Մեկնաբանություն

31.03.2016 21:15


Ո՞ր լսարանի համար է խոսում Սարգսյանը

Ո՞ր լսարանի համար է խոսում Սարգսյանը

Ամերիկաներում ու եվրոպաներում հայկական իրականության հետ աղերսներ չունեցող, չափազանցված գնահատականներով հագեցած, առավելապես հեքիաթի ժանրին պատկանող ելույթներով ու դասախոսություններով հանդես եկող Սերժ Սարգսյանի «նախաձեռնությունները» վկայում են այն մասին, որ նա սեփական հայրենիքում վաղուց լսարան չունի:

Օտար ականջին խաբելը դեռ ստացվում է: Դեռ: Իսկ Հայաստանում մարդիկ այդ տեքստերը վաղուց անլուրջ են համարել եւ անուշադրության են մատնում:

Եվրոպական, ամերիկյան կամ ռուսական քաղաքներում «մեծն բարեփոխիչ» ներկայացող ՀՀԿ ղեկավարի (որին, պարզվում է 8 տարի խանգարում է հանրության անհավատությունը իր «ազգափրկիչ» ձեռնարկների հանդեպ)՝ փքուն ու ճոռոմ ելույթների ու դասախոսությունների բովանդակությունը մի վայրկյանում փլվում է, երբ, ասենք, Հայաստան է այցելում Ֆրանսիայի նախագահ Օլանդը, որի ներկայությունը կոնկրետ վայրում «արժանավայել» կազմակերպելու համար փլվող շենքերը քողարկվում են թատերական դեկորացիաներով: Կամ՝ երբ, ասենք, Պուտինն է այցելում Գյումրի, որտեղ իշխանությունն ավելի ճոխ դեկորացիաներով է ներկայանում օտար պետության ղեկավարին:

Նման խայտառակ դրսեւորումները բավարար են, որպեսզի Սերժ Սարգսյանը դրսերում չներկայանա իբրեւ «մեծն բարեփոխիչ»: Շատ ծիծաղելի է: Դրան կարող են հավատալ կամ ձեւացնել, որ հավատում են ավադնական կուսակցությունների ղեկավար կազմի անդամները եւ նաեւ հայ կղերականությունը, որոնք իրենց կենտրոններում եւ եկեղեցիներում ընդունում են նրան (դե, քաղաքական փայաբաժնի ակնկալիքով):

Հայաստանի տնտեսական ոլորտում իբր կատարվող «հետեւողական քայլերի» մասին ՀՀԿ ղեկավարն ընդհանրապես պետք է լռի ու այդ մասին սփյուռքում չբարձրաձայնի: Քանզի՝ այստեղ ցանկացած տաքսու վարորդ կարող է հերթով նշել, թե քանի սիրիահայի է հասցրել օդանավակայան, որ փախչեն Հայաստանից:

Պատերազմող երկրից հայրենիք վերադարձած սիրիահայության մեծ մասն անգամ մեկ տարի չդիմացավ այստեղ: Փախավ: Մազապուրծ եղածի պես: Նրանցից ով բիզնես դրեց, հայերեն ասած՝ «տակ տվեց» եւ եղած-չեղածն առավ ու փախավ հայրենիքից: Սիրիահայության ներուժն անգամ չկարողացավ այս իշխանությունը պահել եւ օգտագործել ի շահ Հայաստանի:

Ուրեմն՝ այդ ի՞նչ «հետեւողական քայլերի» մասին է խոսքը: Այդ ո՞ր սփյուռքահայը կարող է հավատալ նման ճառերի՝ տեսնելով սիրիահայության փախուստը հայրենիքից (չհաշված, բուն հայաստանաբնակների 300 հազարանոց արտագաղթյալների բանակը):

Սերժ Սարգսյանին թվում է, թե օվկիանոսի այն կողմից կամ Եվրոպայից Հայաստանն այնքա՜ն հեռու է, որ մարդիկ ոչինչ չեն կարողանա տեսնել: Ուրեմն՝ կարելի է եւ պետք է ուզածի չափ փչե՜լ փչե՜լ, փչե՜լ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը