Մեկնաբանություն

30.03.2016 15:00


Սարգսյանի տուրիստական այցերը

Սարգսյանի տուրիստական այցերը

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն օվկիանոսը կտրում եւ հասնում է ամերիկյան մայրցամաք, Հայաստանում ապրողները (ավելի ճիշտ՝ ֆեյսբուքահայության մեծ մասը) հերթական «հուսախաբությունն» են ապրում: Դարձյալ Սպիտակ տունը նրա առջեւ դռները չբացեց: Դե, մի քիչ «ողբում» են, հետո հեգնում եւ այդպես շարունակ:

Ասում են՝ արդեն յոթերորդ անգամ է Սերժ Սարգսյանը մեկնում Ամերիկա:

Ճիշտն ասած, ուշադրություն չեմ դարձրել: Միայն նկատել եմ, որ այդ կողմերում նա բացառապես զբաղված է եղել ավանդական կուսակցությունների գրասենյակներ, հայկական եկեղեցիներ, գրադարաններ ու թանգարաններ այցելելով (Մայր աթոռի քարտուղարներից մեկը, որ վերջին տարիներին արտագաղթել է ու հիմա Ֆրանսիայում իր խոհարարական հմտություններն է օգտագործում, ինձ նամակով հայտնեց, որ հայ ազգի «գլխավոր տոռմուզները դարեր շարունակ երկու ուժ են եղել՝ դաշնակներն ու հայ հոգեւորականությունը». այնպես որ, հե՛չ պատահական չէ հայրենիքի ու ժողովրդի զարգացումը «տոռմուզած» ՀՀԿ ղեկավարի ուշադրությունը նշված կառույցներին աշխարհի բոլոր ծագերում):

Մի խոսքով, լրիվ տուրիստական բնույթի այցեր: Բայց թե ինչու են այդ այցերն ամեն անգամ անվանում աշխատանքային, մեղմ ասած, տարօրինակ է:

Եվ ուշագրավն այն է, որ նա իր հերթական այցի ժամանակ ընտրում է «հայաշատ» այնպիսի քաղաքներ ու հանդիպում տեղի հայության հետ, որտեղ «Հայկական աշխարհը» չի կառուցվել: Այսինքն՝ մեկնում ու հանդիպումներ է ունենում այն համայնքների հետ, որոնք իր իշխանության զոհը չեն (չեմ խոսում արդեն դահլիճերում ընտրովի «մասսայի» մասին, որոնք ամեն անգամ ՀՀԿ ղեկավարի «հայրենասիրական» սրտաճմլիկ ելույթներն են լսում): Ասենք, Բոստոն կամ Ուոթերթաուն (ավելի վաղ՝ Նյու-Յորք ու Վաշինգտոն եւ այլն):

Զարմանալիորեն, Սերժ Սարգսյանը ժամանակին «թունդ ընդդիմադիր» Յուրիկ Վարդանյանի դրսեւորման վայր չի այցելում (Լոս-Անջելես), որտեղից միայն Յուրիկը վերադարձավ, իսկ 2008-ից հետո տարեցտարի Լոսի համայնքը բազմապատկվեց (հիմա ամենապատկառելի «Հայկական աշխարհը» այնտեղ է կառուցվել. ականջդ կանչի, Սարգսյանի սիրելի մյուս Սարգսյան …Տիգրան):

Չի այցելում, բայց ամեն այցից առաջ Լոսից աղաղակում են, թե ե՞րբ է տեղ հասնելու, որ…. (իբր, իրենց դահլիճ են թողնելու, իրենք էլ ուզում են նախապես իմանալ, որ տեսնելուց առնվազն մի լա՛վ շշպռեն ու անպատվեն Ս.Սարգսյանին):

Կարճ ասած, ՀՀԿ ղեկավարը գիտի՝ որ կողմերը գնալ: Դե լավ, սա էլ համարենք ՀՀԿ ղեկավարի նախընտրությունների շարքից (ինչն իր դեպքում, հայերեն ասած, մանր խորամանկություն է նշանակում):

Այնուհանդերձ, «բարդ» է հասկանալը, թե ինչու է արդեն յոթերորդ անգամ նրան արհամարհում Սպիտակ տունը, որի ղեկավարն այդպես էլ համառորեն չի ցանկանում նկատել Սերժ Սարգսյանի այցը:

Ախր, նախագահության «ջահել» շրջանում, ասենք, մինչեւ 2012 թվականը, «նախաձեռնողական» Սարգսյանի բոլոր գաղափարները (հատկապես հայ-թուրքական արձանագրություները ինքնամոռաց ստորագրելու «պատմական» դիպվածը կամ եվրաասոցացվելու ցանկությունը) պետք է որ Սպիտակ տան կողմից ողջունվեր: Սակայն մինչ 2013-ը Սարգսյանն առնվազն երեք անգամ «աշխատանքային» այցով մեկնել է ԱՄՆ, բայց ավաղ, անգամ բուռն «նախաձեռնողականության» փուլում Սպիտակ տունն անտեսել է նրան ու իր դռները չի բացել ՀՀԿ ղեկավարի առջեւ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը