Լրահոս

25.03.2016 16:00


Ազգագրագետ. «Ձուն յուրատեսակ միկրոտիեզերք է»

Ազգագրագետ. «Ձուն յուրատեսակ միկրոտիեզերք է»

Այս տարի Զատկի տոնը նշվում է մարտի 27-ին: Տոնին ընդառաջ՝ Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն անդրադարձել է Զատկի խորհրդին և ավանդույթներին: Ըստ ազգագրագետի՝ Սուրբ Հարության տոնի խորհրդում կան արխաիկ, հնագույն մշակույթի դրսևորումներ:

–Սա հարության, բնության զարթոնքի և գարնան ավետիսի տոն է, որտեղ հետաքրքիր և բնականոն կերպով միախառնված են հնագույն քրիստոնեական հավատալիքի դրսևորումները,-ասել է Սվետլանա Պողոսյանը:

Նա անդրադարձել է Զատկի գլխավոր կերակրատեսակի՝ ձվի գաղափարին և խորհրդին: Մասնագետը պատմել է, որ տոնի ընթացքում անցկացվում են ձվախաղեր, որոնք բոլոր պատմաազգագրական մարզերում տարբեր ձևով են իրականացվում: Նա, ով հաղթում էր խաղի ընթացքում որոշակի իշխանություն էր ձեռք բերում դիմացինի նկատմամբ:

Ձուն մի յուրատեսակ միկրոտիեզերք է, որը ներկում են սոխի կեղևի օգնությամբ: Այս գործընթացը բազմաթիվ ժողովրդական գիտելիքներ և հմտություններ է պարունակում: Ինչպես գիտենք, կարմիրն արյան, կրակի, մաքրագործման խորհուրդն է, իսկ տվյալ պարագայում բնութագրվում է որպես Հիսուսի արյուն: Սակայն այժմ ներկում են նաև գունավոր ներկերով, բայց ավանդակարգը պահպանելը վատ չէր լինի, քանի որ բնական ներկանյութերի կիրառումը յուրահատուկ համ է հաղորդում հավկիթին,-նշել է ազգագրագետը:

Սվետլանա Պողոսյանը մեկնաբանել է նաև փոքրիկ արտ հիշեցնող ցորենի ծիլերը, որոնց իմաստը երկրագործական տարին բարեբեր դարձնելն է։

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը