Լրահոս

18.04.2016 19:05


«Առավոտ էր, նոր էինք արթնացել, այդ պահին զենք չունեինք. սկսեցին ռմբակոծել»

«Առավոտ էր, նոր էինք արթնացել, այդ պահին զենք չունեինք. սկսեցին ռմբակոծել»

-Լավագույն ձևով պայքարել ենք, և վստահ կարող եմ ասել, որ հաղթել ենք: Մեր ժամկետային զինծառայողները շա՛տ ապրեն. վագր տղերք ունենք առաջնագծում, ես իրանց ցավը տանեմ,-այսօր «Մուրացանի» զինվորական հոսպիտալում «Vesti.am» հետ զրույցում նշեց պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանը:

Վաչագանը վիրավորվել է Ջաբրայիլում ապրիլի 3-ի լուսաբացին: Ստացել է, մասնավորապես, բեկորային վնասվածք թիկունքից, թոքերի վիրավորում:

–Ապրիլի 3-ն ինձ սովորեցրել է, որ մեր թշնամուց խաղաղություն չպետք է խնդրենք, այլ պետք է պարտադրե՛նք՝ ուժով, կամքով: Դրանց ներել չի կարելի: Միայն ճնշման ուժով կարող ենք մեր խաղաղությունը պաշտպանել: Թշնամին հասկացավ, որ նույնիսկ հանկարծակի հարձակվելով ոչինչ չի կարող անել՝ նույնիսկ բոլոր հնարավորությունները ներդնելով մեր դեմ,-մարտականորեն տրամադրված պատմում էր Վաչագանը:

Նա նաև հավելեց, որ փամփուշտների շուտ վերջանալու մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է:

–Մենք ռազմամթերքի պակաս չենք ունեցել, ամեն ինչ եղել է տեղը տեղին և ճիշտ: Ես ինքս անձամբ առաջնագծում եմ եղել թեժ պահին, և ռազմամթերքի պակաս չի զգացվել, կարևորը մարտական ոգին էր, իսկ դա բարձր էր,-ասել է զինծառայողը:

Արսեն Մարգարյանն էլ վիրավորվել է ապրիլի 2-ին Թալիշում: Արսենը ծառայում է Երևանի հատուկ նշանակության ջոկատում: Զինվորը պատմում է, որ Թալիշի վրա դիվերսիոն հարձակում է կատարվել հակառակորդի շուրջ 40–հոգանոց խմբով:

-Այդ պահին մենք պարեկություն էինք անում գյուղում, ու կրակոցներ լսվեցին: Հակառակորդը չգիտեր, որ մենք այնտեղ էինք, պատահական մեզ հանդիպեցին, և շատ լավ եղավ, որ մեզ հանդիպեցին, թե չէ ավելի վատ բաներ կարող էին լինել: 40 զինված ադրբեջանցի Թալիշում վտանգ էր և՛ խաղաղ բնակիչների, և՛ զորամասի համար: Դեմ–դիմաց կռվում էինք,-նշեց Արսենը:

Նա վկայում է՝ հակառակորդի կորուստները, միանշանակ, ավելի մեծ են եղել: Այդ պահին նրա հետ մարտնչող տղաներից գրեթե ոչ ոքի ոչինչ չի եղել, միայն 2 հոգու ձեռքն է վիրավորվել: Արսենը հրազենային վիրավորում է ստացել դիմածնոտային հատվածում:

-Փամփուշտը մի կողմից մտել, մյուս կողմից դուրս է եկել, ծնոտս են վիրահատել, ոսկորի բեկորները թիթեղով հավաքել են,-պատմեց Արսենը:

Իսկ Դավիթ Անտոնյանը վիրավորվել է ապրիլի 2-ին Մատաղիսի զորամասում՝ ռմբակոծության ընթացքում:

-Առավոտ էր, նոր էինք արթնացել, այդ պահին զենք չունեինք: Սկսեցին ռմբակոծել, մեզնից մոտ 5-10մ հեռավորության վրա ընկավ ռումբը,-պատմում է Դավիթը:

Նրա ականջն է հիմնականում վնասվել և գլուխը: Զինվորը նշեց, որ ապաքինվելու է և մարտական ոգով վերադառնա ծառայության, իսկ վերջին դեպքերից հետո իր մեջ եղած վախն ընդհանրապես չքացել է:

Էդգար Մխիթարյանն 9 ամսվա շարքային ծառայող է: Վիրավորվել է Մարտակետում՝ մարտի 25-ի երեկոյան՝ հերթական դիվերսիոն հարձակման ընթացքում ստացել է հրազենային վնասվածք ոտքի հատվածում: Մարտակերտում վիրահատվելուց հետո Էդգարին տեղափոխել են Ստեփանակերտ, իսկ 2-3 օր անց՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ:

–Ոտքս արդեն փոքր ինչ ապաքինվում է, կարողանում եմ շարժել և քայլել, դեպի ապաքինում եմ գնում: Հարձակման ընթացքում, բախտի բերմամբ, վիրավորումը ստացա ոտքիս հատվածում: Դրանից հետո հակառակորդը հետ է շպրտվել: Այդ ժամանակ խրամատում էի, հեռվից էինք կրակում,-պատմեց Էդգարը:

Վազգեն Հարությունյանը ծառայում է Արարատի տարածաշրջանում: Շարքային զինվորը 14ամսվա ծառայող է: Նա վիրավորվել է ապրիլի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. «ԶԻԼ» մակնիշի մեքենան էր շրջվել:

-Շատ բաներ չեմ կարողանում հիշել, չեմ էլ փորձում: Ինչ էլ հիշում եմ՝ պետք է ասեմ, որ լավ ենք պրծել,-նշել է Վագենը:

Հեռացրել են Վազգենի փայծաղը, վնասվածքներ է ստացել նաև ձեռքի հատվածում: Վազգենը նշել է, որ ապաքինվելուց հետո շարունակելու է ծառայությունն ավելի հզոր ոգով:

Հակառակորդի ականանետի պայթյունից վնասվել են Էդուարդ Մարտիրոսյանի 2 ոտքերը, ձեռքերը, դեմքի շրջանում ստացել է բեկորային վնասվածքներ: Այժմ զինվորի առողջական վիճակը գնում է դեպի լավացում:

Իմ ընկերը հենց ինձ հետ է վիրավորվել, ես ինքս ընկեր չեմ կորցրել, բայց մեր շատ լավ տղերքն այսօր արդեն չկան, սակայն նրանց ծնողներին ուզում եմ ասել, որ իրենց երեխաների վրեժը մենք եռակի, քառակի անգամ հանել ենք,-ասաց նա:

Էդուարդը նշեց, որ ապաքինվելուն քիչ է մնացել, և շտապում է վերադառնալ մարտական դիրքեր՝ ընկերների և հրամկազմի կողքին լինելու համար:

-Բոլոր ընկերներիս, մեր ողջ զորամասին, ընդհանուր հրետանային դիվիզիային կոչ եմ անում, որ պինդ մնան, թող իմանան, որ ես իրենց հետ եմ,-ասաց նա:

Շարքային Սարգսյանը ծառայում է Հադրութում: Վիրավորվել է մարտի 30-ին մարտական դիրքերում:

–Վիրավորվելու ընթացքում գիտակցությունս տեղն է եղել, ինժեներական աշխատանքներ էինք կատարում, երբ հակառակորդը հանկածակի կրակ արձակեց: Իմ ստամոքսն է վիրավորվել, որովայնիս հատվածը,-ասաց շարքային Սարգսյանը:

Նա ընկերներին հորդորում է, որ իր մասին չմտածեն, չանհանգստանան, այլ կենտրոնանան իրենց ծառայության վրա:

Նույնիսկ այս ծանր պահերին հումորը մեր զինվորներին չի դավաճանում: Երբ ներս մտանք ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պալատներից մեկը, և զինվորներին հարցրեցինք, թե ինչպես են, 22-ամյա Թաթուլ Ծատրյանը կատակով պատասխանեց՝ նախանձելի: Ծանր վնասվածքներ է ստացել՝ թոքերն են վնասվել, ոտքը բեկոր է մտել, և թիակն է կոտրվել, բայց մարտական ոգին տեղն է:

Թաթուլը կամավորական է, հարձակման պահին եղել է Թալիշում:

–Ամեն ինչ հիշում եմ: Զինվորներին միացել եմ ամսի 2-ին, գնացածս օրվանից կռիվ էր, իսկ ես վիրավորվել եմ ամսի 6-ին: Կես մարդ ենք, բայց դե լավ ենք: Միակ ուզածս այն էր, որ դիմացինիս ոչնչացնեի, ինչի համար և գնացել էինք, և որոշ չափով էլ կարողացել ենք մեր ուզածն անել,-պատմում է Թաթուլը՝ հավելելով, որ իր ընկերներից ոմանք զոհվել են:

-Ողջ մնացածներին մաղթում եմ համբերություն, դեպի տուն, դեպի հաղթանակ: Մեր դեպքում ուրիշ ձև չի կարող լինել,-ասաց Թաթուլը:

Միքայել Սահակյանն 9 ամիս է՝ արդեն ծառայում է Ջաբրայիլում: Բեկորային վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում, որը ծակել էր թոքը: Հիմա արդեն իրեն լավ է զգում, ապաքինվում է:

-Հարձակման պահին զորամասում էի, մենք ավելի ուշ ենք բարձրացել՝ որպես օգնական ուժ՝ մեր դիրքերը ամրապնդելու նպատակով: Կյանքում չէի մտածի, որ մեր հետ նման բան կարող էր պատահել, երբեք չէինք մտածի, որ պատերազմ կտեսնենք,-անկեղծանում է Միքայելը:

Նա ևս ապաքինվելուց հետո կրկին անցնելու է ծառայության, ու նշում է՝ այժմ արդեն իրենք գիտեն, թե ինչ է պատերազմը. վախ այլևս չկա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը