիրանույշ Անդրեասյանն էլ նշել է, որ իրավական մասն ինչքան էլ փորձի կարգավորումներ տալ, միևնույն է, այնտեղ կան փոխհարաբերությունների բազմաթիվ խնդիրներ, որոնք անհնար է օրենքով կարգավորել:

-Դրանցից մեկն աշխատավայրում ստեղծվող միջանձնային փոխհարաբերություններն են, որոնք շատ հաճախ խրախուսվում են հենց ղեկավարների կողմից: Ղեկավարներից շատերն աշխատում են բաժանիր, որ տիրես՝ որքան տեղեկացված ես, այդքան ավելի մեծ իշխանություն կարող ես ունենալ աշխատակիցներիդ վրա սկզբունքով: Ինչը շատ հաճախ բերում է պրեսսինգի աշխատողի նկատմամբ, ով, անկախ իրենից, հոգեբանական ճնշումը զգալով, չի կարողանում երկար աշխատել տվյալ աշխատավայրում:

Հոգեբանը մատնանշել է մեկ այլ խնդիր ևս, որն այսօր հանդիպում է ՀՀ-ում գործատու-աշխատող փոխհարաբերությունների ժամանակ: Ըստ նրա՝ գործատուները միայն մտածում են ինչքան հնարավոր է՝ շատ շահույթ ստանալ. նրանք ուշադրություն չեն դարձնում աշխատողի կատարելագործմանը:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը