Լրահոս

23.03.2016 17:10


Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է

Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում:

Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները (A Iran 2005, A TUR 20/06, A22 IRQ64, A SEA-97) չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեռ հունվարին էր բանակցություններ վարել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ՝ հնարավորինս արագ պահանջվող պատվաստանյութն արտադրելու և Հայաստան տեղափոխելու մասին: Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի արտադրած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա, նախատեսված ժամկետում արդեն Հայաստանում է: Ծառայության անասնաբուժություն տեսչությունն իր վերահսկողության տակ կպահի գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ պատվաստելու աշխատանքները՝ ապահովելով պատվաստանյութի անմիջապես բաշխումը մարզերով և կանխարգելիչ աշխատանքների արագ իրականացումը:

Պատվաստանյութը պատրաստվել է Դեղերի արտադրության և որակի վերահսկողության կազմակերպության (GMP EC) միջազգային նորմերին համապատասխան և հանդիսանում է անասնաբուժական բարձրորակ դեղամիջոց:

Այս խորագրի վերջին նյութերը