Մեկնաբանություն

10.04.2016 12:15


Ով ուտի Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները, ում հրաժարականը պահանջեն

Ով ուտի Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները, ում հրաժարականը պահանջեն

Այն հարցում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության և նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեությունն արժանի է քննադատության, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ընդ որում՝ քննադատությունը մեղմ ձևակերպում է: Մենք ավելի անդեմ ու անբովանդակ արտգործնախարար, թերևս, չենք ունեցել:

Նալբանդյանը նախարար դառնալու առաջին օրվանից իր տեղում չէ, ճիշտ այնպես, ինչպես շատերը: Բայց այնպես չէ, որ արտգործնախարարության աշխատանքը վատն է, իսկ ահա մյուս կառույցներինը՝ լավը: Եվ ուրեմն, չի կարելի այս օրերին «քլնգել» միայն արտգործնախարարությանն ու մոռանալ մյուսներին (հատկապես «սլանյոնոկին»):

Նալբանդյան Էդվարդը համարյա ոչնչով չի տարբերվում մյուս պաշտոնյաներից, որոնք կատարողներ են: Սերժ Սարգսյանի ղեկավարման ներքո՝ գրեթե բոլորն էլ նալբանդյաններ են, այն է՝ մեխի գլուխներ: Այդ մարդիկ կարող են երկրին օգուտ տալ, եթե փոխվեն կառավարման փիլիսոփայությունը և խաղի կանոնը:

Ներկայիս պայմաններում եթե նույնիսկ Թալեյրանի տիպի մեկին էլ նստեցնենք արտգործնախարարության շենքում, ապա, միևնույն է, մեծ հաշվով, բան չի փոխվելու, քանզի «նախաձեռնողականության» պարագայում արդյունքները միշտ վատն են լինում: Կարող է ձևը փոխվել, բայց ոչ բովանդակությունը:

Նալբանդյան Էդվարդին պետք է հեռացնել աշխատանքից, բայց դրանով Հայաստանի խնդիրները չեն լուծվելու: Խնդիրները համակարգային են:

Արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն ուրիշ մարդ է: Բ26-ում նստողը:

Այս օրերին դրսից ստացած մեր հարվածների ու դրսում տարիներ շարունակ կրած մեր պարտությունների համար Նալբանդյանին մեղադրելն առնվազն անտեղյակություն է: Նալբանդյանն ընդամենը թշիկ դեմ տվող է:

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:

Երբ տնտեսությունը փլուզվում է, և տեղի է ունենում հսկայական արտագաղթ, ապա արտգործնախարարը կարող է լավ կամ վատ խոսել այս կամ այն օտար լեզվով, կարող է մեխի գլուխ լինել կամ չլինել, սակայն դրանից մեր արտաքին քաղաքականությունը լավը չի դառնա:

Երբ նախորդ դարի 90-ականների սկզբում մերոնք Ղարաբաղում պարտություններ էին կրում, մեզ արհամարհում էին դրսում: Իսկ երբ ռազմի դաշտում դրության տերը դարձանք ու սկսեցինք ազատագրական մարտեր մղել, բոլորը սկսեցին մեզ հարգել ու հաշվի նստել Հայաստանի ու Ղարաբաղի հետ:

Երբ 1993-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը դիմում էր ԼՂՀ ՊԲ հրամանատարին ու զինադադար խնդրում, դա ոչ թե մեր արտգործնախարարության շնորհիվ էր, այլ մեր բանակի: Արտգործնախարարությունն արդեն դրանից հետո էր գործի անցնում: Ու եթե նույնիսկ չանցներ էլ, ապա, միևնույն է, բանակն իրենն արել էր, և դիվանագիտության ոլորտում հաղթանակն ապահովված էր:

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններն ավելի առարկայական ցույց տվեցին, թե ինչպիսի ավերածությունների է հանգեցրել ներքին ու արտաքին «նախաձեռնողականությունը»:

Մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե նախաձեռնողական է բառիս լավ իմաստով, այլ բողոքական: 2008-ից սկսած՝ ՀՀ իշխանությունները բողոքում են:

Սկզբում բողոքեցին, որ թուրքերն իրենց «քցեցին» ու սահմանը չբացեցին: Հետո բողոքեցին, որ եվրաասոցացման շրջանակներում ԵՄ-ն մեզ դրել էր «կամ, կամ»-ի առաջ, ու Հայաստանը ստիպված եղավ մտնել Կրեմլի «պադվալ»:

Դրան հաջորդեցին այլ բողոքներ: Նազարբաևը Աստանայում հարձակվում է Ղարաբաղի վրա ու Ալիևի համար փաստաբանություն անում, ՀՀ իշխանությունները բերանները ջուր են առնում, հետո գալիս հասնում են Ծաղկաձոր ու բողոքում, թե բա՝ Նազարբաևի ասածները Ղարաբաղի մասով տհաճ էին, բայց դե, բիձեն ճիշտ է ասում, էլի, որ Ղարաբաղը իրավաբանորեն ու մեր մտքերում Հայաստանի հետ չէ:

Հիմա էլ բողոքում են, որ ՌԴ-ն զենք է վաճառել Ադրբեջանին (է՛հ, չթալանեիք, դուք էլ զենք առնեիք), իսկ վերջինս էլ ագրեսիվ է դարձել:

Երեկ էլ բողոքում էին համանախագահողներից, թե բա՝ մեզ լավ աչքով ինչո՞ւ չեք նայում:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը բողոքում է: Մերկելին տեսնում՝ Պուտինից է բողոքում: Պուտինին տեսնում՝ Մերկելից ու Օբամայից է բողոքում: Օբամային տեսնում՝ Էրդողանից ու Ալիևից է բողոքում: Միայն Գյուլին տեսնելու ժամանակ Սարգսյանը որևէ մեկից չէր բողոքում. Թուրքիայի նախկին նախագահի կինը համեղ քյաբաբներ է կարողանում պատրաստել:

Ու այս ամենի համար Նալբանդյան Էդվարդին մեղադրելը նույնն է, թե «Ֆուտբոլային» դիվանագիտության համար պահանջես Նալբանդյանի հրաժարականը (ով ուտի Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները, ում հրաժարականը պահանջեն):

Նկատենք, որ դրսերում և ամենուրեք մեղավորներ փնտրելն ու ներսի բուն խնդիրը չտեսնելը որոշ մարդկանց ու լրատվամիջոցների պարագայում ուղղորդված բնույթ է կրում:

Նալբանդյանի աթոռի պահով էլ որոշակի ուղղորդվածություն է նկատվում: Տեսնես՝ ո՞ւմ սիրտն է արտգործնախարարի աթոռի «միս» ուզում: Կարծում եմ՝ դժվար չէ կռահել:

Իշխանության նեոբոլշևիկյան թևի մոտ դիակների միջոցով և պղտոր ջրում ձուկ որսալու տարբերակով ներիշխանական խնդիրներ լուծելու հնարավորություն է ստեղծվել:

Մեր զինվորների մահն ուզում են «սպիսատ անել» Նալբանդյանի վրա, նրանից քավության նոխազ սարքել ու աթոռի հարց լուծել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը