Մեկնաբանություն

11.04.2016 01:46


Ինչի՞ մասին են լռում Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը

Ինչի՞ մասին են լռում Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը

Շաբաթ երեկոյան լուր տարածվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: Լուրն այդ, բնականաբար, շատ արագ դարձավ «թոփային»:

«Ֆեյսբուքից», այսպես ասած, ծուխ էր դուրս գալիս: Քլիքոմաններն էքստազի մեջ էին:

Ոմանք մտածեցին, որ նախկին ու գործող նախագահները, պատկերավոր ասած, Բաքուն գրավելու համատեղ ծրագիրն են քննարկել (ի դեպ, ադրբեջանական մամուլը դրական է գնահատում այդ հանդիպումը՝ շեշտելով, որ Տեր-Պետրոսյանը խոհեմ քաղաքական գործիչ է և հանձնելու կողմնակից, ու եթե Սարգսյանը նրան հանդիպել է, նշանակում է հակված է տերպետրոսյանական մոտեցումներին), մյուսները մի փոքր այլ բնույթի հուզական գնահատականներ տվեցին՝ «ազգային միասնության գետնին վրա», երրորդները կասկածեցին, որ հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցում մեր զիջումների հարցն է քննարկվել բավականին մոտ տեսակետներ ունեցող այդ երկուսի կողմից, չորրորդները կարծեցին, որ Ղարաբաղի թեման պատրվակ է եղել ներքաղաքական հարթության մեջ որոշակի կուլիսային պայմանավորվածությունների գնալու համար, հինգերորդները ...

Մի խոսքով, վարկածների պակաս չկա:

Պատճառն այն է, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշված է հանդիպման ձևի (հանդիպումը նախաձեռնել է ՀԱԿ առաջնորդը, ՀՀԿ ղեկավարն էլ ընդունել է հրավերն ու գնացել հրավիրողի տուն) և քննարկվող թեմայի մասին:

Ուշագրավն այն է, որ նույն այդ հաղորդագրության մեջ ասվում է Ղարաբաղի հարցով առաջացած մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին, բայց ՀՀ քաղաքացիներին չի փոխանցվում, թե ինչ է խոսվել: Մինչդեռ հակառակը պետք է լիներ:

Եթե ներազգային միասնության անհրաժեշտությունից է խոսվում, ապա գործընթացը պետք է լինի շատ թափանցիկ ու բաց: Բացի այդ՝ ներազգային համախմբման անհրաժեշտությունը ենթադրում է որևէ համատեղ հայտարարություն, ուղերձ կամ կոչ: Այլապես ստացվում է, որ հանդիպել են ոչ թե նախկին ու գործող նախագահները, այլ տեղի է ունեցել մասնավոր անձանց հանդիպում, և նրանք խոսել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ճիշտ այնպես, ինչպես ՀՀ շարքային քաղաքացիներն են հիմա իրար հանդիպելիս Ղարաբաղի մասին խոսում:

Եթե հիշում եք, սահմանադրական հանրաքվեին նախորդող շրջանում էլ երբ Սարգսյանը հանդիպումներ էր կազմակերպում «ընդդիմադիր» կուսակցությունների հետ, բովանդակային որևէ բան չէր փոխանցվում հանրությանը: Ընդամենը պաշտոնապես տեղեկացվում էր, որ խոսվել է սահմանադրական փոփոխությունների մասին: Սա՝ իմիջիայլոց:

Ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդը հանդիպում նախաձեռնել, և որն է նրա ակնկալիքը

Դե քանի որ ամեն ինչ առայժմ փակ է, և գերկարևոր այս հարցում Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը շփման կուլիսային տարբերակն են նախընտրում և հանրությունից գաղտնի են պահում, թե ինչ են խոսել, ուստի փորձենք մի շարք փաստեր և գործընթացներ համադրելով՝ ենթադրել, թե ինչ են նրանք քննարկել և ինչի շուրջ են համաձայնության եկել (կամ չեն եկել):

Նախ՝ հարկ է որպես հիմք ընդունել տարածված հաղորդագրությունը: Դավադրությունների տեսության գիրկը չարժե ընկնել: Ասել է թե՝ պետք է բացառել այն վարկածը, թե Ղարաբաղի թեման որպես պատրվակ ներկայացնելով՝ լրիվ այլ հարց է քննարկվել: Միանշանակ, Ղարաբաղի հարցն է քննարկվել: Այլ հարց է, թե ինչ «ռակուրսով» է քննարկվել:

Նաև պետք է ընդունել, որ եթե Տեր-Պետրոսյանն է նախաձեռնել հանդիպումը, ապա ինքն է ասելիք ունեցել: Ու քանի որ հանդիպումը շուրջ մեկ ժամ է տևել, նշանակում է, որ հիմնականում խոսել է Տեր-Պետրոսյանն ու իր տեսակետը ներկայացրել, իսկ Սարգսյանը հիմնականում լսողի դերում է եղել:

Իսկ թե կոնկրետ ինչ է խոսվել, կարելի է կռահել, ու դա, ի դեպ, դժվար չէ անել այն մարդկանց համար, ովքեր քաղաքականությամբ զբաղվում են ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե:

Մինչև այդ հանդիպման հետ կապված վարկած ներկայացնելը՝ մի քանի բան արձանագրենք.

1.Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ից հետո բազմիցս է հրապարակավ դիմել Սերժ Սարգսյանին՝ երկխոսելու առաջարկով, սակայն միշտ մերժվել է: Անգամ Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների պատմության բարձրաձայնումը չստիպեցին Սարգսյանին ընդառաջ գնալ Տեր-Պետրոսյանի առաջարկներին: Պատճառն այն էր, որ ՀՀԿ ղեկավարն իրեն ուժեղ էր զգում և համոզված էր, որ նախագահի աթոռին բան չի սպառնում:

Ուշագրավ մեկ հանգամանք. Տեր-Պետրոսյանի առաջարկները և դիմումներն առ Սերժ Սարգսյան միշտ հրապարակավ են եղել, իսկ հիմա առաջարկը կատարվել է փակ տարբերակով, որին էլ հաջորդել է Սարգսյանի համաձայնությունը: Հանրությունը տեղեկացել է արդեն բուն հանդիպման մասին հանդիպումից հետո, այսինքն՝ մինչ այդ կողմերը հանդիպման մասին պայմանավորվել են ոչ հրապարակային տարբերակով, և քննարկվելիք թեման էլ է գաղտնի պահվել մինչև հանդիպման ավարտը, հանդիպումից հետո էլ ոչ մի կոնկրետ խոսք չի հնչել (ներազգային միասնության գնալու փայլուն տարբերակ):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը բաց նամակով հանդիպում խնդրեց Սերժ Սարգսյանից՝ իր իսկ ձևակերպմամբ՝ համազգային նշանակության կարևորագույն հարց քննարկելու համար:

Նամակում այդ մանրամասն նշվում էր, թե ինչի շուրջ է լինելու խոսակցությունը, ինչից է դժգոհ առաջին նախագահը, ինչ է առաջարկվում, ովքեր կարող են լինել հանդիպման մասնակիցները և այլն:

Ֆորմալ առումով այդ նամակը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, բայց հրապարակվել էր այնպիսի իրավիճակում, որ բոլորին հետաքրքիր էր նամակի ներքաղաքական ենթատեքստը, քան տեքստը:

Սարգսյանը, ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի խնդրանքը մերժեց, և հանդիպումը տեղի չունեցավ: Մերժեց, քանզի նրան, ներքաղաքական հայտնի պատճառներով, բավարարել էր նամակի հրապարակման փաստը:

Ըստ ամենայնի՝ Տեր-Պետրոսյանին էլ էր բավարարել նամակի հրապարակման փաստը: Իսկ թե ինչ շահեցին դրանից մեր հանրությունն ու պետությունը, հայտնի չէ:

Ի դեպ, նամակում այդ Տեր-Պետրոսյանը հայտնել էր, որ նմանատիպ մի անակնկալ էլ կմատուցի Ղարաբաղի հարցի հետ կապված: Նկատենք, սակայն, որ այս անգամ այդ անակնկալը մի փոքր տարբերվում է նախորդից, քանզի նախորդ անգամ եղան հանդիպելու բաց առաջարկ և չկայացած հանդիպում, իսկ այս անգամ ունենք հանդիպելու փակ առաջարկ և հանդիպման կայացում: Նշանակում է, որ առնվազն Սարգսյանին պետք է եղել այդ հանդիպումը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարը շատ ծանր դրության մեջ է հայտնվել՝ իր հետ ծանր դրության մեջ դնելով նաև ՀՀ ու ԼՂՀ անվտանգությունը: Սարգսյանը լավ կյանքից չէ, որ ընդունել է Տեր-Պետրոսյանի առաջարկը, և դա հնարավոր չէ չնկատել:

2.Փորձը ցույց է տալիս, որ Սարգսյանը համաձայնում է, այսպես ասած, երկխոսության, երբ թույլ է լինում: Հիմա նա, իրոք, թույլ է, քանզի հայտնվել է բազմակի ճնշումների տակ և՛ ներսից, և՛ դրսից: Տեր-Պետրոսյանը չէր կարող դա չնկատել: Նկատել է և հաշվել, որ Սարգսյանը չի մերժի իր՝ հանդիպում կազմակերպելու և զրուցելու առաջարկը:

3.Չորսօրյա պատերազմին հաջորդեցին մի շարք պաշտոնական հայտարարություններ Ղարաբաղի խնդրի լուծման թեմայով: ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ սեղանի վրա կազանյան փաստաթուղթն է (այն ենթադրում է հայկական կողմի միակողմանի զիջումներ՝ վիրտուալ օգուտների ակնկալիքով), Սարգսյանը դեմ չարտահայտվեց խաղաղապահների մուտքին, ՀԱԿ ներկայացուցիչը կողմ արտահայտվեց Ղարաբաղի խնդրի լուծման շրջանակներում խաղաղապահների տեղակայմանը՝ հիմնավորելով, որ տարածքները զիջելուց հետո ավելի լավ է՝ խաղաղապահներ հայտնվեն այդտեղ, այլ ոչ թե ադրբեջանական զորք:

4.ՀԱԿ-ին պատկանող կամ Տեր-Պետրոսյանի գաղափարաքաղաքական գծին համակրող լրատվամիջոցները և անհատները վերջին օրերին ակտիվորեն տարածում են 1997-98թթ. հնչեցված տերպետրոսյանական տեսակետները, որոնց հիմքում Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակն է, որը նախատեսում է նաև տարածքների հանձնում և խաղաղապահների մուտք տարածաշրջան:

5.Հիշենք նաև, որ Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարախոսության հիմքում հետևյալ բանաձևն է. «Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Այս մասին ՀԱԿ առաջնորդը խոսել է միշտ:

. . .

Եթե վերը նշվածի համապատկերին Սերժ Սարգսյանը համաձայնում է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղի խնդրի լուծման հարցում նա չի բացառում փուլային տարբերակին գնալը, ինչն աղետ էր 1997-ին էլ, 1998-ին էլ, հիմա էլ:

Իսկ այն, որ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը Սարգսյանին հենց Ղարաբաղի բանակցություններում զիջումների գնալու հարցում է աջակցություն խոստացել իր գաղափարական կոդի շրջանակներում, գրեթե կասկած չի հարուցում: Հակառակ դեպքում նրա շրջապատն ինտենսիվորեն չէր տարածի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, առաջին նախագահի հրաժարականի տեքստն ու Ղարաբաղի հարցով 1997-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում նրա հնչեցրած ելույթը: Դա ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը հետևողական է իր մոտեցման մեջ ու կարծում է, որ Ղարաբաղի հարցում մենք պետք է գնանք փուլային հանձնումների տարբերակով, իսկ թե ինչ է այդ դեպքում փոխզիջում Ադրբեջանը, հայտնի չէ: Ավելի ճիշտ՝ հայտնի է, թե ինչ է ծրագրում դրանից հետո անել թուրք-ադրբեջանական ալյանսը: Ու թող որևէ պատրանք չլինի, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, և կարող ենք «Սերգո ջանին» լավ ապրեցնել Ղարաբաղում զիջումների գնալուց հետո:

Ինչպես օրերս կրկին տեսանք, միջազգային հանրությունն արյունահեղությանն ըմբռնումով է մոտենում, հատկապես երբ իր շահն է տեսնում այդ արյունահեղության մեջ:

Իսկ այն, որ ստատուս քվոյի պահպանման կամ Ղարաբաղի անկախության հարցում մենք հիմա դաշնակիցներ չունենք, դա մեր, այլ ոչ թե դաշնակիցների խնդիրն է: Դաշնակիցներ ունենում են ողնաշար ունեցող պետությունները և զարգացող հասարակությունները, այլ ոչ թե ուզվորները և թշվառները:

«Ֆուտբոլային» հանդիպում

Հարկ է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը հետևողական է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր տարբերակն առաջ տանելու հարցում: Դա էր պատճառը, որ նա ամեն կերպ աջակցեց տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությանը և անգամ հանրահավաքային դադար վերցրեց հետմարտիմեկյան փուլում:

Հիմա էլ, ահա, եկել է Ղարաբաղի հարցում Սարգսյանին աջակցելու փուլը: Ավելի ճիշտ՝ աջակցություն առաջարկելու փուլը:

Տեր-Պետրոսյանն, ըստ ամենայնի, ակնկալում է, որ Սարգսյաննն այնպիսի միջազգային ճնշումների տակ է, որ կընդունի իր առաջարկները, և իրենք համատեղ կգործեն նաև ներքաղաքական դաշտում: «Ղարաբաղում զիջումներին աջակցելու դիմաց քաղաքական գործընկերություն». սա է Սերժ Սարգսյանին Տեր-Պետրոսյանի առաջարկի էությունը:

Եթե մեր այս վարկածը ճիշտ չէ, և շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպումը լրիվ այլ հարթության մեջ է եղել, ու լրիվ այլ տիպի հարցեր են քննարկվել (օրինակ՝ ինչպես կազմակերպել Ղարաբաղի պաշտպանությունը, ինչպես ազգովի դիմագրավել Ղարաբաղը հանձնելու միջնորդ գերտերությունների ճնշումներին, ինչպես կարողանալ ՌԴ-ից կամ այլ երկրից համապատասխան զինատեսակներ ձեռք բերել, ինչպես երկրում փոխել տնտեսաքաղաքական հարաբերությունները՝ ելնելով վերջին օրերին ամբողջությամբ փոխված հայաստանյան իրողություններից ու հանրային տրամադրություններից և այլն, և այլն, և այլն), ապա թող հանդիպման մասնակիցները բացեն փակագծերը և հանրությանը տեղեկացնեն, թե ինչ են խոսել: Թե չէ, այդպես չի լինում ներազգային միասնություն: Այդպես ստացվում է, որ երկու մարդ պարզապես ինչ–որ բան են խոսել: Ընդ որում՝ այնպիսի բան, որ չեն կարող թաքուն չպահել:

Մեր առաջ քաշած վարկածը ենթադրություն է, բայց հիմնավոր ենթադրություն: Փաստերի և վերլուծությունների համադրման արդյունքում արված ենթադրություն:

Դատելով այն հանգամանքից, որ Բ26-ին կից «անկախ» լրատվամիջոցները դեռ արտահոսք չեն կազմակերպել հանդիպումից՝ նշանակում է՝ Սարգսյանը դեռ որոշում չունի Տեր-Պետրոսյանի ասածների և առաջարկներին մասով: Հենց ունենա, դա մամուլով կզգացվի:

Եթե Սարգսյանը համաձայնի Տեր-Պետրոսյանի ասածներին, ապա երկուսն էլ կսկսեն բացվել: Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանը հրապարակավ, իսկ Սարգսյանը՝ «տակից», այն է՝ քարոզչամեքենան գործի դնելով (ամեն մեկն իր ոճով): Իսկ եթե Սարգսյանն ընդառաջ չգնա Տեր-Պետրոսյանի առաջարկներին, այսինքն՝ որոշում չկայացնի փուլային տարբերակով Ղարաբաղի հարցը լուծելու մասով, ապա այդ հանդիպումից կմնա միայն ֆեյսբուքյան կարտաճամկետ էյֆորիան: Կողմերը կլռեն, ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվի հանրությանն, ու շատ չանցած՝ բոլորը կմոռանան, որ նման հանդիպում է տեղի ունեցել ներազգային միասնության թեմայով: Ճիշտ այնպես, ինչպես անցած տարվա փետրվարի «անակնկալ» նամակի մասին հիմա քչերն են հիշում:

Ինչ մնում է հանրությանը, ապա անկախ այն հանգամանքից, թե ինչ կասեն այս կամ այն կազմակերպությունները կամ մասնավոր անձիք, և ինչ կանեն նրանք, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների: Մեր անվտանգությունը մեր ձեռքերում է:

Մեզ մեծ համախմբում է պետք: Խոսքս ժողովրդական համախմբման մասին է:

Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քաղաքական վերնախավի լուրջ փոփոխության կարիք կա: Փաթեթային տարբերակով փոփոխություն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը