Տնտեսական

31.03.2016 15:25


Լևոն Յոլյանը չգիտի, թե որքան գազ է ներկրվելու Իրանից, և ինչ գնով

Լևոն Յոլյանը չգիտի, թե որքան գազ է ներկրվելու Իրանից, և ինչ գնով
Իրանին սահմանամերձ երկու համայնքներում՝ Ագարակում և Մեղրիում, գազի բաշխման ցանց է կառուցվում: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի միջոցով, որը պայմանավորված է 2011 թվականին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Հարցին, թե բաշխիչ ցանցի կառուցումն ինչու է վերահսկվում ռուսական ընկերության կողմից, նախարարը պատասխանել է, որ պարզապես «Գազարդ Հայաստանը» միակ մասնագիտական կառույցն է, որը հայկական կողմից կվերահսկի տեխնիկական կատարման մակարդակը:
Հարցին, թե տարեկան քանի խմ գազ կներկրվի Իրանից այդ երկու համայնքների սպառման համար, նախարարը պատասխան չուներ.
«Թող ծրագիրն իրակականա, սպառումը ցույց կտա, թե որքան գազ է սպառվում երկու համայնքների համար»:
Իրանական գազի գնի վերաբերյալ հարցին ևս նախարարը պատասխան չուներ.

«Շինարարությունը ավարտվի… դուք տեսնում եք՝ ամեն ինչ դինամիկ պրոցեսի մեջ է և՛ ռուսական կողմի հետ, և՛ Իրանի հետ, դուք ինձնից կանխատեսումներ եք ուզում»:
Դիտարկամանը, թե ոչ թե կանխատեսման մասին է հարցը, այլ նախահաշվարկների, Յոլյանն ասել է. «Նորից բացատրեմ, որ երկու համայնքների համար գազի բաշխիչ ցանցի է կառուցվում»:
Հարցին, թե արդյոք նախահաշվարկ չի՞ արվել, թե ինչ հզորոթյան բաշխիչ ցանց է, որքա՞ն գազ է սպառվելու, որքա՞ն է կազմելու գազի սակագինը, նախարարը, ըստ էության, պատասխան չուներ. «Նույնը հարցը չորրորդ անգամ տալիս եք, հասնենք բնակչին, այդ դեպքում…»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ թանկ սակագին է սահմանվում, ինչի հետ բնակիչը համամիտ չէ, նախարարը հարցրեց. «Մինչև հիմա առանց գազի ինքը ի՞նչ է անում»:
Անդրադառնալով գազի սակագնի՝ 10 դրամով նվազմանը, նախարարն ասաց, որ իրեն նման բան չեն ասել:
Դիտարկմանը, թե Հայաստանը խեղճանում է, և միջազգային շուկայում գազի և նավթի սակագների նվազեցմանը զուգահեռ՝ պահանջներ չի ներկայացնում ռուսական կողմին, Յոլյանը չհամաձայնեց.
«Ինչո՞վ է խեղճանում Հայաստանը: Հայաստանը բանակացային կողմ է այդ դաշտում, ինչո՞ւ է խեղճանում, ես խեղճացող չեմ. անգամ ձեր առաջ չեմ խեղճանում»
Հարցին, թե գազի սակագինը ռուսական ռուբլով վճարելու տարբերակը քննարկվո՞ւմ է, Յոլյանը հորդորեց համբերել։

Ինչ վերաբերում է «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպմանը, նախարարն ասաց, որ տեղի է ունեցել «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված անձանց հետ հանդիպում, որի ընթացքում ինքը «Նաիրիտի» աշխատակիցներին խնդրել է տեղեկացնել այն կազմակերպությունների մասին, որոնց կարող են դիմել «Նաիրիտի» հարցով.

«Իրենց իրավունք է տրվել անձամբ կապի մեջ մտնել պոտենցիալ ներդրողի հետ: Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ խնդիրները կլուծվեն իմ ցանկությամբ և իմ կանխատեսմամբ»:


«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը