Լրահոս

25.03.2016 15:53


Ռեժիսոր. «Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին են տալիս վաստակավորի կոչում»

Ռեժիսոր. «Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին են տալիս վաստակավորի կոչում»

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ասել է, որ իր համար տոն հասկացողություն չկա, քանի որ իր համար ամեն օր էլ տոն է. ամեն մի փորձը, ամեն մի երեկոյան ներկայացումը տոն է.

-Ավելի շատ սիրում եմ սովորական օրերը, քան տոնական՝ ուսուցչի տոն, մայրերի տոն, այդ տոները գալիս են մեր կոմունիստական անցյալից,-ասել է ռեժիսորը:

Անդրադառնալով թատերական կյանքին՝ Նիկոլայ Ծատուրյանը նշել է, որ այն հիմա մի քիչ ակտիվացել է: Ռեժիսորն ասել է, որ Գյումրու թատրոնում, որտեղ ինքը հիմա գեղարվեստական խորհրդատու է, ամիսը մի քանի օրով գնում և տեսնում է, որ եթե առաջ ներկայացումների ժամանակ նստած էին լինում 15-20 հոգի, հիմա 650 տեղանոց դահլիճում նստում է 400-500 հոգի:

Ըստ Նիկոլայ Ծատուրյանի՝ եթե անհրաժեշտ գումարը հատկացվում է, ապա ներկայացումը հնչեղություն կունենա, իսկ եթե գումարը չի բավարարում, ամեն ինչ դառնում է շատ իմիջիայլոց. ռեժիսորներն իրենց երևակայությունը փոքրացնում են՝ ըստ գումարի, և տեղավորում լուցկու տուփի մեջ.

-Դատարկ բեմում էլ կարելի է ներկայացում խաղալ, բայց դրա համար էլ պետք են փայլուն դերասաններ, իսկ փայլուն դերասաններին պետք է տալ փայլուն գումարներ: Մեզ մոտ կառավարությունը չի տալիս իսկապես արժանավորներին. կան դեպքեր, երբ ես ամաչում եմ, որ հայ եմ, օրինակ, երբ Արմենչիկին են տալիս վաստակավորի կոչում: Մեր պատգամավորների 70 տոկոսը, լինելով Ջմբրլախ գյուղի բնակիչ, չի կարողանում հասկանալ՝ որն է իսկական արվեստը,-ասել է ռեժիսորը՝ ընդգծելով, որ մեզ մոտ արվեստը գնահատելու, իսկապես ճաշակ ունենալու քաղաքակրթությունը շատ թույլ է:

ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն էլ ասել է, որ Թատրոնի միջազգային օրը միակ տոնն է, որն ինքը շատ է սիրում, լիարժեք ընդունում է, իրեն լավ է զգում, որ այդ օրը նվիրված է դերասաններին, և բոլորի ուշադրությունը սևեռված է իրենց վրա.

-Թատրոններում նկատել եմ շնորհալիներին մի կողմ դնելու միտում, իսկ այն մարդիկ, ովքեր ոչինչ են, այդ ոչնչից դարձնում են դեմք, բայց ինչո՞ւ,-ասել է դերասանուհին՝ ընդգծելով, որ ինքն աշխատում է երկու թատրոնում և նկատել է, որ ինչքան ժողովուրդը պակասում է, այնքան թատրոնները լցվում են՝ միաժամանակ հավելելով, որ մեր ժողովրդին պետք են որակյալ գործեր:

Դերասան Գագիկ Մադոյանն էլ նշել է, որ իր համար ոչ միայն այդ օրն է տոն, այլ նաև այն բոլոր օրերը, երբ ինքը բեմում խաղում է, և հանդիսատեսը գոհ է լինում:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը